Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնի սկզբունքային դիրքորոշումը պետք է վարակիչ դարձնել

Նոյեմբեր 17,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Պաշտոնական Երեւանը օրնիբուն պետք է աշխատի, որպեսզի Ֆրանսիայի ունեցած «կարմիր գծերը» սահմանվեն նաեւ եվրոպական այլ երկրների համար

Վաշինգտոնի եւ Սոչիի հայ-ադրբեջանական շփումներից օրեր անց վարչապետ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային պատասխանել Շուշիում Ալիեւի ագրեսիվ հայտարարություններին: Փաշինյանն Ալիեւին մեղադրեց Հայաստանն Ադրբեջանին կապող Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու եւ նրան ցեղասպանության ենթարկելու հիմքեր ստեղծելու, Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումների մեջ՝ ադրբեջանական կողմի քայլերը համեմատելով ահաբեկչական «Ալ Քաիդա»-ի հետ։ «Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն», նշեց նա: «Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին», – հավելեց նա:

Իր ելույթում Փաշինյանը մի քանի անգամ խոսեց այս վտանգի մասին եւ դրանով պայմանավորեց Արցախում Պաշտպանության բանակի անհրաժեշտությունը. «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերեւս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար»: Ապա կետ առ կետ համեմատեց նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ եւ 9-րդ կետերը՝ անթույլատրելի որակելով Ալիեւի զուգահեռները այսպես կոչված՝ «Զանգեզուրի» եւ Լաչինի միջանցքի միջեւ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում միայն մեկ միջանցքի մասին է հիշատակվում, եւ դա Լաչինն է: «Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որեւէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որեւէ կոնկրետ երթուղի: Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, եւ Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից», – ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ թվարկեց բոլոր այն պարտավորությունները, որոնցից հրաժարվել է Ալիեւը։ Այդ թվում, ասաց, Ալիեւը հրաժարվել է անցած տարի Բրյուսելում ձեռք բերված երկաթուղու վերականգնման պարտավորությունից. «Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձեւակերպել եւ Ադրբեջանին է փոխանցել դեռեւս 2021թ. դեկտեմբերին: Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եվ ընդ որում, մենք այս թեմայով եւս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք»:

Նկատենք, որ Վաշինգտոնի ու Սոչիի հանդիպումներին զուգահեռ Ադրբեջանը սահմանային լարվածությունը մեծացրեց։ Վերջին օրերին պարբերաբար ստացվում են տեղեկություններ, որ Ադրբեջանի Զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական զինուժը նաեւ Խրամորթի ուղղությամբ էր օրերս կրակ բացել դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակիչ էր մարմնական վնասվածքներ ստացել:

Ալիեւի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի զսպելու, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, կամ՝ պատժամիջոցների գործիքը կիրառելու վտանգը մշտապես թեժ պահելու հարցում պաշտոնական Երեւանը պարտավոր է հետեւողական աշխատանք իրականացնել: Եվ սա ամենեւին չի հակասում խաղաղության օրակարգին: Իհարկե, դա հեշտ գործ չէ, բայց հրապարակային արձանագրումները, փաստերի վերհանումը պաշտոնական Երեւանի կողմից Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ, բավարար չեն: Հայաստանի կողմից դիվանագիտական հսկայական աշխատանքի անհրաժեշտություն կա գործընկեր պետությունների հետ:

Ցավոք, Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ իրականությունն անկաշկանդ ներկայացնելու հարցում Հայաստանն ունի մեկ հստակ ընդգծված բարեկամ պետության՝ Ֆրանսիայի եւ Մակրոնի աջակցությունը, որի վերջին հարցազրույցներից մեկի սկզբունքային ուղերձները ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային էին ուղղված, այլեւ՝ ԵՄ պետություններին, որոնք Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում կաշկանդվածություն են ցուցաբերում:

Նկատենք, որ այն բանից հետո, երբ Ալիեւը, ապա Փաշինյանը հրապարակային ելույթներով ի ցույց դրեցին կողմերի մոտ առկա դիրքորոշումների տարբերությունները, երբ սահմանային որոշակի լարվածություն աճեց, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացավ Մակրոն-Ալիեւ հեռախոսազրույցը:

