Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին

Նոյեմբեր 17,2022 11:21

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բոբ Մենենդեսի նախագահությամբ տեղի են ունեցել լսումներ, որոնց ընթացքում Մենենդեսը կտրուկ մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Պետքարտուղարության վկաները, որոնք ցուցմունքներ էին տալիս լսումների ժամանակ, «միանգամայն անպատասխան են թողել» մտավախությունները Ադրբեջանին ԱՄՆ օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումներից շարունակական հրաժարման և Ադրբեջանի հարձակումներից հետո Արցախին և Հայաստանին ԱՄՆ-ի բովանդակալից օգնության բացակայության մասին։

Մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդի վկայությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, նախագահ Մենենդեսն արձագանքել է, որ այնուամենայնիվ, «մենք փող ենք տալիս, և նրանք շարունակում են անել այն, ինչ ուզում են»: «Փողը փոխակերպելի է, և, հետևաբար, անկախ այն բանից՝ արդյոք դա ուղղակի օգնություն է և կարող է վնասել Հայաստանին, թե ոչ, փողը փոխակերպելի է»:

Վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի սահմանափակումներից ամենամյա հրաժարումը որակելով որպես «ավտոմատ» գործողություն՝ նախագահ Մենենդեսը հարց է հնչեցրել՝ «ինչպես կարող է Միացյալ Նահանգները արդարացնել Բաքվի ռեժիմին որևէ աջակցություն ուղարկելը՝ կլինի դա անվտանգության համար, թե այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես զզվելի է և ծաղրում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտը»:

Մենենդեսը մատնանշել է ԱՄՆ հայտարարությունների կեղծ հավասարությունը՝ նկատելով, որ ԱՄՆ-ը ակնհայտորեն հրաժարվում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան հստակ և միանշանակ դատապարտելուց: «Պետք է հասկանալ, թե երբ կա ագրեսոր: Եթե ​​ես բռնության եմ ենթարկվում, և դուք երկու կողմերին էլ հորդորում եք դադարեցնել բռնությունը, եթե կա մի կողմ, որն ագրեսորն է, ապա ձեր մեկնաբանություններն ուղղեք ագրեսորին։ Մենք կարծես անկարող ենք դա անել»,- ասել է նա։

Նախագահ Մենենդեսին ակնհայտորեն զայրացրել է, որ Պետքարտուղարությունը հետաքննության չի անցկացրել 2020թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապօրինի զինամթերք օգտագործելու վերաբերյալ: «Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են», – հայտարարել է նախագահ Մենենդեսը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, այդ թվում՝ սեպտեմբերին հայ կին զինծառայողների անդամահատման առնչությամբ Պետքարտուղարության անգործության վրա: «Մենք ոչինչ չենք արել՝ ստուգելու հայ զինվորների մահապատժի տեսագրությունները, հայ կին զինվորների նկատմամբ բռնությունները. մենք ոչինչ չենք արել։ Ես ձեզ հարցրի՝ տեղյա՞կ եք տեսանյութերից, [պատասխանեցիք] «այո», բայց մենք ինչ-որ բան արե՞լ ենք դրանք ստուգելու համար՝ «ոչ», – ասել է Մենենդեսը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930