Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հրեշին ծնել ենք մենք, հո լուսնից չի ընկել»․ հոգեբանը՝ Պեմզաշենում կատարված ոճիրի մասին

Նոյեմբեր 16,2022 21:12

Պեմզաշենում անցած շաբաթ կատարված ոճիրը հանգիստ չի տալիս հասարակությանը․ Գյումրու փողոցներում, տրանսպորտում, խանութներում, ամենուր զարհուրելի այս դեպքն է քննարկվում, մարդիկ փորձում են հասկանալ անպաշտպան 31-ամյա մորը, նրա 11-ամյա դստերն և 8-ամյա որդուն կյանքից դաժանաբար զրկելու շարժառիթը։ Հասարակությունը շոկի մեջ է՝ եթե շարժառիթը գողությունն էր, ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, ապա ինչպես հասկանալ մանկապղծությունը, ձեռք-ոտք կապելով՝ դանակի բազում հարվածներով անմեղ այս ընտանիքին տանջամահ անելը։

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլիոգայի ամբիոնի դասախոս Աշոտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Իմ խորին համոզմամբ՝ հայ հասարակությունը հիվանդ է, ինչ-որ սոցիոլոգներ չեն համարում, որ հասարակությունները կարող են հիվանդանալ, որոշ հատվածը կարծում է՝ այո, կարող են հիվանդանալ։ Սոցիոլոգիայի հայրը կարծում է, որ հասարակություններն էլ են հիվանդանում։
Հայ հասարակությունը հիվանդ է, և այսպիսի երևույթները պարզապես դրա ախտանիշներն են, երբ որ չեն գործում ինստիտուտները, ապակայունացված են դրանք, և այդ ապակայունացումը պարարտ հող է նախապատրաստում այսպիսի, չգիտեմ՝ ինչ անուն տամ, ոճրագործություն ասեմ, ինչ ասեմ, դրա ծնվելու համար։

Եվ տնտեսության, և քաղաքականության, և պաշտպանության ու արդարադատության ոլորտում մենք ահավոր խոցելի ենք դառնում, անձի կյանքը կայունացնող գործոնները պարզապես չեղարկված են, հետևաբար մարդը վերահսկելի չէ։ Սպասվող վարքի ինստիտուտը՝ որպես այդպիսին, ապակայունացված է, հետևաբար անհասկանալի է, թե կոնկրետ իրավիճակում մարդը ինչպես կվարվի»։

Հոգեբանը նշում է՝ այդ հրեշին ծնել է հիվանդ հասարակությունը՝ կազմաքանդված սոցիալական հարաբերությունների պայմաններում։

«Ինքը լուսնից չի ընկել, երեկ ապրում էր իմ կողքին, բարևում էր չէ՞ հարևանին, հարևանը հարցնում էր՝ ինչպե՞ս ես։ Ինչ-որ մեկը մտածում էր, որ սա ստոր լակոտ է, ինչ-որ մեկը մտածում էր՝ չէ, սա իմ հարևանն է։ Եթե մինչ այս դեպքը հարցնեինք՝ ո՞վ է այդ մարդը, կասեին՝ մարդ է էլի, հայ մարդ, աշխատում, ապրում է։ Կամ մեկը կասեր՝ սրիկա է, բոլոր դեպքերում ինքը ապրել է մեր մեջ, և հիմա հայ հասարակությունն իրեն հարց չի տալիս՝ որտեղի՞ց ծնվեց այդ․․․ Կներեք, հայհոյանքով կարող եմ բնութագրել, չեմ ուզում․․․

Եթե մենք թողնենք այս վիճակն այսպես, այդ մարդիկ անընդհատ կլինեն, ինքը լուսնից չընկավ, ինքը սատանի ծնունդ չէ։ Ես չեմ ասում իրեն չպիտի մեղադրենք, միանշանակ պիտի մեղադրել, բայց իրեն ծնեց հիվանդ հասարակությունը՝ բոլոր կառույցների անգործությամբ։
Ու դեռ շարունակում ենք, էսպիսի ցնցող դեպքեր դեռ էնքան պիտի տեսնենք։

