Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիր Մելիքյան. «Աստված ինձ շնորհ է տվել եւ ես օգտագործում եմ այդ շնորհը»

Նոյեմբեր 16,2022 23:07

Հոգեւոր ծառայողի հագուստով, եկեղեցական երաժշտության ներքո, եռագույնը թիկունքում. ահա այսպես ամեն անգամ մենամարտի է դուրս գալիս 25-ամյա բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը: Կարատե, բռնցքամարտ, քիքբոքսինգ, մարտեր առանց կանոնների․ այս մարզաձեւերով է հանդես գալիս։ Անդադար մարզումների ու անկոտրում կամքի շնորհիվ ախալքալաքցի մարզիկը բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, բայց ասում է, որ իր համար առաջնայինը հավատքն է եւ սերը առ Աստված: Ունենալով եկեղեցական դպիրի աստիճան՝ նա ցանկանում է իր ուրույն ոճով տարածել Աստծո խոսքը եւ իր օրինակով հաստատում է, որ չկան փակ դռներ, եթե սիրտը լի է հավատքով:

-Հարցազրույցը սկսենք մի փոքրիկ «ճամփորդությունով» դեպի մանկություն․ ո՞րն է ամենավառ հիշողությունը։

-Փոքր տարիքում շատ չարաճճի եմ եղել: Հիշում եմ, երբ առաջին անգամ մտա դպրոց՝ հենց առաջին զանգի օրը, ինձնից մեծ տղայի խփեցի քիթը կոտրվեց, ու ինքն էլ այդ օրը պետք էր 4-րդ դասարանի վինետկայի համար նկարվեր: Հետո ինձ դպրոցից դուրս արեցին ու մեկ ամիս չթողեցին գնալ դպրոց, ծնողներս խառնվեցին ու էլի հետ ընդունեցին: Շատ բաներ եմ արել փոքր տարիքում, բայց սա չեմ մոռանում երբեք (ժպտում է,- հեղ․):

-Դեռ 5 տարեկանից սկսել եք զբաղվել սպորտով: Արդյո՞ք այդ տարիքում մանկական խաղերից կտրվելն ու մարզումներով զբաղվելը բարդ չէր Ձեզ համար:

-Ո՛չ, ես կյանքում չեմ խաղացել: Ես գյուղում գնում էի աշխատանքներ էի անում, ցանկանում էի լինել մեծերի նման, որ ինձ գովեին, ուզում էի իմ տարիքակիցներից տարբերվեի ու շփվում էի մեծերի հետ: Ամեն օր մարզվում էի, փոքրուց միշտ իմ մեջ եղել է սպորտի հանդեպ սերը: Հայրս է եղել իմ առաջին մարզիչը եւ իմ մեջ նա է դրել սպորտի հանդեպ սերը: Աստված օրհնի իմ հայրիկին:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ 15 տարի առաջ Ձեր մայրը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Ձեզ տվել է ծառայության: Հիշո՞ւմ եք, թե ինչպես է կայացվել եկեղեցում ծառայության անցնելու որոշում:

-Այո, հիշում եմ: Ուրեմն՝ շատ կռվարար էի, ամեն օր մեկը գալիս էր մեր տուն, ամեն օր մեկի երեխային ծեծում էի, փախնում էի տանից, որ մեկին մի բան անեի (ժպտում է,- հեղ․): Մաման տեսավ, որ այսպես չի լինում, ինչ անում էր, չէի ուղղվում, հետո տարավ եկեղեցի ու ես ուղղվեցի, իրոք, դեպի լավը: Հետո, որ էլի կռիվ էի ցանկանում անել, դասղեկս ասում էր հեսա Տեր հորն եմ զանգելու, վախենում էի ու չէի գնում կռվելու: Իրոք, եկեղեցին ինձ շատ է փոխել, փառք Տիրոջս ու Աստված օրհնի մայրիկիս, որ ճիշտ ճանապարհի վրա է ինձ դրել:

-Ի՞նչ զգացիք առաջին անգամ խորան բարձրանալիս:

-Փոքր եմ եղել, իրոք, չեմ հասկացել, բայց ինձ շատ էր դուր գալիս: Գիտեք՝ ոնց է խորանի վրա, ես ինձ շատ հզոր եմ զգում ու պաշտպանված, որովհետև զգում եմ Աստծո ներկայությունը: Բառերով չեմ կարողանում նկարագրել այդ պահը:

-Դուք, ի տարբերություն այլ մարզիկների, ռինգ եք դուրս գալիս եկեղեցականի հագուստով, հոգեւոր երաժշտության ներքո. ի՞նչ խորհուրդ ունի այն:

