Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական ջանքերն ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը». Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ 2023 թ. բյուջեն

Նոյեմբեր 16,2022 18:35

2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է 2022 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտային հատկացումները:

ԿԳՄՍ ոլորտային հատկացումները կկազմեն ավելի քան 250 մլրդ դրամ

Նախարարի խոսքով՝ միջոցների մեծ մասը հատկացվում է կրթության ոլորտին:

«Մարդկային կապիտալը մեր հիմնական ազգային հարստությունն է, և մեր ջանքերն ուղղված են դրա զարգացմանն ու բազմապատկմանը: Այդ գործում մեր նախարարությունը գլխավոր դերակատարներից մեկն է: Հաջորդ տարի ԿԳՄՍ նախարարության ընդհանուր բյուջեն կավելանա շուրջ 23,05 միլիարդ դրամով, որից 8 միլիարդը կուղղվի կրթության և սպորտի ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նախարարության համակարգման ոլորտներից առաջնայինը կրթությունն է՝ հատկապես հանրակրթությունը: Կրթության ոլորտին հատկացվում է միջոցների մեծ մասը: Այս տարվա նկատմամբ աճը կազմում է 9,01 % կամ 16 միլիարդ դրամ, որն առաջնահերթ ուղղվելու է հանրակրթության ոլորտին»,- ասել է Վահրամ Դումանյանը:

2023 թվականի ծրագրով կնորոգվեն 70-ից ավելի դպրոցներ և 19 նախակրթարաններ

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական առաջխաղացումը խթանող քաղաքականությունը՝ ապահովելով դրան համապատասխան վարձատրություն:

Մասնավորապես՝

  • 1,6 մլրդ դրամի հավելավճարներ կտրամադրվեն գյուղական համայնքներում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչներին, որոնց վարձատրությունն անկախ տարիֆիկացիոն ծանրաբեռնվածությունից կհաշվարկվի 1 դրույքի չափով,
  • 2,9 մլրդ դրամի լրացուցիչ հավելավճարներ կտրամադրվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչներին՝ խրախուսելով նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնելով առկա թափուր տեղերը,
  • փոքրաթիվ աշակերտներով դպրոցներում կվերանայվի բազմահամակազմ դպրոցների սկզբունքը՝ տարբեր դասարանների երեխաների ուսումնառությունը միավորելով միայն արվեստի և ֆիզիկական կուլտուրայի դասաժամերին: Նմանօրինակ դպրոցներում աշխատող ուսուցիչներին 1 դասաժամի համար կտրամադրվի 50 կամ 70 տոկոսի չափ հավելավճար՝ կախված դասարանների թվից: Ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզից,
  • 4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների հավելյալ վարձատրության համար,
  • 2,07 մլրդ դրամ կհատկացվի 100 դպրոցներում ժամանակակից ուսումնական լաբորատորիաների ձեռքբերմանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2023 թվականին 70-ից ավելի հանրակրթական դպրոցներ կլինեն կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման փուլում, որից 4-ը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ. դրանցում ներառված են նաև մարզադահլիճները: Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում մինչև 2025 թ. նախատեսվում է ևս 5 նոր մասնագիտության ներդրում՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:

Կառուցման և նախագծման փուլում են 19 մոդուլային մանկապարտեզներ, որոնցից 9-ում աշխատանքները կավարտվեն այս տարի: Պետությունը կապահովի նաև սոցիալապես խոցելի խմբերի ավելի քան 17 հազար երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Արդյունքային ցուցանիշների հիմքով 3 բուհերում կփորձարկվի նոր ծրագիր

Անդրադառնալով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ այն կուղղվի խոցելի խմբերի երիտասարդների, այդ թվում՝ մարտական գործողությունների մասնակից սովորողների ուսման վարձի փոխհատուցմանը: Կշարունակվեն ոլորտային որակավորումների մշակման և ներդրման աշխատանքները:

