Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Նոյեմբեր 17,2022 13:24
haytararagir

ՀՀ գործադիր մարմինն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին: Այն նախատեսում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ.

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ, հարկային գործակալի՝ գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները: Այդ հայտարարագիրը նախնական տեսքով, էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար լրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ, լրացումներ և հաստատելու է վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը»:

Նախագծով նախատեսվում է նաև խթանող միջոցներ՝ սոցիալական կրեդիտների միջոցով, որի շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված եւ հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ. «Փոխհատուցման շրջանակն ու չափերը կսահմանվեն կառավարության որոշմամբ»:

Ֆինանսների նախարարի խոսքով, առաջին տարվա համար հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, նաև այն քաղաքացիները, որոնք բաժնետեր են մի կազմակերպությունում, որի շրջանառությունը 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 մլրդ դրամը, նաև այն քաղաքացիները, որոնք 2023 թվականին ստացած կլինեն 20 մլն դրամ և ավելի փոխառություններ ու վարկեր: Հաջորդը, այն քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են մեր հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ, և վերջին խումբը արտերկրից եկամուտներ ստացողներն են:

Երկրորդ փուլի մեջ մտնում են, 2024 թվականի արդյունքներով, կամ այն մարդիկ, ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև 2025 թվականի ապրիլի 20-ը, այն քաղաքացիները, որոնք առաջին խմբի մեջ չեն, բայց հանդիսանում են վարձու աշխատողներ մասնավոր հատվածում, կամ պայմանագրերով իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացել են եկամուտներ:

2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնող երրորդ խմբում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերում չեն:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն, որն առաջին տարիներին հնարավոր է ավելի մեղմ կլինի:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930