-Այո, ես եկեղեցականի շապիկով եմ բարձրանում ու եկեղեցական երաժշտություն եմ լսել տալիս մարդկանց: Առաջինը անում եմ հանուն Աստծո, ոչ թե հանուն փառքի համար: Ցանկանում եմ՝ մարդիկ դառնան էլ դեպի առ Աստված, ցանկանում եմ քարոզել իմ ապրելաձեւով ու միշտ պատրաստ եմ տարածել Աստծո խոսքը, ինչքան էլ մարդիկ ասեն՝ մեղք եմ գործում, մարդ եմ խփում, բայց ես անում եմ հանուն Աստծո մեծ փառքի համար: Աստված ինձ շնորհ է տվել եւ ես օգտագործում եմ այդ շնորհը: Ես էլ այս կերպ եմ քարոզում ու այս կերպ տարածում Տիրոջս խոսքը՝ քահանաները խորանից, իսկ ես ռինգից:

-Իսկ հոգեւորականներն ինչպե՞ս են արձագանքում, երբ Դուք մենամարտի եք դուրս գալիս նման կերպ:

-Հոգեւորականները դուխ են տալիս ու ասում գնա առաջ, Աստված քեզ հետ ու օրհնում են ինձ: Նրանք աղոթում են ինձ համար: Աստված օրհնի մեր հոգեւոր հայրերին ու մեր հոգեւոր եղբայրներին:

-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել եկեղեցական կյանքն ու բռնցքամարտը:

-Շատ հանգիստ, ավելի է օգնում եւ ավելի է ուժ տալիս ինձ: Առանց հավատքի ոչինչ անել չենք կարողանա, եթե հավատքով ու Տիրոջով ես մոտենում քո սիրած գործին, ավելի ու ավելի ես Աստծուց ստանում եւ ավելի ու ավելի է Աստված քեզ տալիս քո ուզածը:

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին մենամարտը:

-Այո, հիշում եմ իմ առաջին պրոֆեսիոնալ մենամարտը: Հիշում եմ՝ պարապմունքի ժամանակ մատս ջարդվեց ու 5 օր հետո էլ մենամարտս էր: Շատ էի մտածում, որ հեսա բժիշկը կնայի, կասի՝ չի կարելի քեզ մասնակցել բոյին ու շատ էի տխրել, բայց Աստծո տված ուժը չթողեց դուխից ընկնեմ ու ես ինձ շատ ուժեղ պահեցի եւ մասնակցեցի մրցմանը: Մի ձեռքով հակառակորդիս նոկաուտի ենթարկեցի, Աստված այդ կերպ էր ցանկանում, որ լինի: Ասածս ինչ է՝ ինչ դժվարության մեջ էլ լինենք, մենք պետք է հավատանք Աստծուն ու Աստված մեզ կտա մեր ուզածը: Աղոթենք միշտ ու կտեսնենք Աստծո տված հրաշքները:

-Վախենո՞ւմ եք պարտությունից:

-Ես չեմ էլ մտածում պարտության մասին: Միշտ մտածում եմ մտնել ռինգ, տղայավարի կռիվ անել ու միշտ մտնում եմ հաղթելու համար ու Աստված ինձ հետ, իմ ձեռքը բռնած մտնում է ռինգ:

-Ձեր վարած մենամարտերից ո՞րն է Ձեզ համար ամենահիշարժանը:

– Չեմ կարող առանձնացնել որեւէ մենամարտ, որովհետև յուրաքանչյուրն իր ուրույն դժվարությունն ու ճանապարհն է ունեցել:

-Ձեր մարզիչը ձեր հայրը՝ Արմեն Մելիքյանն է. ո՞րն է նրա տված ամենակարեւոր խորհուրդը, որը միշտ հիշում եք մենամարտից առաջ:

-Միշտ ասում է, որ սպասեմ եւ համբերեմ ու շատ լավ պարապեմ եւ այս ամենի շնորհիվ շուտով կտեսնեմ փառահեղ մեծ հաղթանակներ, ու ես մոտիվացվում եմ իմ հոր խոսքերից:

-Պատրաստվո՞ւմ եք նոր մենամարտերի:

-Դեռ ոչ, չունեմ մրցումներ, բայց կլինեն շուտով:

-Սպորտում ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը:

-Սպորտում իմ նպատակը UFC հասնելն ու չեմպիոն դառնալն է, եթե Աստված կամենա, իսկ եթե չկամենա, թող լինի իր կամքը, որովհետեւ իր կամքն ավելի բարի է:

Քրսիտինե Թորոսյան

Լուսանկարները՝ բռնցքամարտիկի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930