Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է աղմուկն ազդում մեր առողջության վրա և ինչու արժե օրվա մեջ ժամանակ գտնել «լռության ձայնը» լսելու համար

Նոյեմբեր 16,2022 23:15

Աղմուկը մեր առօրյայի անբաժանելի բաղադրիչն է դարձել․ առաջին հայացքից այն այնքան սովորական է, որ լռության մեջ հայտնվելով՝ մենք երբեմն անհասկանալի զգացողություններ ենք ունենում՝ կարծես որսալով «անձայնությունը» մեր ականջներում։ Անգամ երբ հեռանում ենք աղմուկից, օրգանիզմը շարունակում է էներգիա ծախսել այն ճնշելու համար․ այստեղից էլ հոգնածությունն ու ինքնազգացողության վատացումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության համաձայն՝ ուժեղ աղմուկի ազդեցության ներքո պարբերաբար գտնվելը ոչ միայն լսողական խնդիրներ է զարգացնում, այլև կարող է առաջացնել քնի խանգարում, տագնապ, զարկերակային ճնշման բարձրացում, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ճարպակալում և առողջական այլ խնդիրներ։

Ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, ճանապարհային ակտիվ երթևեկություն ունեցող քաղաքների բնակիչները 25 տոկոսով ավելի հաճախ են դեպրեսիա ունենում, իսկ այն աշակերտները, որոնք սովորում են օդանավակայաններին մոտ գտնվող տարածքներում, հետ են ընկնում իրենց հասակակիցներից, ավելի վատ են յուրացնում տեղեկատվությունն ու հիշում կարդացածը։

Հետազոտողները համոզված են՝ աղմուկի մակարդակի բարձրացումը մարդուն վնասում է ոչ միայն գիշերը, այլ նաև ցերեկը։ Մեր գլխուղեղը բարձր աղմուկն ընկալում է որպես պոտենցիալ վտանգի աղբյուր։ Աղմուկը հարուցում է տագնապի սրացում, տեղի է ունենում կորտիզոլ հորմոնի արտազատում։ Սթրեսային իրավիճակում երկար մնալը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը՝ մեծացնելով սրտի կաթվածի վտանգը։

Աղմուկային աղտոտումը, որին այսօր ենթարկվում է մեծ քաղաքների մեծամասնությունը, նվազեցնում է բնակչության կյանքի տևողությունը 10-12 տարով։ Աղմկոտ միջավայրում մշտապես գտնվելով՝ մենք դառնում ենք դյուրագրգիռ, անուշադիր, հաճախ ենք սխալվում և ավելի շուտ հոգնում։ Արտաքին աղմուկին զուգահեռ մենք էլ ենք ֆոնային միջավայր ստեղծում՝ ճանապարհին ականջակալներով երաժշտություն լսելով, հեռուստացույցը մշտապես միացված թողնելով։ Մեր գլխուղեղն անընդհատ ստիպված է վերլուծելու ամենատարբեր ձայներ՝ առանց ընդմիջման։

Ինչպես է օգնում լռությունը

Եթե ավելորդ աղմուկը նպաստում է առողջության վատացմանը, ապա լռությունը հակառակ ազդեցությունն ունի։ Եթե ցանկանում եք վերականգնել նյարդային համակարգը, բարելավել ուշադրության կենտրոնացումը, ազատվել գլխացավից կամ պարզապես հանգստանալ, ապա լռության օրեր սահմանեք ձեզ համար։

Ֆիզիոլոգ Լյուչանո Բերնարդին հետազոտություն է անցկացրել, որի հիմքում զարկերակային ճնշման ու գլխուղեղի արյան շրջանառության վերաբերյալ տվյալներն են․ նա պարզել է, որ 2 րոպե լռությունն ավելի լավ է հանգստացնում, քան հանգստացնող երաժշտություն լսելը։ Իսկ Դյուկի համալսարանից Իմկե Կիրստեն բացահայտել է, որ օրական 2 ժամյա լռությունը նպաստում է հիպոկամպում նյարդային բջիջների վերականգնմանը․ հիպոկամպը գլխուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է զգացմունքների, հիշողության, կրթության, տարածքում կողմնորոշվելու ունակության համար։

Լռության րոպեներն օգնում են գլխուղեղին նոր բջիջներ ու նյարդային կապեր ստեղծել։ Մեծանում է մեր ստեղծարար մոտեցումը, լավանում է հիշողությունը։ Պարզվում է, գլխուղեղը չի «անջատվում» լռության ժամանակ, այլ շարունակում է աշխատել՝ մշակելով ու դասակարգելով մինչ այդ ստացած տեղեկությունները։ Ահա թե ինչու երբ մեզ հարկավոր է մտածել ու կարևոր որոշում ընդունել, մենք հաճախ ցանկանում ենք մենակ մնալ՝ փորձելով կենտրոնանալ կոնկրետ խնդրի վրա։

Ընդհանուր ապաքինող ազդեցությունից զատ լռությունն օգնում է մեզ ավելի հանգիստ ու հավասարակշռված դառնալ, սովորել կենտրոնանալ կարևոր խնդիրների վրա և վերացարկվել լսողական և ինֆորմացիոն աղմուկից, լսել ու ավելի լավ հասկանալ ինքդ քեզ։

Հնդկաստանում, որտեղ հազարամյակներ շարունակ գոյություն ունի լռության ուխտը, ուխտավորները շաբաթը մեկ անգամ լռում են ողջ օրը։ Մահաթմա Գանդին այդ ժամանակը նվիրում էր կարդալուն, մտորելուն, գրելուն։ Իսկ ձեռնարկատեր և ներդրող Նավալ Ռավիկանտը երկու տարի շարունակ ամեն օր առավոտն անցկացնում է լռության մեջ։ Նա հավաստիացնում է, որ հենց լռությունն է օգնել իրեն ազատվել սթրեսից, անցյալի անհանգստություններից և ապրել ավելի գիտակից ու երջանիկ կյանքով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930