Այդ ընտանիքին համարենք զոհ, այո՛, ոճրագործության զոհ են, բառեր չեմ գտնում ասելու, բայց այդպիսի զոհեր սահմանին ունենք, այդպիսի զոհեր մենք ծննդատանն ենք երբեմն-երբեմն ունենում ու դեռ շատ երկար այս ընթացքը պիտի քարշ տանք, մինչև գոնե հասկանանք, որ անհապաղ և ինտենսիվ թերապևտիկ, եթե ոչ վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ։ Չէ, մենք ուղտի ականջում քնած ենք։

Մայրաքաղաքային մեր հոգեբանությամբ ծառայողական մեքենաներ ենք փոխում,գուցե աշխատանքային գործուղումների մեջ ենք։ Ի՞նչ է պատահել որ, կասենք՝ մի առանձին դեպք է, կքննենք, կպարզենք մեղավորներին, կպատժենք խստագույնս։
Բայց ես ասում եմ, որ սա առանձին դեպք չէ, սա պարզապես հիվանդ հասարակության, ավելի ճիշտ հասարակության հիվանդության դրսևորման ախտանիշ է, ցուցիչ է»։

Հոգեբանը համոզված է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա ճշմարտությունը, եթե անգամ բացահայտվի, հասարակության մեծ մասը չի հավատալու դրան, որովհետև բացառիկ մեծամասնությունը վստահություն չունի արդարադատության նկատմամբ։

«Ու այս դեպքը կմնա առեղծվածային,ու ամեն մեկը կմտածի իր ինքնապաշտպանության մասին։ Համոզված եմ՝ գյուղում մարդիկ կան, որոնք ահաբեկված են, իրենք էլ չգիտեն ինչպես անել, քանի կողպեքով դուռը կողպեն, ինչպես պաշտպանեն իրենց։
Իսկ դա գյուղացու խնդիրը չպիտի լիներ, էդ բնակատեղիում ապրող մարդու խնդիրը չպիտի լիներ, ինքը պիտի վստահեր ոստիկանությանը, պիտի վստահեր արդարադատությանը, որ հանցագործները ոչ միայն կբռնվեին, այլ դատաքննության ընթացքում կպարզվեր ողջ ճշմարտությունը։

Ոչ ոք այդ ներքին զգացումը չունի իր մեջ, դրա համար ամեն մեկը փակվում է իր մեջ, փորձում է ելքեր գտնել։ Եթե ինչ-որ ընտանիք գյուղը լքի, հեռանա այս դեպքի պատճառով, ես չեմ զարմանա, պաշտպանության ձև է»,-ասում է Աշոտ Հակոբյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հարևանու հարցազրույցին, որն ասում է, թե գիշերվա կեսին երեխայի լացի ձայն է լսել ու մոր՝ «վայը», բայց «հայավարի է մտածել», թե երևի մայրն է երեխային սաստում։

«Հայավարին իր ասածը չէ, հայավարին հենց այն է, երբ առքով մտնում ես հարևանի տուն ու կնոջը կարգի ես հրավիրում՝ տիկին, էս ինչ կերպ ես վերաբերվում երեխային, իհարկե, կարող եմ առքով մտնել, եթե ապրում եմ հայավարի, բայց խնդիրն այն է, որ հարևանության ինստիտուտից բռնած՝ ձևախախտվել է։

Դրա համար մենք ամեն մեկս ինքնապաշտպանական բնազդով փակվել ենք փոքրիկ պատյանի մեջ ու չենք ուզում քթներս դուրս հանել։
Պարզապես զգուշացնում եմ՝ էդպես փակված էլ մնացեք մարդիկ, բայց որ փակված եք մնում, թանկ ենք վճարում բոլորս, դուք էլ մեզ հետ, իմ գործը չէ, հա բա քարանձավից ի վեր մարդիկ գիտեն, որ անտարբերությունն ամենամեծ հանցագործությունն է»,-ասում է Աշոտ Հակոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930