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնն ու Ալիեւը Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում սերտ համակարգման ցանկություն են հայտնել։ Մակրոնը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել երկու երկրների միջեւ կարգավորման գործընթացին եւ աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատեւ խաղաղություն հաստատել: Մակրոնը նաեւ ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահման գործուղված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը, ասված էր Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Այսքանը միայն պաշտոնական հաղորդագրությամբ, դիվանագիտական լեզվով: Սակայն, կարելի է ենթադրել, թե ինչ էր նշանակում Մակրոնի քայլը: Նա նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում նախանշված Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի հիմքով պատժամիջոցների կիրառման հարցով բանաձեւի քննարկումից առաջ մեկ անգամ եւս հարկ է համարել զգուշացնել Ալիեւին՝ Ֆրանսիայի համար գոյություն ունեցող «կարմիր գծերի» մասին:

Ֆրանսիայի Սենատում բանաձեւի նախագծի առկայությունն արդեն իսկ վկայում էր այն մասին, որ Ֆրանսիան հետեւողական է լինելու՝ անկախ այդ բանաձեւի ընդունման եւ կիրառման ձեւերից: Նկատենք, որ Սենատը Ֆրանսիայի կառավարությանը առաջարկում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը, մեկ անգամ եւս վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման եւ այդ ճանաչումը «բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղություն հաստատելու» նպատակը:

Պաշտոնական Երեւանի համար խիստ կարեւոր է, որ բանաձեւով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ պահանջելով ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի տարածքից, հարգել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը եւ աջակցել երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնություն։ Բանաձեւը ներկայացվել էր Բրունո Ռետայլոյի, Քրիստիան Քամբոյի, Էլիան Ասասի, Պատրիկ Քանների, Էրվե Մարսելի եւ Ժիլբեր-Լյուկ Դեւինազի կողմից։

Բանաձեւի կարեւոր կետերից էր նաեւ այս մեկը. «Խստորեն դատապարտել 2022թ. օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան եւ 2022թ. սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային շրջանների եւ հարավ-արեւելքի դեմ կրկնված ռազմական ագրեսիան՝ խախտելով նրա ինքնիշխանությունը, միջազգային համաձայնագրերը եւ Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը»: Կամ այս մյուսը. «Կոչ է արվում ապագայում Ադրբեջանի իշխանություններին եւ տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը ՝ իր պարտավորություններին եւ միջազգային պարտավորություններին համապատասխան»: Բանաձեւով կոչ է արվում՝ «անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել եւ հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին»:

Չափազանց կարեւոր էր նաեւ այս արձանագրումը. «Կառավարությանը առաջարկվում է վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, այդ թվում՝ զանգվածային հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների հետաքննության կապակցությամբ»։

Հավելենք, որ փաստաթղթի հեղինակները հղում էին կատարել Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածին, Միավորված ազգերի կազմակերպության 1945թ. հունիսի 26-ի կանոնադրությանը, 1949թ. ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագրին, 1969թ. հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիային, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2005թ. սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձեւին պաշտպանության պատասխանատվության մասին, 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։
Հայաստանի կառավարությանն ու նրա ղեկավարին, արտաքին քաղաքական գերատեսչությանը հսկայական ծանր աշխատանք է սպասում. պաշտոնական Երեւանը օրնիբուն պետք է աշխատի, որպեսզի Ֆրանսիայի ու նրա առաջնորդի ունեցած «կարմիր գծերը» սահմանվեն նաեւ եվրոպական այլ երկրների առաջնորդներն ու հեղինակավոր կազմակերպությունները: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներն ու պատժամիջոցների կիրառման վտանգը որպես գործիք մշտապես պետք է կախված լինի Ալիեւի «գլխավերեւում»:

Այսպիսով, Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին գրեթե միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ «Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի եւ նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», – նշվում էր փաստաթղթում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930