Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն վերաբերող բանաձևի ընդունումը մեզ համար շատ կարևոր միջազգային զարգացում է։ Ֆրանսիայի օրենսդիրի այս փաստաթուղթը լավագույնս է ներկայացնում այն մեխանիզմերն ու գործիքները, որոնցով պետք է զսպվեն Ադրբեջանի ծավալապաշտական և հանցագործ նկրտումները։
Փաստաթուղթն Ադրբեջանին համամարդկային և միջազգային խաղի կանոններ հարգել ստիպելու մասին է, պարտադրանք՝ հարգելու այլ պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ հակառակ դեպքում, միջազգային քրեական դատարանի առջև կանգնելը պետք է անխուսափելի դառնա։
Դրա հետ մեկտեղ, բանաձևում, կարևոր արձանագրում կա Արցախի մասով․ կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման դեպքում։ Սա պետք է ամրագրվի բանակցություններում և այս օրակարգից շեղում չլինի։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ողջունում է մեր բարեկամ Ֆրանսիայի Սենատի այս նախաձեռնությունը։ Թերևս սա պետք է օրինակ դառնա համաշխարհային այլ խաղացողների համար և ունենա գործնական շարունակություն։ Աշխարհաքաղաքական անկայուն այս իրավիճակում Ադրբեջանի ախորժակը զսպել հնարավոր է միայն միջազգային ճնշման, համամարդկային իրավունքները պաշտպանելու հարցում հետևողականության և հանցագործին իրեն հասանելիք պատիժը սահմանելու դեպքում։
Կարդացեք նաև
Հույս ենք հայտնում, որ Ֆրանսիայի Սենատի կոչերը կունենան բովանդակային շարունակություն, և առաջիկայում Ֆրանսիայի կառավարության կողմից կլինեն գործուն քայլեր բանաձևը կյանքի կոչելու համար։
«Ապրելու երկիր» կուսակցություն