Լրահոս
Օրվա լրահոսը

Տգիտությունը պետական անվտանգության սպառնալիք է

Նոյեմբեր 17,2022 10:00

Աշխարհում ու նաեւ Հայաստանում նկատվում է գիտելիքի, ուսման հանդեպ հետաքրքրության անկում: Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են: Առաջինը նշվում է աշխատաշուկայի կառուցվածքի փոփոխությունը: Հայաստանում երիտասարդներն, օրինակ, չեն ուզում դառնալ քիմիայի կամ կենսաբանության ուսուցիչներ, որովհետեւ դպրոցականների շրջանում չկա հետաքրքրություն՝ այդ առարկաների հանդեպ: Իսկ հետաքրքրություն չկա այն պատճառով, որ այդ մասնագիտությունները «հեռանկարային» չեն: Այս կամ այն մասնագիտության «ոչ հեռանկարային» լինելն, իր հերթին, նպաստում է դասավանդման որակի անկմանը: Մի խոսքով՝ մի ամբողջ շղթա է, որն, անշուշտ, կապված է տնտեսության հետ, իսկ որոշել, թե որտեղ է այդ շղթայի ծայրը, դժվար գործ է:

Բայց ես նաեւ այլ խնդիր եմ տեսնում, որը մասամբ կապված է վերը շարադրվածի հետ: Բանն այն է, որ սոցցանցերի դարում մարդիկ չեն ցանկանում ժամանակ ծախսել գիտելիք ձեռք բերելու վրա: Քանի որ շատ ավելի գրավիչ է փոխարենը որեւէ հարցի մասին կարծիք հայտնելը, ինչին էլ մարդիկ նվիրում են իրենց ժամանակը: Այլ կերպ ասած՝ գրելը շատ ավելի հեշտ է, քան կարդալը: Կարեւոր չէ՝ դու հասկանո՞ւմ ես տվյալ խնդրից, թե՞ ոչ: Կարեւոր է, որ դու կարողանաս օգտատերերին դուր եկող բառապաշարով ձեւակերպել քո վերաբերմունքը: Իսկ դրա համար որեւէ գիտելիք, որեւէ մտավոր պաշար պետք չէ:

Եթե հասարակական հավանություն (իսկ հաճախ նաեւ՝ իշխանություն) հնարավոր է ձեռք բերել նման էժան ձեւերով, էլ ինչի՞ համար է պետք տանջվել, գիշերները չքնել, գրքեր կարդալ: Ավելին, կարելի է ծաղրել, փնովել գիրք կարդացողներին՝ «ի՞նչ ես քեզ գիտունիկի տեղ դրել, մենք գիտենք դու ով ես»: Ի՞նչ եք կարծում՝ այս պայմաններում շատերի՞ մոտ ցանկություն կառաջանա կրթություն ստանալու՝ կրթությո՛ւն, ոչ թե՝ դիպլոմ: Կրթությունն այսօր մարդու վարկն ամենեւին չի բարձրացնում:

Կրթության վերաբերյալ մտահոգություններն իմ մեջ առաջանում են ամեն անգամ, երբ ես թերթում եմ ֆեյսբուքյան ժապավենը: Վերջին անգամ դա տեղի ունեցավ, երբ ծանոթացա Ֆրանսիայի Սենատի հայտարարության հրճվալից արձագանքներին: Դրանք կրկին հաստատում են՝ տգիտությունն այնքան էլ անմեղ բան չէ: Դա սպառնալիք է մեր պետական անվտանգությանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ընթերցող says:

    Հարգելի խմբագիր, շնորհակալություն: Սա կարևորագույն խնդիրն է իհարկե: Բայց նաև խնդիր է կազմել պատկերացում հենվելով ֆեյսբուկի վրա: Որպես օրինակ, ես և շատերն իմ շրջապատից վաղուց դուրս ենք եկել ֆեյսբուկից: Սա նաև տրենդ է այլ երկրներում: Սոցիալական մեդիան կարծես թե երիտասարդության և ոչ այնքան զբաղված շերտերի համար է ակտուալ: Երևի տեղյակ եք, որ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ ահռելի քանակությամն օգտագործողների անկում ունեն: Նամանվանդ ֆեյսբուկը այևս ակտուալ չէ: Տպավորություն ունեմ, որ ներկա իշխանության սատարողներն են այնտեղ մնացել մեծամասամբ: Այստեղից էլ Ձեր հայացքները նրա մասին, թե մեծամասնությունը այս իշխանությանն է սատարում ինչը բոլորովին այդպես չէ: ամենայն հարգանքով եմ գրում

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի ընթերցող, ես առաջնորդվում եմ ոչ միայն ֆեյսբության գրառումներով, այլեւ անձնական շփումներով եւ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

      • Ջորդանո Գալիլյան says:

        Շնորհակալություն ֆեյսբութի համար. վրիպակի շնորհիվ հրաշալի եզր ստացվեց: Բթությունն ու տգիտությունը՝ համեմված հայհոյախառն հիմարություններով իսկապես բնութագրական են ֆեյսբուքահայության մի զգալի հատվածի համար…

        Ի դեպ՝ մեծարգո պարոն «Հավաստի Աղբյուրը» մինչեւ վերջին թվիթները նույնպես առաջնորդվում էր ֆեյսբուքով՝ իհարկե կիրառելով իր անձնական «վիետնամական» շփումները ու Մուկուչյանի նկարչական անսպառ տաղանդը… 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930