Երևանի Ամիրյան, Սարյան, Փավստոս Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ճանաչվեց հանրության գերակա շահ: Նշենք, որ այս հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջիկայում նախատեսվում են Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Ուստի, վերոհիշյալ տարածքներում «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի։
«Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների»,–ասված է հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ դեռ 2017-ին «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությանը կառավարությունը հավանություն է տվել Երևանի կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:
Կարդացեք նաև
Ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը։
Իսկ 2-րդ փուլով նախատեսվել է Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում, նախկին ձեռքբերող «Լիդեր Մոբիլ» ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում: Այսինքն` այս տարածքում էլ նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն՝ ստորգետնյա միասնական հարկերով:
Ընկերությունը արդեն իսկ կատարել է առաջին փուլը եւ հիմա դիմել է ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման խնդրանքով՝ կցելով տարածքի կառուցապատման էսքիզը, համաձայն որի, հաշվի առնելով հարակից տարածքների արդեն իսկ խիտ կառուցապատված լինելու հանգամանքը, նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն /երկու բազմաբնակարան շենքի փոխարեն/՝ ստորգետնյա միասնական հարկերով:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ․ Գ․ Հիշեցնենք, որ դեռ 2020-ի հուլիսին Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն մասնավորապես հայտարարել էր․ «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի 6-րդ, 7-րդ և 8-րդ լոտերի ներդրողն է։ Կարևորելով օտարերկրյա ներդրումների անհրաժեշտությունը մեր երկրի տնտեսության մեջ, այնուամենայնիվ տեղին ենք համարում նշել, որ․
✔️Ոչնչացվում է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության մի ստվար հատված: Ֆիրդուսի թաղամասն ամբողջությամբ Երևան քաղաքի պատմականորեն ձևավորված ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից է: Այն նույնքան նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային արժեք է,որքան թամանյանական Երևանը, խորհրդային մոդեռնիզմի շինությունները և քաղաքի այլ մշակութային շերտերը:
✔️Խախտվում են Ֆիրդուսի թաղամասի բնակիչների իրավունքները: «Դիանար» ընկերության ներկայացուցիչները տարատեսակ հոգեբանական ճնշումներ են գործադրում բնակիչների նկատմամբ՝ ստիպելով նրանց ստորագրել պայմանագրերն ու ազատել տները: Նախկինում պայմանագրերը ստորագրած որոշ բնակիչներ ահազանգում են, որ մինչև այսօր պայմանագրով նախատեսված փոխհատուցումներ չեն ստացել: Ֆիրդուսի կառուցապատման նախագծին դեմ հանդես եկող բնակիչներին փորձում են լռեցնել:
✔️Խախտվել է մասնակցային ժողովրդավարության սկզբունքը: Չեն անցկացվել հանրային և մասնագիտական քննարկումներ կառուցապատման նախագծի շուրջ: Անհասկանալի է, թե ինչպես է «Դիանար» ընկերությունն ընտրվել ծրագրի կապալառու, իսկ Նարեկ Սարգսյանը՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։
✔️Արտակարգ դրության պայմաններում ոչնչացվել է պատմական արժեք ներկայացնող շինություն և վտանգի տակ են Ֆիրդուսի թաղամասի այլ պատմամշակութային արժեքներ»։
Լուսանկարը՝ Արփի ՄԱՂԱՔՅԱՆԻ