Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գնան հանրահավաքների մասնակցեն, ցավոք, վերջին հանրահավաքներին նրանց չեմ տեսնում, շատ մտահոգում է ինձ, կոչ եմ անում, որ մասնակցեն». Փաշինյանը՝ ԱԳՆ նախկին պաշտոնյաներին

Նոյեմբեր 16,2022 18:03

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը վարչապետ Փաշինյանին հարցրեց, թե դիվանագիտական կորպուսում 2023-ին ինչ փոփոխություններ են լինելու, լինելո՞ւ է քաղաքականության փոփոխություն: Փաշինյանը պատասխանեց. «Մենք նկատեցինք, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք: Մենք շատ շնորհակալ ենք մեր սփյուռքյան հայրենակիցներին, ովքեր 90-ականների սկզբին, երբ բյուջե չի եղել կարգին, դեսպանատներ հիմնելու համար ֆինանսավորել են: Բայց կներեք, 2020-22թթ-ին դեսպանատների մասնավոր ֆինանսավորո՞ւմ: Հիմա պատկերացրեք Հայաստանում լինի ոստիկանության բաժին, որի փողը տալիս է մասիվցի մեր սիրելի հայրենակից այսինչ այսինչյանը: Մեր ռեակցիան ի՞նչ կլինի: Ես խնդիր եմ դրել, ասել եմ՝ ժողովուրդ, դադարեցրեք: Արգելել եմ, հլը պիտի ստուգենք այդ արգելքը: Ենթադրենք, Ազգային ժողովի այսօրվա նիստերի հովանավորն է …»,- ասաց Փաշինյանն ու սկսեց ծիծաղել: Դահլիճից անուններ էին հնչում, հովանավորների տարբերակներ:

Վարչապետն ասաց, որ տարօրինակ բաներ են բացահայտել. «Շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ դեսպան ունենք, շատ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի հատ շենքում միջանցք է՝ բառի բուն իմաստով: Մենք շենքեր ենք ձեռք բերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի, ի վերջո ՀՀ սեփականությունն է ու դա կապիտալ ներդրում է ի վերջո: Մենք այդ քաղաքականությունը պիտի շարունակենք»:

Ինչ վերաբերում է դիվանագիտության մեջ քաղաքական նշանակումներին, Փաշինյանը հիշեց իր նախկին խոսքը, թե «քաղաքական նշանակումները պետք է մինիմալի հասցնենք», նման խոսք հնչել էր նաեւ բուհերի կառավարման մասին. «Այդ շանսը տրվել է ե՛ւ դիվանագիտական համակարգին, ե՛ւ բուհական համակարգին: Բայց ո՞վ է ասել, որ երբ այդ շանսը, այդ կամքը չարաշահվում է, անգլերենում արտահայտություն կա՝ take it for granted, ռուսերենում՝ само собой разумеющееся: Այդպես չի, հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետեւ այն ինչ արեց ԱԳՆ-ն նախարարների ու փոխնախարարների մասնակցությամբ, դրա հետեւանքները…Հիմա իհարկե նրանք զբաղված են «գիտագործնական շատ կարեւոր» աշխատանքներով, բայց հետեւանքները չեն կարող այդպես լինել, չի կարող լինել երկրում նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում: Չի կիսում, թող գնան հանրահավաքների մասնակցեն, ինչը եւ արել են: Ցավոք, վերջին հանրահավաքներին նրանց չեմ տեսնում, ինչը շատ մտահոգում է ինձ, կոչ եմ անում, որ մասնակցեն բոլոր հանրահավաքներին, նստացույցներին, կառավարության շենքի դիմաց կազմակերպվող ակցիաներին, որովհետեւ կարծում եմ, որ դա իրենց դիվանագիտական պոտենցիալը արտահայտելու ամենալավ հարթակն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930