Դրանք պատերազմական թեմաներով են
Իր ինքնությունը թաքցնող սկանդալային նկարիչ Բենքսին հայտարարել է, որ ավարտին է հասցրել իր 7 աշխատանքները՝ Ուկրաինայի տարբեր քաղաքներում: Այս մասին նա հայտնել էր The art Newspaper-ին: Առաջին աշխատանքը պատկերում է տղամարդու՝ երեխայի հետ, երկրորդում բիգուդիներով եւ խալաթով կին է, որը հակագազ է կրում եւ կանգնած է աթոռին, երրորդ աշխատանքում Բենքսին երեխաների է նկարել, որոնք մետաղական թակարդներով են, իսկ տանկերը նրանց համար ծառայում են իբրեւ կարուսել: Մեկ այլ աշխատանքում տղամարդը լոգարանում է՝ քանդված շենքում: Մի աշխատանքում էլ ակրոբատուհին վարժություններ է կատարում քանդված բետոնի վրա:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Բենքսին վերջին անգամ Ուկրաինա էր ժամանել նոյեմբերի 12-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիեւ է ժամանել նաեւ կինոաստղ Շոն Պենը, որը հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ եւ ի նշան աջակցության՝ նրան տվել Օսկարի իր արձանիկը:
Հիշեցնենք, որ Բենքսին անգլիացի՝ անդերգրաունդ ուղղության սփրեյ արտ, գրաֆիտի ոճի նկարիչ է, որին որեւէ մեկը դեմքով չի ճանաչում: Նա նկարում է մարդաշատ վայրերում՝ շենքերի, կայարանների պատերին։ Նրա աշխատանքներն ունեն քաղաքական աստառ, պատերազմի կամ այլ արդիական թեմաների եւ իրադարձությունների մասին են։ Վերջերս նրա Չառլի Բրաուն կոչվող արվեստի գործը վաճառվել էր 4 մլն դոլարով, իսկ վաճառքը կազմակերպել է Maddox Gallery-ն՝ Մայամիի արվեստի շաբաթվա շրջանակում: Հեղինակն այն նկարել էր 2011-ին՝ Լոս Անջելեսի փողոցներից մեկի պատին, այնուհետեւ նկարը վերարտադրվել էր կտավի վրա:
«Առավոտ» օրաթերթ
16.11.2022