Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունն ընդունելու հիման վրա, որովհետեւ դետալացված պայմանագիր կնքելու դեպքում կարող ենք դժվարություններ ունենալ:
Բացի այդ, նա խոսեց այսպես կոչված «անկլավների» մասին. «Իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից: Ես ուզում եմ ձեզ ասել մեր դիրքորոշումը: Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն` որտեղից որտեղ պետք է գնա: Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հորդորեցին մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունները: Նա դժվարացավ՝ ասելով, որ կարող է կառավարության նիստում Փաշինյանը 180 աստիճանով տարբեր դիրքորոշում հայտնի, ասի՝ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է, ցեղասպանում է Արցախի ժողովրդին, ուստի ի՞նչ մեկնաբանեն. «Անկլավների հետ կապված այդ ակնարկը, որ կա, ասեմ, որ այս իշխանությունը 4 տարի շարունակ գործում է «օվերտոնի պատուհան» սկզբունքով: Երբ մի թեմա տաբու է հասարակությունում, չի քննարկվում, առաջին անգամ խոսք են բացում, քննադատվում են, բայց սկսում են քննարկել: Հետո մեկը կմտածի՝ իսկ միգուցե ճի՞շտ է: Այսպես` ժամանակի ընթացքում կդառնա ընկալելի, նույնը անկլավների հարցում է: Տավուշեցի պատգամավորներից մեկը, հիշում եմ, որ չբացառեց անկլավների վերադարձը: Քննադատեցին, բողոքեցին, բայց խոսույթը կար: Նիկոլ Փաշինյանը հերքեց, ասաց՝ նման բան չկա, բայց մի օր խոսքի մեջ ասաց, բնակավայրերի մասին խոսեց: Ինքն է հանրությանը ադրբեջանական թեզերը մատուցում ու պատահական չէ այդ տարածքը, թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կմ: Նայեք Սովետական Հայաստանի քարտեզին, կպատկերացնեք ինչ թվի մասին է խոսքը: 1990, մինչեւ 91 թվականի քարտեզի մասին է խոսքը, չի խոսում, չէ՞, Արծվաշենի մասին: Նա շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը: Նիկոլ Փաշինյանին այլեւս որեւէ իմաստ չկա մեկնաբանել: Մեկ րոպեի ընթացքում կարող է 180 աստիճան փոխվել: Իսկ շրջանակային պայմանագիրը նախ պետք է հստակեցնենք ի՞նչ նկատի ունի՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից հետ քաշե՞լը, թե՞ ասում է՝ դա թողնում ենք հետո: Կստորագրենք պայմանագիր, Սեւ լճում, Սոթքում, Ներքին Հանդում թող թշնամին մնա ու դա կոչվի խաղաղության պայմանագիր»:
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հակառակ այս տոնական տրամադրություններին, մեր զոհված զինվորների աճյունները դեռ չեն հանվել, գտնվում են չեզոք գոտում ու այս օկուպացիայի պայմաններում ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