Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պետք է զերծ մնա խրախուսել Ադրբեջանին ընդդեմ Իրանի. Էլդար Մամեդով

Նոյեմբեր 16,2022 17:58

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը ծավալուն հոդված է հրապարակել վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի միջև լարված հռետորաբանության և դրանում ԱՄՆ դերակատարության մասին. 

Արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ մշտական ​​թույլ կողմերից մեկը նրա հակվածությունն է՝ ակտիվացնելու այն, ինչը ականավոր գիտնական Բարրի Պոզենն անվանում է «անզգույշ վարում»՝ միտումնավոր, կամ ոչ՝ քաջալերել ԱՄՆ դաշնակիցներին և գործընկերներին վարել ռիսկային քաղաքականություն, որին նրանք հակառակ պարագայում ձեռնամուխ չէին լինի, եթե չհավատային, որ Վաշինգթոնն իրենց թիկունքում կանգնած է:

«Անզգույշ վարելու» դասական օրինակ է 2008թ. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշումը՝ հարձակում սկսել Հարավային Օսիայի անջատված տարածքը վերագրավելու համար, ինչը հանգեցրեց Ռուսաստանի կործանարար պատասխանին: Սաակաշվիլին իր գործողություններում ոգևորված էր չափից ավելի վստահությամբ, որ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը նշաններ է ցույց տալիս աջակցելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հավակնություններին: Արդյունքում Վաշինգտոնը ոչ միայն չեկավ Սաակաշվիլիին փրկելու, այլ վերջինիս և Վրաստանի՝ որպես անկախ պետության գոյատևումը կախված էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից Մոսկվայի հետ բանակցած հրադադարի համաձայնագրից:

Ավելի թարմ օրինակը վերաբերում էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալմանի խոստմանը «պատերազմը տանել դեպի Իրան»՝ դեպի իր գլխավոր տարածաշրջանային հակառակորդը: Նրան քաջալերել էր Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ «առավելագույն ճնշում» Թեհրանի դեմ և «գործողությունների առավելագույն ազատություն» Էռ-Ռիադի, այդ թվում բեն Սալմանի՝ Եմեն աղետալի ներխուժման նկատմամբ:

Այնուամենայնիվ, երբ 2019թ. Իրանը հրթիռներ արձակեց Սաուդյան Արաբիայի նավթային առանցքային օբյեկտների վրա՝ պատճառելով լուրջ վնաս, Միացյալ Նահանգները չկարողացավ ռազմական պատասխան տալ՝ ի պաշտպանություն Էռ-Ռիադի:

Ինչպես ցույց են տալիս այս երկու օրինակները, գրեթե անվերապահ աջակցություն առաջարկելը խրախուսում է հավակնոտ տարածաշրջանային դերակատարներին գործել՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ Վաշինգթոնը հանդես կգա ի պաշտպանություն իր գործընկերների: Քանի որ նրանց գործողությունները, սակայն, կարող են հակասել ԱՄՆ-ի շահերին, ենթադրյալ ԱՄՆ աջակցությունը չի իրականացվում, և այդ դերակատարները բախվում են իրենց սխալ գնահատականի (սովորաբար աղետալի) հետևանքների հետ:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել «անզգույշ վարելը»: Անցյալ հինգշաբթի Պետքարտուղարության մամուլի ճեպազրույցի ժամանակ խոսնակ Նեդ Փրայսը, երբ նրան հարցրեցին Իրանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության մասին, միանշանակորեն աջակցեց Ադրբեջանին: Փրայսի խոսքով՝ Իրանը «վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»։ Հետևաբար, Միացյալ Նահանգները «կկանգնի իր գործընկերների կողքին, կաջակցի նրանց և, ի վերջո, դեմ կկանգնի Իրանի ապակայունացնող ազդեցությանը»:

Հասկանալի է, որ Իրանը դիտարկվում է բացասական լույսի ներքո, հատկապես այդ երկրի վարչակարգի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ շարունակվող արյունալի ճնշումների և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին Թեհրանի ակտիվ աջակցության համատեքստում:

Այնուամենայնիվ, Հարավային Կովկասին ուշադիր հայացք նետելիս բացահայտվում է ավելի նրբերանգային պատկեր: Ճիշտ է, Իրանը վերջերս ուժեղացրել է իր հռետորաբանությունը Ադրբեջանի դեմ, որին մեղադրում է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ համագործակցության մեջ: Իրանը սպառնալից զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ, մեղադրել է Բաքվին Շիրազ քաղաքում շիաների սրբավայրի վրա կատարված ահաբեկչության հետևում կանգնած լինելու մեջ՝ մինչ այժմ չներկայացնելով իր պնդումները հաստատող համոզիչ ապացույցներ:

Բայց Ադրբեջանը հեռու է անմեղ լինելուց այս արագ սրվող ճգնաժամում: Ամիսներ շարունակ ադրբեջանական պետական ​​ԶԼՄ-ները հեռարձակում են անիրեդենտիստական ​​կոչեր Իրանի հյուսիսարևմտյան շրջանների անջատման մասին, որոնք ադրբեջանցի ազգայնականներն անվանում են «Հարավային Ադրբեջան»: Ադրբեջանի նման խիստ վերահսկվող համակարգում աներևակայելի է, որ նման բորբոքված հռետորաբանությունը կանաչ լույս չի ստացել իշխանության ամենաբարձր օղակների կողմից:

