Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրը մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելն է. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 17,2022 12:04

Պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022 թ. հոկտեմբերը 2021 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերին 2021 թ. հոկտեմբերի համեմատ, օրինակ, բրնձի գինն ավելացել է 10.0 տոկոսով, ալյուրինը՝ 13.3, մակարոնեղենինը՝ 30.3, ձավարեղենինը՝ 21 տոկոսով։ Նույն ժամանակաշրջանում հնդկացորենը 23.2 տոկոսով է թանկացել։ Հացի գինն ավելացել է 18.8 տոկոսով։ Թանկացել են կարագն ու մեղրը՝ համապատասխանաբար` 3.3 եւ 9.3 տոկոսով։ 11.1 տոկոսով բարձրացել են հրուշակեղենի գները։ Սրան հավելենք 22.1 տոկոսով թանկացած պանիրը, 23.5 տոկոսով՝ տավարի միսը։ Թանկացել է նաեւ թռչնի, գառան ու խոզի միսը՝ համապատասխանաբար 3.5, 5.2 եւ 1.3 տոկոսով։ Թանկացել են նաեւ շաքարն ու շաքարավազը, բանջարեղենը, միրգը՝ համապատասխանաբար 2.9, 3.6 եւ 13.9 տոկոսով։ Սա դեռ 12-ամսյա գնաճն է, բայց եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ էլ թանկացումներ են եղել, պատկերը հստակ կլինի։

Գնաճին նպաստող ներքին գործոնը չենք կարող անտեսել՝ դատելով մեր գործարարների վարքագծից։ Խոսքը գների չհիմնավորված բաձրացման մասին է, որին հայ հանրությունը մեկ անգամ չէ, որ ականատես է լինում։ Սրա դեմ լծակ, անշուշտ, կա, եւ դա մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, որի գործառույթն է վերահսկել գնային անհիմն բարձրացումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները կարծում են, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռ կպահպանվի՝ քաղաքական գործոնների հետեւանքով տնտեսական ու ֆինանսական շուկաների զարգացումների անորոշություններով պայմանավորված։ Այլ պատճառներ էլ, իհարկե, կան՝ անբարենպաստ ծավալումները վառելիքահումքային շուկաներում։

Մեր խնդիրը մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելն է, այնպես, ինչպես մարդն է բարձրացնում իր օրգանիզմի դիմադրողականությունը՝ հիվանդությունների դեմ ավելի դյուրին պայքարելու համար։ Տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու քայլերը հայտնի են՝ տնտեսության որակի փոփոխություն, մոդելի փոփոխություն, արդյունաբերության արագ զարգացում, արտահանման զարգացում, ներկրման կորի իջեցում, եկամտային արդյունավետ քաղաքականություն, ոլորտային զարգացումների՝ շղթայական հաշվարկված իրատեսական ռազմավարություններ, էներգետիկ անվտանգության եւ պարենային ապահովվածության մակարդակների բարձրացումներ եւ այլն։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930