Էջմիածնի «Քիմիկների» զորամասի 40 զինծառայողների զոհվելու, անհետ եւ գերեվարվելու համար մեղադրվող փոխգնդապետ Արսեն Աբգարյանի փաստաբան Համբարձում Հարությունյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում քննվող դատական նիստին չի ներկայացել։ Aravot.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ նիստերի դահլիճում տուժողների հարազատներն անընդհատ վիրավորում են, խոսում են, տեղից արձագանքում են, իսկ ինքը նման պայմաններում չի կարող աշխատել, պաշտպանել վստահորդի շահերը։
«Չեմ կարող աշխատել նման պայմաններում։ Անընդհատ վեճ է լինում,նախորդ նիստում էլ տուժողի հարազատը տեղից բղավեց՝ կախեք․․․։ Ես էլ դատավորին օրինական ձեւով գրեցի, որ նման պայմաններում հնարավոր չէ ներկայացնել անձի շահերը։ Տուժող կողմը չի թողնում դատական նիստն առաջ գնա, ոնց որ իրենք պետք է որոշեն՝ ով է մեղավոր, ով՝ ոչ»,-ասաց փաստաբանը։
Նա կրկին հիշեցրեց՝ ինքն էլ է նույն վիճակում․«Իմ եղբոր երեխային էլ են սպանել, բայց դահլիճում նստածների երեխային հաստատ հրամանատարները չեն սպանել։ Հա, անհետ կորել են, գերեվարվել, նուրբ հարց է, ու դա պետք է քննությունը պարզի։ Ես խոսում եմ, ինքը խոսում է, դատավորը նկատողություն է տալիս, ու էլի նույն վիճակը։ Չի կարելի նիստին մարդկանց վիրավորել, չեմ կարող աշխատել նման պայմաններում, ճնշում են գործադրում»։
Այսօրվա նիստում պետք է դատախազը հնչեցներ մեղադրական եզրակացությունը, սակայն քանի որ պաշտպանը ներկա չի եղել, այն չի հնչեցվել, նիստում քննվել է Հարությունյանի միջնորդությունը, եւ, ինչպես ասաց փաստաբանը, մինչեւ դատարանի դահլիճում կարգուկանոն չլինի, խնդիրը չլուծվի, ինքը չի գնա, մեղադրականն էլ չի ներկայացվի․ «Իմ միջնորդությունը կարդալու ժամանակ մեկը կանգել մյուսին ասել է՝ վիզդ կկտրեմ։ Դատարանը նկատողություն է արել եւ այլն»։
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ իր համար գլխավոր խնդիրը իրականությունը բացահայտելն է, նշեց՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանի հետ մտերիմ է, եւ չնայած այս հանգամանքին, ինչպես ինքն ասաց՝ եթե Արսենը մեղավոր է, ապա պետք է պատասխան տա․ «Բայց պետք է թույլ տան, որ դատարանում հանգամանքները պարզվեն։ Չնայած, որ քրեական գործի նյութերով Արսենի մեղավորությունը չի հիմնավորվում։ Կամ եթե մեղադրում են, որ զինծառայողներին թողել է, գնացել է, կամավորության սկզբունքով թողել, եկել են»։
Ապա փաստաբանն ասաց՝ ինքը գումարի համար չէ պաշտպանում Արսեն Աբգարյանին, նրանից անգամ հարյուր դրամ չի վերցրել իր աշխատանքի դիմաց։ Թե ինչո՞ւ է անվճար ծառայություն մատուցում, փաստաբանը նշեց․ «Արսենը զինծառայող է, էդ վիճակով մեր սահմանն է պահում, ես էլ իմ պարտքն եմ անում զինծառայողի հանդեպ»։
Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետեւանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու հանգամանքները։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, 2021թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։ Արսեն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնական դիրքը, ինչպես նաեւ հանդիսանալով պետ՝ ենթակա անձնակազմի նկատմամբ, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Սարգիս Կուլակչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ժամանակավորապես կատարելով Ն զորամասի հրամանատարի պարտականությունները, իր գործողություններով օժանդակել է զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական դիրքը չարաշահելուն: Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարությունյանը զբաղեցնելով Ն զորամասի համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանագրքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