Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսին շրջանցող ճանապարհին մնացած վարորդները բողոքում են, թե ինչու հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին թույլ չեն տալիս շարժվել

Նոյեմբեր 16,2022 17:16

Քսան օրից ավելի է՝ հայկական պետհամարանիշերով շուրջ 700 բեռնատարները 5-6 կիլոմետրանոց հերթում կանգնած են Թբիլիսին շրջանցող ճանապարհին: Հայաստանից Վրաստանով Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները բողոքում են, որ ռուսական և վրացական համարանիշներով մեքենաները անարգել առաջ են շարժվում, իրենք անշարժ կանգնած են, քանի որ իրենց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր։

Մեզ հաջողվեց կապ հաստատել Մհեր անունով վարորդի հետ, որը նոյեմբերի 31-ից կանգնած է Թբիլիսին շրջանցող ճանապարհի վրա, նրան միացած վարորդները մի բերան ասացին, որ մինչ այս պահը Հայաստանի իշխանություններից որևէ մեկը իրենց խնդրով չի հետաքրքրվել: Երբ զանգահարում են Վրաստանում Հայաստանի հյուպատոսություն, իրենց խոսքով, միաժամանակ 4 հոգու 4 տարբեր պատասխան են տալիս, մեկին ասում են, թե խնդիրը կարգավորված է, մյուսին, թե՝ այս պահին զբաղվում են խնդրով:

Թեպետ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարզաբանեց, որ Ռուսաստանը Ղրիմի կամրջի ահաբեկչությունից հետո խստացրել է մաքսազերծումը, այդ պատճառով դանդաղել է գործընթացը, սակայն մեր զրուցակիցը տարակուսեց, շեշտելով, թե հատկապես հայկական պետհամարանիշներով բեռնատարներին թույլ չեն տալիս շարժվել:

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ վրացական կամ այլ երկրների պետհամարանիշերով մեքենաներին թույլ են տալիս շարժվել դեպի Վերին Լարս՝ էն դեպքում, որ իրենց բեռները շուտ փչացող չեն, ասենք, կարող է քար լինի, իսկ հայկական պետհամարանիշերով բեռնատարներին կամ Հայաստան մտնող մեքենաներին արգելում են մի մետր շարժվել: Էդ ո՞նց է ստացվում, որ քարով բեռնված իրենց մեքենաները կարան առաջ գնան, իսկ մեր մրգով բեռները շաբաթներով լռված են»,-ասաց Մհերը:

Վարորդների խոսքով, նախկինում Լարսի մաքսատանը, ասենք, 700-800 մեքենայից միայն 70-80-ն էին ամբողջությամբ ստուգում, ռենտգեն հետազոտություն իրականացնում, լսել են, որ հիմա բոլոր մեքենաներն են ռենտգենով անցնում, «բայց հարցն էն ա, որ մենք մի մետր էլ առաջ չենք շարժվում, որ հասկանանք խնդիրն ինչումն է, գայիշնիկն էլ մեզանից մի կմ առաջ է կանգնած»,-ասացին Մհերն ու իր ընկերները:

Մեր այն հարցին, թե ինչպես են հոգում իրենց սննդի և կենցաղային տարրական պայմանները, չէ՞ որ ավելի քան 20 օր է այդ ճանապարհին կանգնած են՝ Մհերն ասաց «ինչ որ մեքենաներ են գալիս օդանավակայանից բարձր գներով սնունդ են վաճառում, դա ենք առնում: Բայց մեր խնդիրը, բողոքը դրա դեմ չի, մենք բողոքում ենք, թե ինչու հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին թույլ չեն տալիս շարժվել»:

Էկոնոմիկայի նախարարությունից «Առավոտին» հայտնեցին․ «Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ Մենք, իհարկե, հետևում ենք թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Մենք նաև օպերատիվ աշխատում ենք ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում լուծենք խնդիրը։

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, նվազում են, քանի որ Լարսի անցակետի թողունակությունը վերականգնվել է։

Համաձայն վարվող վիճակագրության, նոյեմբերի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից դուրս է եկել 2048 մեքենա և ԵԱՏՄ է մտել 1990 հայկական մեքենա և անցել Ռուսաստան, ինչը ցույց է տալիս, որ հերթը Վրաստանի տարածքով նվազում է։ ԵԱՏՄ-ից դուրս է եկել 2017 և Հայաստան է մտել 2321 մեքենա»։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930