Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը ակնհայտորեն գծագրված, հստակ նախանշված աշխատանքներ է իրականացնում, իրավիճակը տաքացնում է». Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 17,2022 12:42

Եթե պարեկային ոստիկանի բազային աշխատավարձը 270 հազարից է սկսում, իսկ պայմանագրային զինծառայողինը՝ 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է պատահում, որ այն ծառայությունը, որն իրականացվում է պատերազմական պայմաններում, բազան այդքան ցածր է ու պարզ չէ, թե այդ ատեստավորման արդյունքում որքան զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով կառավարության՝ պայմանագրային զինծառայողների ատեստավորման նախագծին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա մատնանշեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խոսքը, որ իրենք առաջարկում են պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնությունից օգտվել՝ երեկոյան տուն գնալ. «Եթե դու ծառայությունը որպես աշխատանք ես դիտարկում, այդպես ես ընդունում, դու այդ պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու որեւէ շանս չունես»:

Հարցին՝ օրինակ եք բերում պարեկային ոստիկանների ու պայմանագրայինների աշխատավարձերը, դուք ձեր կուսակցությունում այդ հարցը բարձրացրե՞լ եք, երբ նախկին ճանապարհային ոստիկաններն ավելի բարձր են վարձատրվել, քան պայմանագրայինները, կամ ինչո՞ւ է պայմանագրայինների աշխատավարձը ընդամենը 120 հազար դրամ եղել: Նա պատասխանեց, որ կան իրավիճակներ, հանգամանքներ, տվյալ պահին բյուջեի հնարավորությունները, որոնք թելադրում են պայմանները. «Այսօրվա իրավիճակը եւ 5, 7, 10 տարի առաջ ստեղծված իրավիճակը հիմքային առումով որեւէ ձեւ համեմատելի չեն»:

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունն ընդունելու հիման վրա, որովհետեւ դետալացված պայմանագիր կնքելու դեպքում կարող ենք դժվարություններ ունենալ: Հարցին՝ այդ շրջանակային համաձայնագիրը խաղաղության կբերի՞, թե՞ իրավիճակը կարող է ավելի լարել՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Այդ հարցին արդեն քաղաքական իշխող ուժի ղեկավարը պատասխանել է՝ ասելով, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա չի նշանակում, որ 7 օր հետո պատերազմ չի լինի: Այսինքն, չկա որեւէ երաշխիք, որ նույնիսկ Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում պատերազմ չի լինի»:

Ըստ նրա, կարեւոր են սկզբունքները, որովհետեւ եթե ազգերի ինքնորոշման իրավունքը արձանագրված չէ ո՛չ շրջանակային, ո՛չ հետագայում խաղաղության պայմանագրով, ապա գործընթացը արդեն որեւէ նշանակություն չունի ու ՀՀ-ի, Արցախի շահերը չի շոշափում:

Խոսելով սահմանային լարվածության մասին՝ Աբրահամյանն ասաց, որ Մարտունիի շրջանում՝ Ամարասի դիրքերում ադրբեջանական զորքը անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք այդ պահին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ են իրականացրել: Ընդհանուր առմամբ սահմանի ողջ երկայնքով լարվածություն է դիտարկվում. «Կան տեղային որոշ շարժեր, որոնց նպատակը այս պահին դեռ դժվար է ասել, բայց այն, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում ադրբեջանական կողմը ակնհայտորեն գծագրված, հստակ նախանշված աշխատանքներ է իրականացնում, դա ակնհայտ է: Ադրբեջանն այստեղ իրավիճակը պարբերաբար տաքացնում է: Դրանք հիմնականում այն հատվածում են, որոնց ուղղությամբ Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930