Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ, եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն». Փաշինյան

Նոյեմբեր 16,2022 17:36

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղաղության օրակարգին ու դրա հետ կապված ընդդիմության քննադատությանը: Նա ասաց, որ չի ընդունում, թե հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի քաղաքականության մասին խուսափողական է: Նրա գնահատմամբ` Վալդայ ակումբում ՌԴ նախագահի հայտարարությունը շատ օգտակար էր ու թույլ տվեց մի շարք հարցեր պարզաբանել. «Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց ու եթե կառավարության դիրքորոշումը խուսափողական է, ըստ էության, մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում է ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք ընդունել: ԼՂ նախագահի հետ մենք վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել ենք: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ պետք է մերժի ՀՀ-ն ՌԴ-ի առաջարկները, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայնեն»:

Գնահատելով անվտանգային միջավայրը տարածաշրջանում՝ Փաշինյանն ասաց, որ հայտարարությունների մակարդակով տեսնում են լարվածություն. «Մեր դիրքորոշումն այն է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից 2021-ի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքերից: Ըստ էության, միջազգային հանրությունը մեզ աջակցում է եւ հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես կպաշտպանի: Թվում էր, թե հակառակը պետք է լիներ, տարօրինակ է իրավիճակը»:

Նա հայտարարեց, որ չեն ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, բայց քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի ի՞նչն է, դա են ուզում ընդգծել ու կարեւոր է, որ ՀԱՊԿ-ը արձագանքի այս իրավիճակի հետ կապված, դրանից է կախված քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ եւ մեր հարաբերությունները. «Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021-ի մայիսից առաջ էլ կան տարածքներ, որ ՀՀ-ն, օրինակ, օկուպացրել է: Իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից: Ես ուզում եմ ձեզ ասել մեր դիրքորոշումը: Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն` որտեղից որտեղ պետք է գնա: Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն: Եթե մենք վերցնում ենք Խորհրդային միության սահմանը եւ եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը հյուսիս-արեւելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է, որ այնտեղ ինչ-որ սահման կա, բաժանում ու գիծ կա: Ասում ենք ՝ցույց տվեք մեզ գիծը, դա կարող է լինել մեզ հետաքրքիր, չենք մերժում դա: Որովհետեւ այդ նույն տարածքում հայկական 4 գյուղերի տարածքների մեծամասնությունը օկուպացված է: Կարող եմ բերել կոնկրետ օրինակ, օրինակ, Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70%-ը օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի 70%-ը, Վազաշենի վարելահողերը՝ 92-94թթ-ին: Մենք ասում են՝ ցույց տվեք քարտեզը, սահմանի գիծը ու ցույց տվեք, թե այդ գիծը ինչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում նաեւ մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել մինչեւ ամբողջ սահմանի երկայնքով ոչ ադրբեջանական, հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն, մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումների եւ ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել իմ վրա: Ես ուզում եմ ե՛ւ հայ, ե՛ւ միջազգային հանրությունը սա արձանագրի՝ պայմանով, որ մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք քարտեզի մասին պատկերացում չունեն, միանգամից չսկսեն որակումներ տալ, խոսքը ՀՀ 29 հազար 800 քկմ-ն վերականգնելու, ոչ թե զիջելու մասին է»:

Խոսելով սահմանագծման, սահմանազատման մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք հույս ունեինք ու կար ըմբռնում, որ Խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ, հիմա կարծում ենք դա այնքան էլ իրատեսական չէ»:

Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունն ընդունելու հիման վրա:

ԼՂ հիմնախնդրի հետ կապված նա նշեց, որ ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ առաջ են քաշում ոչ թե կարգավիճակի, այլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը. «Այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մարմինը՝ խոսքը Ղարաբաղի հայերի մասին է: Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի կայանա ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930