2022թ․-ի նոյեմբերի 5-ին՝ Արցախի ապագայի օրակարգով ընդդիմության հրավիրած հանրահավաքի օրը հայտնի դարձավ, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի առնչությամբ քրեական վարույթով են անցնում այդ թվում այսօրվա ընդդիմադիր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ կամ նրանց ընտանիքի անդամներ, գաղափարակիցներ։ Ուշագրավ է, որ այս գործը «եփվել» է դեռեւս 2018թ․-ից եւ անցել մի քանի իրավական կառույցներով։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի հնարավոր ձերբակալման մասին տեղեկություններ են շրջանառվում վերջին օրերին, նոյեմբերի 5-ին ուղիղ եթերում որոշ մանրամասներ ներկայացրեց քրեական գործից՝ ասելով, որ հիմքում դրված է վատնումը․ «Դավիթ Սանասարյանի ժամանակ ՊՎԾ-ն հաստափոր տեղեկանք է գրում բժշկական համալսարանի մասով՝ տարբեր տարիների տարբեր ռեկտորների վերաբերյալ։ Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, թե իբր բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում բիզնես հարաբերություններ է ունեցել դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ընկերություններից մեկի հետ ․․․․Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ։ Գործի մանրամասների մասին, գործարքի և այլն թաքցնելու բան չունեմ։ Հիմա չեմ ուզում ծանրաբեռնել։ Չորս տարվա ընթացքում ոչ մի իրավապահ մարմին որևէ «չէպէ» ինձ վրա չի գտնվել։ Ինձ փորձում են վերագրել՝ իբր ես հորդորել եմ, որի արդյունքում բժշկական համալսարանն անարդյունավետ ծախս է արել։ Մի բան ուզում եմ վստահեցնել, որ որևէ կոպեկ այդ գործարքներից, բացի ինձ հասանելիք պաշտոնական աշխատավարձից, ինձ չի հասել․․․»։
Նույն ուղիղ եթերի ժամանակ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել է․ «Այս գործով հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ՝ 2018-ից սկսված։ Եկել են այն համոզման, որ որևէ հանցակազմ այդտեղ չկա և լինել չի կարող․․․Այստեղ իրավաբանություն չկա։ Նիկոլին փոխանցեմ հետևյալը։ Եթե ուզում ես մարդ բռնես, ավելի լավ է Վանոյի նման բռնի․ պլան գցիր գրպանը, նստացրու, ոչ թե էշությամբ զբաղվիր․․․Նիկոլի օրոք ցանկացած ստոր զարգացում ակնկալելի և սպասելի է։ Ոչինչ զարմացնող չէ։ Ցուցմունք ենք կորզում Աշոտյանի դեմ, որ հետո էլի մասկի շոուով նրան բռնեն»։
Հիշեցնենք, որ նշյալ գործին վերագրվող ժամանակահատվածում Արմեն Աշոտյանը բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, իսկ Միքայել Նարիմանյանը՝ ռեկտորը։ Միքայել Նարիմանյանին օրերս ձերբակալել էին, հետո՝ ազատ արձակել։ Մամուլը գրում է, որ իրավապահ կառույցների ղեկավարները ջանում են ցուցմունք կորզել Արմեն Աշոտյանի դեմ, սակայն առայժմ չի ստացվում։
Կարդացեք նաև
Ուսումնասիրելով այս գործի վերաբերյալ մամուլին հայտնի դարձած տեղեկությունները՝ արձանագրում ենք, որ 2015թ․-ին Երեւանի պետական բժշկական համալսարանը որոշել էր Սեւանի ափին գտնվող հանգստյան տնից գույք ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակը եւ կոնֆերանս-դահլիճը։ Համալսարանը մոտ 200 միլիոն դրամ է վճարել «Ծովասար» հանգստյան տանը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ընտանիքին։ 2018թ․-ին ՊՎԾ-ում գտել են, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից ավելի թանկ, ասել է թե՝ այն ձեռքբերողները վատնում են արել։
