«Պարոն Աշոտյանին մեղադրանք ներկայացվեց քրեական օրենսգրքի բավականին անսպասելի հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ, չեք հավատա, փողերի լվացում․․․ո՞ւմ փողերն է լվացել, ինչո՞ւ, ո՞վ է դրանք գողացել եւ սարքել կեղտոտ․․․սա իրավական ոչ թե աբսուրդ է, այլ նախնադարյան մակարդակ»,-քիչ առաջ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա պարզաբանեց, որ խոսքը «բժշկականի գործի» մասին է, որի առնչությամբ հարցաքննել էին նաեւ բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին։ Արմեն Աշոտյանը տարիներ առաջ այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։
«Պարոն Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոցն է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Այս որոշման իրական հեղինակները լավ կանեն դիպլոմները վառեն եւ զբաղվեն հողագործությամբ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։ Նա կատարվողը քաղաքական հետապնդում է համարում, եւ ըստ նրա, որպեսզի այլ երկրների քաղաքական գործիչներն Արմեն Աշոտյանին չպաշտպանեն, իշխանությունը մտածել է փողերի լվացման դրվագը։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից արգելվել է։ Նոյեմբերի վեցին նա հայտարարել էր․ «Քրեական գործի հիմքում դրված է վատնումը։ Դավիթ Սանասարյանի ժամանակ ՊՎԾ-ն հաստափոր տեղեկանք է գրում Բժշկական համալսարանի մասով տարբեր տարիների տարբեր ռեկտորների վերաբերյալ։ Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, թե իբր Բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում բիզնես հարաբերություններ է ունեցել Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ընկերություններից մեկի հետ ․․․․Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