Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԱԳ նախարարության կողմից «Արցախի Հանրապետություն» եզրույթն է օգտագործված եղել, այս կառավարությունն այդ եզրույթը փոխել՝ դարձրել է «Լեռնային Ղարաբաղ». Աղվան Վարդանյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 17,2022 12:14

Ազգային ժողովում երեկ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո դեմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Մինչ Ալեն Սիմոնյանը կհայտարարեր քվեարկություն, վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ նշեց, որ ԱԺ ներկայացված փաթեթում դրված է հայտարարության մի նախագիծ, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին։ Մասնավորապես, կառավարության որոշման հավելվածում Արցախին վերաբերող հատվածում օգտագործված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձեւակերպումը, մինչդեռ ԱԺ ներկայացված տեղեկանքների բաժնում՝ հայտարարության տեքստում, «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունից հետո օգտագործվել է «Արցախի Հանրապետություն» ձեւակերպումը, որն ընդդիմությունը խրախուսում է։ Ուստի իրենց համար անորոշ է, թե հայտարարության որ տեքստն է քվեարկվում։ Ընդմիջումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է, այսինքն՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն պրոադրբեջանական՝ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպմամբ, ուստի ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին։ Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ իրենց վերաբերմունքը ոչ թե արձանագրությանն էր ուղղված, այլ կառավարության դիրքորոշմանը․ «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունն օգտագործելու ուղղությամբ»։

Ավելի ուշ Զարուհի Բաթոյանը մեզ ասաց, որ այդ կամընտիր արձանագրությունը մեխանիզմ է, որն օգնում է ավելի լավ մոնիթորինգ իրականացնել, թե որքանով է այդ կոնվենցիան իրականացվում երկրում, բայց 2010-ին կոնվենցիան վավերացնելուց հետո այդ արձանագրությունը մինչ օրս չէինք վավերացրել։ Ինչ վերաբերում է «Արցախ»-ի ձեւակերպմանը, Բաթոյանն ասաց․ «Ես որքան հասկացա՝ ընդդիմությունը հարց ուներ կից ներկայացված կառավարության որոշման հետ»։ Նկատեցինք, որ ընդդիմությունը դեմ է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործմանը՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն, ուստի դեմ քվեարկեց, քանզի կարծում է, որ իշխանությունը սրանով եւս մեկ անգամ հրաժարվում է Արցախի Հանրապետությունից։ «Իհարկե, կառավարությունը կարող է տեխնիկական մասի հետ կապված ավելի հստակ ասել, բայց ես կարծում եմ՝ էդպես չէ»,- ասաց նա։ Հարցրինք՝ իսկ Ձեզ համար ավելի ընդունելի է «Արցախի Հանրապետությո՞ւն», թե՞ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը։ «Երկուսն էլ, ինչպես որ օգտագործվում է, ինչի՝ ի՞նչ տարբերություն կա»,- զարմացավ Բաթոյանը։

Զրուցեցինք նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանի հետ։ Նա նախ ասաց, որ իրենց խնդիրը ոչ թե կոնվենցիան էր, այլ դրա կամընտիր արձանագրությանը կից որոշման մեջ տեղ գտած «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ «Նախկին ԱԳ նախարարության կողմից «Արցախի Հանրապետություն» եզրույթն է օգտագործված եղել, այս կառավարությունն այդ եզրույթը փոխել դարձրել է «Լեռնային Ղարաբաղ»։ Ակնհայտ է, որ սա այս իշխանությունների՝ հերթական անգամ «Արցախի Հանրապետություն» եզրույթից սարսափահար լինելու արդյունքն է»,- ասաց Վարդանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930