Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում կայացել է «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողովը

Նոյեմբեր 16,2022 22:40

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աջակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով, որին իրենց մասնակցությունը բերեցին  առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Քննարկվեցին  Արցախում հայկական մշակույթի  պահպանության խնդիրները, անդրադարձ կատարվեց նաև աշխարհաքաղաքական, դիվանագիտական և իրավական հարցերին:

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովների շարքում այս հանդիպումն արդեն չորրորդն է։

Քննարկվեցին արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերը՝ մտահոգությամբ անդրադառնալով հուշարձանների ոչնչացման փաստերին, ինչպես նաև արձանագրելով նախկինում Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետևողական պրակտիկան: Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, 1997-2006 թվականներին, Նախիջևանի ողջ տարածքում ոչնչացվեց 89 եկեղեցի, մոտավորապես 6000 խաչքար և ավելի քան 22000 տապանաքար:

Համաժողովն ընդգծեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմական հուշարձաններից հայկական հետքերը վերացնող աշխատանքային խմբի գործունեությունը և թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մշակութային ժառանգության մասնագիտական ու մոնիտորինգի անկախ խմբերին և համապատասխան այլ կազմակերպություններին հետևել Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ներկա վիճակին: Համապատասխան շահագրգիռ կողմերը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ապահովեն աղոթատեղիներ և գերեզմանատներ մուտք գործելու հիմնարար իրավունքները:

Կազմակերպիչները խոստացան շարունակել համատեղ աշխատանքները և համաժողովի ավարտից հետո ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում կայացած համաժողովների ժամանակ բարձրաձայնված խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ:

Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի ապահովելու Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930