Մեր նորօրյա հերոսներից մեկն էլ Սերյոժա Հայրապետի Փանոսյան է։ Նա ծնվել է 2002 թվականի ապրիլի 15-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Մինչեւ իններորդ դասարան սովորել է Ապարան քաղաքի առաջին դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Ապարանի ավագ դպրոցում։ Ընկերներից Վարդանը նրան դպրոցական տարիքում բնորոշում է որպես շատ ակտիվ, տան հոգսերի կեսը իր ուսերին կրող տղա:
Տան երկու եղբայրներից կրտսերն էր Սերյոժան։
Եղբայրը` Սահակը, պատմում է. «Ֆիզիկապես շատ ուժեղ էր, 7 տարեկանից թեքվանդո է պարապել, ունեցել է շատ մրցանակներ ու գերազանց արդյունքներ է ցուցաբերել բոլոր մրցաշարերում, ուներ կարմիր-սեւ գիծ որակավորում։ Տանն էլ էր սպորտով զբաղվում, իսկ ազատ ժամանակ սիրում էր ձկնորսությամբ զբաղվել»։
Ընկերը՝ Վարդանը, նաեւ հիշում է այն երանելի տարիները, երբ Սերյոժան ամեն շաբաթ իրեն ձկնորսության էր տանում:
Կարդացեք նաև
«Սերյոժան փայլում էր ամեն բնագավառում, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Փոքր տարիքից դհոլ է նվագել, սկզբում սովորել է Ապարանի արվեստի դպրոցում, հետագայում տեղափոխվել է «Էֆո» դհոլի ստուդիա»,- շարունակում է Սերյոժայի հարազատ եղբայրը՝ Սահակը։
Ծառայությունից երբեք չխուսափող անվախ տղային` Սերյոժային 2020 թվականի օգոստոսի 14-ին զորակոչել են բանակ, եւ նա ծառայության է անցել Հադրութում։
Ժամկետային զինծառայող Սերյոժան եղել է հրաձիգ, 45 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Առաջին իսկ օրից եղել է դիրքերում ու փորձել է պատվով կատարել այն, ինչ օրեր առաջ երդվել էր բոլորի առջեւ` անվերապահորեն ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս։
Եվ հավատարիմ լինելով սեփական երդմանը` հերոսը ընկնում է կռվի դաշտում պատերազմը սկսվելու հենց նույն օրը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հադրութի Մուշի շրջանում կամիկաձեի հարվածից։
Եղբայրը վերհիշում է, որ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 27-ին, որի ժամանակ Սերյոժան պատմել է ասելով` երկնքից կրակ է թափվում, սարսափելի պատերազմ է, մի քանի անգամ մահից եմ պրծել։ Ու այդ զանգը վերջինն էր, որ ստացել են նրանից։ «Նպատակներով լի տղա էր մեր Սերոժը, հազար ու մի երազանք ուներ` դհոլի ստուդիա էր երազում բացել, կոնսերվատորիան ավարտել, թեքվանդոյի խումբ էր ուզում բացել»,- դառը կսկիծով հիշում է Սահակը` եղբայրը։
Բայց երազանքներն այդպես էլ անկատար մնացին, քանի որ այդ օրերին իր միակ երազանքը հայրենիքի խաղաղությունն ու ընտանիքի ապահովությունն էր, որը նա կարողացավ իրականացնել։
Ընկերները երբեք Սերյոժայի մասին անցյալով չեն խոսում, ամեն անգամ հիշելիս ակամայից ժպտում են ու պատմում, թե ինչպիսին էր նա: «Վստահելի, հավատարիմ, նվիրված տղա էր, նվիրված էր ընկերներին։ Շատ ընկերներ ու շատ մեծ շրջապատ ուներ, ամեն հարցով կարողեիր իրեն դիմել, կաներ, կապ չունի ընկերն էր, թե անծանոթ մեկը»,-ասում է ընկերը։
Սերյոժային ճանաչողները բոլորն են ընդգծում, թե որքան բարի եւ ընկերասեր երիտասարդ էր, նրա հետ կապված ամեն հիշողոություն միայն դրական է:
Լիլիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.11.2022