Այս համատեքստում Բաքվի իշխանությունները ձերբակալել են շիա հավատացյալներից բաղկացած իրանական լրտեսական ցանցի ենթադրյալ անդամների, որոնք մեղադրվում են Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքների և ռազմական ակտիվների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մեջ: Նման պնդումներին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Բաքուն քաղաքականապես ակտիվ շիաներին Իրանի գործակալներ անվանելու փորձ ունի. մեղադրանքներ, որոնք անհնար է ապացուցել՝ հաշվի առնելով երկրում անկախ և անաչառ դատարանների բացակայությունը:

Ինքը՝ նախագահ Իլհամ Ալիևը, որդեգրեց ավելի ու ավելի սադրիչ բառապաշար՝ հավակնելով թիկունք դառնալ Իրանի մեծաթիվ էթնիկ ադրբեջանցի բնակչությանը: Ադրբեջանի նորահայտ դերը որպես Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին գազ մատակարարող, հավանաբար ավելացրին Ալիևի անխոցելիության զգացումը Իրանի նկատմամբ:

Իրանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պատասխան կրակ բացեցին՝ ազդեցիկ ռեֆորմիստական թերթում հրապարակված հոդվածով, որը կոչ է անում Թեհրանին չեղյալ համարել դիվանագիտական ​​ճանաչումը, որը նա տվել է Ադրբեջանին 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո:

ԱՄՆ-ի համար այս վեճի մեջ ներքաշվելու որևէ նկատելի ազգային շահ չկա: Արևմուտքում Ադրբեջանի գլխավոր հաղթաթուղթը` գազը, չի հասնում այն ​​մասշտաբների, որպեսզի այն դարձնի ռուսական մատակարարումների կենսունակ այլընտրանք: ԵՄ-ի հետ ստորագրված Բաքվի «փոխըմբռնման հուշագիրը» չի պարտավորեցնում ապահովել նույնիսկ այն համեստ ծավալները, որը հնարավոր է:

Հետևաբար, Միացյալ Նահանգների համար լավագույն տարբերակը կլինի չեզոքություն պահպանելը և երկու կողմերին լարվածությունը թուլացնելու կոչ անելը: Փրայսի խոսքերը, սակայն, կարող են մեկնաբանվել որպես Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական ճանապարհով օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն: Դա միայն ավելի կխրախուսի Ալիևի «կծոցներն» Իրանի նկատմամբ: Միացյալ Նահանգները, սակայն, ինչպես նախկինում Սահակաշվիլիի և բեն Սալմանի դեպքում, չի փրկի նրան, եթե և երբ նա անցնի սահմանները: Ուստի Վաշինգտոնը չպետք է խրախուսի Բաքվում կեղծ ակնկալիքները:

Կովկասում Վաշինգթոնը և Թեհրանը վերջերս աշխատում են ավելի շատ նույն ուղղությամբ, քան խաչաձև նպատակներով: Երկուսն էլ ավելի ու ավելի են անհանգստանում Ադրբեջանի ագրեսիվ փորձերից՝ միակողմանիորեն պարտադրելու խաղաղություն տարածաշրջանում իր պայմաններով։ Վաշինգթոնը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները հայկական տարածքի վրա. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ի նշան աջակցության մեկնել է Երևան։

Իրանն, իր հերթին, նույնպես ուղղվել է դեպի Հայաստան։ Այն հյուպատոսություն է բացել սահմանամերձ Կապանում, ինչը խորհրդանշական ժեստ է, որը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի այն տարածքին, որի նկատմամբ հավակնություն է ներկայացնում Ադրբեջանը: Մինչ Իրանը առաջնորդվում է իրական քաղաքականությամբ, ինչպիսին է Հայաստանի հետ իր հազարամյա կապը կորցնելու վախը, նրա քաղաքականության մաքուր արդյունքը օբյեկտիվորեն նպաստում է Վաշինգթոնի հայտարարած նպատակներին՝ խաղաղություն՝ հիմնված տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա:

Նման խաղաղությանը խթանելը և Իրանի դեմ Ադրբեջանին աջակցելը փոխադարձաբար համատեղելի քաղաքականություններ չեն։ Այն կարող է աշխատել միայն Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրական հաշտեցման գործընթացի դեպքում: Այդուհանդերձ, հաշվի առնելով երեքի միջև առկա թունավոր պատմությունը, լավագույն ժամանակներում նման հաշտեցման հասնելու համար կպահանջվեն տասնամյակներ՝ վստահություն ձևավորելու համար, էլ չասած, որ Ադրբեջանը մշտապես սպառնալիքներ է հնչեցնում: Այս պայմաններում Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընտրություն կատարել:

ԱՄՆ պաշտոնյաներին խորհուրդ կտանք հաշվի առնել հեռավոր շրջաններում հակամարտությունների բարդությունները, նախքան նրանք շտապեն առաջարկել ուժեղ, անվերապահ աջակցություն (նույնիսկ հռետորական) կողմերից մեկին, հատկապես, եթե այդ կողմի անխոհեմ քաղաքականությունը հակամարտությունը բորբոքելու հիմնական գործոնն է:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930