«Մեկնաբանությունը, որ շրջանակային համաձայնագրի դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու, ես չեմ կիսում այդ մոտեցումը: Պետք է հասցեագրենք բոլոր խնդիրները: Վարչապետի խոսքն այն մասին էր, որ քանի որ դետալային հարցերի շուրջ դժվար է այս պահին Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը, հետեւաբար գործընթացները ձգձգվում են, ինչն իր հետ բերում է, ինչու չէ, էսկալացիայի ռիսկեր: Մենք նման առաջարկով ենք հանդես եկել, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ այս ճանապարհով գնալու ենք: Գիտենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետեւանքով վիժեցնում է գործընթացները: Խոսքը գնում է ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու, խնդիրները հասցեագրելու մասին, ինչի հիմքի վրա կկարողանանք առաջ շարժվել: Սա առաջարկ է, որը մեր կողմից է հնչեցվել, բայց կարմիր գծերը, ըստ էության ֆիքսված են: Մենք ասել ենք, որ 29 հազար 800 քկմ-ն մեզ համար կարմիր գիծ է, սուվերեն տարածքը կարմիր գիծ է, դա նշանակում է, որ այս պահին ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունն ընդունելու հիման վրա, որովհետեւ դետալացված պայմանագիր կնքելու դեպքում կարող ենք դժվարություններ ունենալ:
Հարցին՝ հայկական կողմն ինչո՞ւ չի բարձրացնում Նախիջեւանի հարցը, լրացուցիչ գործիքով դա կօժտեր հայկական կողմի դիրքերը ու իրավական առումով կզսպեր Ադրբեջանին, չէ՞ որ 100-ամյա պայմանագրի ժամկետը լրացել է ու դա հիմա չկարգավորված հարց է՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս պահին ՀՀ-ի առջեւ ավելի կարեւոր խնդիրներ կան՝ ԼՂ հայերի իրավունքների իրացման, ֆիզիկական անվտանգության հարցերը դեռ կան. «Մեզ համար թիվ մեկ խնդիրը սա է ու մենք շարժվում ենք մեր օրակարգով: Ձեր նշած հարցերի շրջանակը այս պահին քննարկման առարկա չի կարող լինել: Հիմա մեզ համար կան գերկարեւոր խնդիրներ, որոնցով մենք զբաղվում ենք»:
Իսկ ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հավելեց. «ՀՀ-ն պետք է շարժվի այն ուղղությամբ, որտեղ իրավական առումով մեր դիրքերը ուժեղ են, իսկ մեդիա միջոցներով շրջանառվում են փաստեր, որոնք իրականության հետ աղերս չունեն, չեն համընկնում: Իրավական առումով խնդրահարույց են: Եթե լինեն փաստաթղթեր, որոնք ձեր ասածը կապացուցեն իրավական առումով, իհարկե, կարող են քննարկման առարկա դառնալ, բայց ուղղակի այդպես մեդիա միջոցների մեջ նետված գաղափար, որը չունի փաստաթղթավորված ուժ, ես կարծում եմ պարզապես ժողովրդի հույզերի հետ խաղալու նման մի բան է»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Վրաստանում Խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությանը՝ Պապոյանն ասաց, որ դա շատ տեխնիկական հարց է ու կարեւոր չէ՝ Բրյուսելո՞ւմ կկնքվի, Թեհրանո՞ւմ, թե՞ Վրաստանում, կարեւորը՝ կնքվի ու դա կախված է Ադրբեջանի վարքագծից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