Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նրանք, ովքեր կարծում են, թե պետականություն ենք կորցնում, լավատես են․ Սերժ Սրապիոնյան. «Փաստ»

Նոյեմբեր 17,2022 10:42

Կարծես զուգահեռ իրականություններում ապրենք: Մի կողմում՝ մեր երկրի շուրջ տեղի ունեցող անհասկանալի, բայց միևնույն ժամանակ այլևս բացատրություն չպահանջող իրադարձություններն են, մյուս կողմում՝ հոգևորականների, մտավորականների հանդիպում-քննարկումներն են երիտասարդների ու դպրոցականների հետ, երիտասարդների նախաձեռնությունները տարբեր ոլորտներում: Հասարակությունը ջանում է ապրել, չնայած երբեմն ուղղակի անհնար է անգամ շնչելը: Գրականագետ, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանը համակարծիք է այն մտքի հետ, որ այս բոլոր քայլերը վաղն արդյունք են տալու: Նա նաև հիշեցնում է իր՝ ավելի վաղ հնչեցրած կարծիքը, որ ժողովրդին երբեմն հանիրավի են մեղադրում:

Նրա խոսքով, այս մարդիկ, որոնք չարիք են մեր երկրի ու ժողովրդի գլխին, սարդոստայն են հյուսել իրենց շուրջը և այնպես են խճճվել դրա մեջ, որ դրանից դուրս գալ չեն կարող: «Եթե անգամ ամենամեծ ցանկությունն էլ ունենան, այդ սարդոստայնը շատ պինդ են հյուսել: Դրա վկայությունն է այն, որ երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողը հակադիր ճամբարներում է հայտնվում բանակցությունների, զրույցների և այլնի նպատակով, անում ու խոստանում է այն, ինչ իրեն թելադրում են տվյալ միջավայրում: Իր հերթին արևմտյան, ռուսական և մյուս թևերը տեսանելիորեն իրար հակադիր մոտեցումներ ունեն: Դրանց որդեգրումն այս մարդու կողմից, ի վերջո, պետք է բերի նրան, որ վերջինից հաշիվ կպահանջեն, բայց հաշիվ տվողը լինելու է ժողովուրդը: Եվ նա տալիս է հաշիվը իր արյան գնով: Որպես փաստ՝ 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան դեպքերը, շարունակվող հրաձգությունները սահմանային գոտում: Վտանգավոր է նաև այն, որ արևմտամետների հետ որոշակիորեն զուգադրվում են թուրքական շահերը, ինքը փորձ է անում ծառայել նաև այդ շահերին, որոնք մեզ համար մեծ պատուհաս են, քանի որ նրանք մեզ համար արյան թշնամի են»,հավելում է մեր զրուցակիցը:

Գրականագետը զուգահեռ է տանում շերամի հետ, բայց մի փոքր տարբերությամբ: «Որպեսզի շերամը կարողանա մետաքս ստեղծել, իր շուրջը բույն է հյուսում, ինքը մնում մեջը, ոչնչանում: Սրանք հյուսել են այդ բույնը, մտել են մեջը՝ առանց դուռ ու լուսամուտի, բայց սրանք մետաքս չեն ստեղծելու, այլ արյուն ու ոչնչացում են ստեղծում: Այս իմաստով մեր փրկությունը ճկուն մտքի գոյությունն է, որը կկարողանա ճշգրիտ հաշվարկներ անել, թե որտեղ և ինչպես են մեր և այլ երկրների շահերը համընկնում և օգտագործել այդ առավելությունները մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Որևէ պետության աչքեր մեզ համար չեն քոռանում, որևէ պետություն իր մի զինվորի մի կաթիլ արյունը մեզ համար չի թափի: Սա պարզ ու դոգմատիկ ճշմարտություն է, պարտադիր չէ փիլիսոփա, դիվանագետ կամ քաղաքական գործիչ լինել սա հասկանալու համար: Այս իմաստով մեր միակ փրկությունը մեր ժողովրդի հետ միասնական լինելն է»,-ընդգծում է նա:

Նրա դիտարկմամբ, պատմության մեջ ավելի վատթար վիճակում երբևէ չենք եղել, բացատրում է նաև, թե ինչու: «Ժողովուրդն իր բնազդով միասնականանում է, ինչպես եղավ Ղարաբաղյան շարժման ժամանակ: Այդ ժողովրդին առաջնորդել է պետք, դա իրականություն դարձավ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Ժողովրդի շարժման գլխին չնչին բացառություններով նվիրյալներ էին կանգնած: Սակայն նույնը տեղի չունեցավ 44-օրյա պատերազմի օրերին, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, որը նույնպես կարող ենք պատերազմ համարել, քանի որ երկու օրում 250 թանկ զոհ ունեցանք: Այդ օրերում չունեցանք միասնականացնող, սրտացավ, արյուն տալու պատրաստ ղեկավար: Ուղիղ հակառակը՝ արյուն առնող ղեկավար ունեինք, այդ պատճառով էլ հիմա առանց որևէ չափազանցության հայտնվել ենք կործանման եզրին: Նրանք, ովքեր կարծում են, թե պետականություն ենք կորցնում, լավատես են: Պետականությունն արդեն կորցրել ենք, հայտնվել ենք հայ ժողովրդի լինել-չլինելու հարցի առջև և ոչ թե անդունդի եզրին ենք, այլ անդունդի մեջ»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930