Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնականում շատ հաճախ մաքսատուրքերի վճարման պարտավորությունները կատարվում են թերություններով, ոչ լրիվ վճարներով

Նոյեմբեր 17,2022 14:00

Արտաքին տնտեսական համագործակցության ոլորտում պետությունների տնտեսական շահերի ապահովման նպատակով մաքսային կարգավորումն ապահովելու համար մշակվել են մաքսատուրքերի վճարման պարտավորություններն ապահովող մաքսային գործունեության այնպիսի մեթոդներ, որոնց գործնական կիրառումը կարող է ապահովվել պետական հարկադրանքի ուժով, չնայած վերջիններս արտաքուստ այդպիսի բնույթ չեն կրում եւ օրենսդրությամբ ամրագրված են որպես մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումն ապահովող գործունեության ձեւեր: Ձեզ ենք ներկայացնում նշված խնդրի վերաբերյալ հատված ՀՊՏՀ Հասարակագիտություն ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր ՆԱԶԵԼԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ «Մաքսային իրավունքի սուբյեկտների պարտավորությունների կատարումն ապահովող քաղաքացիաիրավական հարկադրանքի միջոցների արդյունավետությունը» հոդվածից, մասնավորապես, բռնագանձնման խնդիրների, կարգավորումների վերաբերյալ:

Մաքսատուրքերի վճարումը ապահովում է վճարողը, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն` ապրանքների տեղափոխման դեպքում` նաեւ վճարողի փոխարեն այլ անձը, եթե վերջինս այդ ապրանքների տիրապետման օգտագործման կամ տնօրինման իրավունքն ունի, որոնց համար իրականացվում է մաքսատուրքերի վճարման ապահովում: Որպես կանոն, մաքսատուրքերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմին, որն իրականացնում է ապրանքների բացթողումը:

Պետական բյուջեի եկամուտների համակարգում մաքսատուրքերի ժամանակին մուտքագրման պետական գերակա շահը ապահովելու նպատակով մաքսային եւ քաղաքացիական օրենսդրությամբ պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների միասնականացումը (ունիֆիկացիան) ըստ էության հանգեցրել է քաղաքացիական իրավունքի առանցքը կազմող սեփականության իրավունքի այնպիսի սահմանադրաիրավական սահմանների խախտմանը, ինչպիսիք են սեփականատիրոջ՝ իր հայեցողությամբ գույքը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքը (ՀՀ սահմանադրություն, հոդ. 60): Խոսքը վերաբերում է մաքսային օրենսդրությամբ «մաքսային պարտավորությունների չկատարման դեպքում» սեփականատիրոջ կողմից պայմանագրով ընտրած պարտավորության կատարումը ապահովող միջոցների (բանկում ունեցած դրամական միջոցների, գրավի, երաշխիքի, երաշխավորության) բռնագանձմանը:

Գործող մաքսային օրենսդրությամբ մաքսային մարմինների պայմանագրերից բխող պարտավորությունների չկատարման դեպքերում բռնագանձման իրավունք վերապահելը, որով փոխվում է սեփականատերը, հակասում է արդարադատության որպես դատական իշխանության բացառիկ գործառույթի սահմանադրական սկզբունքին, ստվերում դատական իշխանության տեղը եւ դերը պետական իշխանության համակարգում: Օրենսդրության համեմատական-իրավական վերլուծությունները եւ բացահայտումները հուշում են վերանայել ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի քաղաքացիական իրավունքից կատարված փոխառությունները:

Ժամանակակից մաքսային իրավունքի գիտության մեջ մաքսային օրենսդրության խախտումների համար սահմանվող պատասխանատվության միջոցների եւ դրանց տեսակների իրավական կարգավորման հիմնախնդիրները բավարար լուծված չեն: Խոսքը հատկապես մաքսավճարների սահմանված ժամկետներում չվճարելու շուրջ ծագող պարտավորությունների կարգավորման մասին է: Մաքսային իրավական գրականության մեջ, ինչպես նաեւ մաքսային գործը կարգավորող օրենսդրությամբ հստակեցված չեն հարկադրանքի այն միջոցները, որոնց գործնական կիրառմամբ հնարավոր է ապահովել մաքսատուրքերի հավաքագրումը: Ուսումնասիրությունները վկայում են` որպես կանոն, մաքսատուրքերի սահմանումը եւ գանձումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է իրավահարաբերության սուբյեկտների կողմից հայտարարագրերի լրացման եւ ընթացակարգի ընտրության ընթացքում, ինչպես նաեւ առանձին դեպքերում, երբ ապրանքները դուրս են բերվում մաքսային սահմանից:

Գործնականում շատ հաճախ մաքսատուրքերի վճարման պարտավորությունները կատարվում են թերություններով, ոչ լրիվ վճարներով: Նման խախտումների վերացման նպատակով, այսօր ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 113 եւ 114-րդ հոդվածներում, ընդամենը թռուցիկ են ամրագրված մաքսային «տույժի» եւ «գույքի վրա արգելանք դնելու» մակերեսային բնութագրերը: Դրանք, որպես մաքսավճարի վճարումն ապահովող հարկադրանքի միջոցներ, բավարար չեն, քանի որ կապված գույքային հարաբերությունների հետ, ամբողջովին չեն արտացոլում ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված գույքային տուժանքի (տուգանք, տույժ) ներգործության միջոցների կիրառման կարգի առանձնահատկությունները:

Մի կողմ թողնելով մասնավոր եւ հանրային իրավունքի ճյուղերի կողմից հատկապես տնտեսական օրենսդրության խախտումերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները` նշենք, որ «տույժը» որպես իրավական միասնական կատեգորիա ու ներգործություն (պատասխանատվության միջոց), խստորեն կիրառելի է իրավունքի մի շարք ճյուղերում (քաղաքացիական, վարչական, ֆինանսական, հարկային, մաքսային եւ այլ):

Որպես պատասխանատվության համընդհանուր միջոց, մաքսային իրավունքում նույնպես անհրաժեշտ է արձանագրել եւ օրենսդրական ձեւակերպումների միջոցով կիրառելի դարձնել քաղաքացիաիրավական տուժանքի մոդելը, լայնորեն կիրառելով ինչպես տուգանքը, այնպես էլ տույժը: Դրանք գործնականում կբարձրացնեն մաքսավճարների (մաքսատուրքերի) օրենքով սահմանված ժամկետներում կատարման պարտավորությունը: Անդրադառնալով ՀՀ գործող մաքսային կարգավորման մասին օրենքում ամրագրված տույժին` որպես մաքսավճարների եւ մաքսատուրքերի ապահովման միջոցի, նկատենք, որ վերջինս (տույժը) սահմանված այն դրամական գումարներն են, որոնք մաքսատուրք վճարողը պարտավոր է վճարել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսատուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում:

…Գույքի արգելանքի կիրառման ընթացակարգը գործող մաքսային օրենսդրությամբ մեկնաբանված չէ:

«Դատական իշխանություն», 2022, հուլիս-սեպտեմբեր

«Առավոտ» օրաթերթ
16.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930