«Աշխատանքներ կտարվեն արդյունքային ցուցանիշների հիմքով բուհերի ֆինանսավորմանն անցնելու ուղղությամբ, 3 բուհերում փորձնական կներդրվի այդ համակարգը»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ նշված ուղղությունների համար լրացուցիչ կհատկացվի 25 միլիոն դրամ:

Արտերկրում կընդլայնվի հայագիտական կենտրոնների ցանցը

Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը ներկայում իրականացվում է 9 պետությունների 11 կառույցներում, ծրագրում ընդգրկված են շուրջ 200 ուսանող և հետազոտող: Նախարարի խոսքով՝  նախատեսվում է այդ ծրագրի շրջանակը ընդլայնել՝  տարեկան ընդգրկելով 2 կառույց:

Գալիք տարի ծրագրին կմիանան Ալիկանտեի (Իսպանիա) և Բռնոյի (Չեխիա) համալսարանները:

Գիտության ոլորտի հիմնական ուղղությունները

Գիտության ոլորտում նախատեսված են հետևյալ միջոցառումները՝

  • գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերականգնում,
  • գիտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոնների ստեղծում և գիտական կենտրրոնների վերանորոգում,
  • գիտական կադրերի համապատասխան ատեստավորում,
  • արտերկրի գիտնականների հայաստանյան գիտական տարածքում ինտեգրման դրամաշնորհային ծրագրերի իրականացում,
  • հեռավար ղեկավարվող լաբորատորիաների հիմնադրում,
  • արտերկրի լավագույն գիտական կենտրոններում գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման միջին ու երկարաժամկետ ծրագրերի իրականացում:

 

Ոլորտի զարգացման համար նոր և շարունակական միջոցառումներ իրականացնելու նպատակով 2023 թ. համար նախատեսվում է տրամադրել 29,8 միլիարդ դրամ, որը 16 տոկոսով ավելի է 2022 թվականի ֆինանսավորման ծավալից:

Նախատեսվում է թանգարանների նորոգում

Նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին:

«Մշակույթի ոլորտում շուրջ 1 մլրդ դրամի աճը կուղղվի երկու թանգարանի և մեկ պատկերասրահի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը և հիմնանորոգմանը: Հավելյալ շուրջ 370 մլն դրամ կհատկացվի կինո, ֆոտո և ֆոնո հավաքածուի՝ միջազգային չափանիշներին հարիր թվայնացմանը, ինչպես նաև կինոնկարների արտադրությանը:

Կառուցվում են նոր մարզադպրոցներ

Սպորտի ոլորտում կապահովվի մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստումը, ՀՀ առաջնությունների անցկացումը, ինչպես նաև Օլիմպիական, Պարալիմպիկ խաղերին, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը: Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները, մարզիչները և բժիշկները դրամական աջակցություն կստանան պետության կողմից: 2023 թվականին Երևանում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաև կապահովվի ԱՊՀ խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը: Նախատեսվում է նաև 100 մլն դրամ արժողությամբ գույք հատկացնել ուսումնական հաստատություններին և մարզական ֆեդերացիաներին»,- ասել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի գաղափարի արմատավորման նպատակով կշարունակվեն «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումները՝ 5 մարզաձևերից անցկացվող մրցաշարերով: 2023 թվականին կավարտվեն Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի երկու մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները: Հաջորդ տարի կշարունակվեն նաև հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

Երիտասարդության ոլորտում 2023 թվականին նախատեսված են հետևյալ միջոցառումները՝

  • համայնքներում 2 երիտասարդական կենտրոնների ստեղծում,
  • երիտասարդների իրազեկությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ավելի քան 1 տասնյակ ծրագրեր,
  • «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան պետական ներդրումային ծրագիր»՝ 2023 թվականի կատարողական ցուցանիշ սահմանելով 7935 շահառու ընտանիքներ:

2023 թվականին շուրջ 40 միլիոնով աճ է նախատեսվել նաև միջազգային համագործակցության և սփյուռքի աջակցության ծրագրերով, ինչը պայմանավորված է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ցանցի ընդլայնմամբ և վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչների թվի աճով:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930