Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին Գոռ Չ․-ն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չ.-ն չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վաճառում է գյուղին պատկանող գույքը: Գոռ Չ․-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ գյուղի վարչական ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, այն է՝ վաճառել է գյուղի շարքացանը, մշակույթի տան տանիքը փոխարինվել է նոր թիթեղով և փոխարինված 100 ք/մ չկա, գյուղի մանկապարտեզի հին բետոնյա պանելները տարել է իր տան մոտ և սարքել անասնագոմ, գյուղի համար ստացված «պոպոքի» տնկիները ամբողջությամբ տվել է գյուղապետարանում աշխատող Ս․-ին։ Քաղաքացու պնդմամբ գյուղին պատկանող 2 հատ մետաղյա տարաները վաճառել է, որը ներկայումս գտնվում է «Տավուշ Տեքստիլ» գործարանում, գյուղին պատկանող հաստոցները 420.000 դրամ գումարով վաճառել է նույն գյուղի բնակիչ Սարգիս Խ․-ին։
Aravot.am-ի տեղեկություններով քաղաքացու հաղորդումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