2019թ․-ի հունիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ Երևանի պետական բժշկական համալսարանը 2015 թվականին ձեռք է բերել 222 միլիոն դրամի գույք՝ առանց գնման որևէ ընթացակարգի, շուկայականից բարձր արժեքով: ՊՎԾ-ն կասկածներ ուներ, որ գույքն օգտագործվել է առեւտրային նպատակներով։ Այդ ժամանակ Azatutyun.am-ի հետ զրույցում համալսարանի ներկայացուցիչը վրդովմունք էր հայտնել, որ ՊՎԾ-ն իրենց ուղղված գրությամբ մինչև հունիսի 15-ը ժամանակ էր տվել կարծիք գրելու, բայց առանց իրենց պատասխանին սպասելու՝ հայտարարություն է արել։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մասնավորապես ասել էր․ «ՊՎԾ-ն ոչ պրոֆեսինոնալ և գործընկերային է վարվել․․․Գրեթե կես միլիոն դոլարով ձեռք է բերվել հանգստյան գոտի Սևանի ափին, որը ծառայում է բուհի և դրա կազմում գտնվող հաստատությունների աշխատակիցներին։ 2017 թվականի հունիսից գույքը օգտագործվում է, համալսարանի աշխատակիցներ են էնտեղ հանգստանում։ Մեզ պատկանող կոնֆերանս դահլիճն ու 6 ապարտամենտները առևտրային նպատակով չեն գործածվել»։
Որոշ ժամանակ անց ՊՎԾ-ն հայտարարեց, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։ Նույն թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ բժշկական համալսարանի մասին պետական վերահսկողական ծառայության զեկույցի հետքերով, եւ ընթանում է նախաքննություն։
Արմեն Աշոտյանի հետ կապված մեկ այլ գործ էլ վերաբերում է մամուլի ակումբներից մեկում նրա հարցազրույցին․
2022թ․-ի փետրվար․ Aravot.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը: Հարցազրույցի տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է եւ առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործեր հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ: Այս առիթով Aravot.am-ի հարցին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասել էր, որ ինքը գործընթացից տեղյակ չէ, ոստիկանությունից որեւէ փաստաթուղթ չի ստացել, ուստի որեւէ մեկնաբանություն չի անի: Հիշեցնենք, որ այդ օրը մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանը, արձագանքելով «վերբալ մարմնավաճառներ» վիրավորանքը վարչապետի կողմից «քաղաքական գնահատական» հռչակելուն՝ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «գեոպոլիտիկ պուտանկա»:
Մյուս պատմությունը կապված է Արմեն Աշոտյանի վարորդի հետ․
2019թ․ օգոստոսին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր․ «Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդն ու օգնականը հանդիսացած Արամ Բարսեղյանի և մյուսների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վերջին օրերին սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից տարածած անհիմն հայտարարություններն Արամ Բարսեղյանի նկատմամբ իբր քաղաքական հետապնդում իրականացվելու վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը. Արամ Բարսեղյանին 2019թ. օգոստոսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:
2009-2017թթ-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը: Առաջադրված մեղադրանքում Արամ Բարսեղյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը։ Հաշվի առնելով նշված հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հիմքեր առկա չեն, ուստի Արամ Բարսեղյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է»։
Այս առիթով Արմեն Աշոտյանը 2019թ․-ի օգոստոսին գրառում էր կատարել․ «․․․Եվս մեկ անգամ շեշտում եմ, Արամը ընդունեց մեղքը ու գումարը վերադարձվել է, նա չի խորշել դրանից։ Արամի ձերբակալությունն համարում եմ քաղաքական հետապնդում։ Ու հենց դրա համար հարց է ծագում: Ինչու՞ այսօր ՀՔԾ-ն գնաց այս ճանապարհով, եթե կարելի էր ի սկզբանե չեփել այս ամբողջ շիլան ու նույն բանն անել դեռ երեկ, առանց Արամին քաղաքական շարժառիթներով և անհիմն ձերբակալելու։ Ինչու՞, եթե մենք պատրաստակամ էինք ողջ վերագրվող վնասը փոխհատուցել՝ մինչև դատարանի վերջնական վճիռը: Պատասխանն իմ համար պարզ է:
Իշխանությունները չստացան 3 ակնկալվող արդյունք՝ իմ վրա ցուցմունք, իմ լռությունը և հանրային աջակցություն: Արամը չկոտրվեց և իմ վրա շինծու ցուցմունք չգրեց։ Ինձ լռեցնել չհաջողվեց: Իսկ հանրային կարծիքը շնորհիվ բազում ազնիվ ու շիտակ մարդկանց, անկախ քաղաքական տարաձայնություններից, մերժեց «Հերթական թալանչին» ի սկզբանե ձախողված ներկայացումը․․․Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը»։
Մեկ ուրիշ պատմություն կապված էր մարզային դպրոցներից մեկի հետ․
2018թ․-ին հայտնի դարձավ Զոլաքարի դպրոցի դեպքի մասին․ նոյեմբերին ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն հարցաքննության, իր ձեւակերպմամբ, անհեթեթ մի գործով․ այն հարուցվել էր մինչեւ իշխանափոխությունը, բայց ինքը սկսել է գործով վկա անցնել ընդդիմություն դառնալուց հետո։ Խոսքը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N2 դպրոցին․ երեք դիմորդի ուսումը պետպատվերով կազմակերպվել էր, բայց նրանք չէին աշխատել, ու Մանկավարժական համալսարանը դիմել էր դատարան՝ շուրջ 4 միլիոն դրամ դպրոցից գանձելու պահանջով։ Արմեն Աշոտյանն այդ առիթով նաեւ նշել էր, որ հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին կախվում է մի դատավճիռ, որի արդյունքում դպրոցը կկանգնի փակման եզրին, դրա համար էլ որպես նախարար հարկ է համարել միջամտել ու խնդրել Մանկավարժական համալսարանի ռեկտորին՝ հրաժարվել գումարը փոխհատուցելու պահանջից: Aravot.am-ը Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանից հետաքրքրվել էր՝ տեղյա՞կ է, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու մասին եւ գործը Հատուկ Քննչական ծառայություն է ուղարկվել, ինչպես նաեւ նոր քրեական գործ է հարուցվել: Զոլաքարի դպրոցի տնօրենն ասել էր, որ դպրոցի ու մանկավարժական համալսարանի խնդիրը իր պաշտոնավարումից առաջ է եղել: Ապա հրաժարվել էր ինչ-ինչ մեկնաբանություններ անելուց։ «Եթե գումար ունենար դպրոցը, գանձեին, բայց եթե չուներ, որտեղի՞ց գանձեին»,-նեղսրտել էր նա ու անջատել հեռախոսը։
2020թ․-ին քննչական կոմիտեն այս գործն ուղարկել էր հատուկ քննչական ծառայություն՝ հայտարարելով․ «ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին»։
Դառնալով այսօրվան․
Գիշերն օդանավակայանի անձնագրային հսկողության կետում արգելվել է Արմեն Աշոտյանի մեկնումը Լիսաբոն։ Ընդ որում, ինչպես այսօր ՀՀԿ փոխնախագահն ասաց, իրեն տեղում ասել են, թե ինչ-որ գործով ինքը մեղադրյալ է, սակայն ինքը չի ստացել մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին ծանուցում, ավելին՝ չկա ծանուցում այն մասին, որ իր հանդեպ կիրառված է երկրից չհեռանալու վերաբերյալ խափանման միջոց։
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Եվրոպական Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը դատապարտել է Հայաստանի կառավարության գործելաոճը Արմեն Աշոտյանի հետ կապված դեպքի առիթով։
Վերջին օրերին մամուլը պարբերաբար գրում է, որ Արմեն Աշոտյանին ամենայն հավանականությամբ կձերբակալեն «բժշկականի գործով»։ Այսօր հայտնի դարձավ, որ ուշ երեկոյան նա հրավիրվել է քննչական կոմիտե։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