Այսօր ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մոտեցավ ամբիոնին՝ ելույթ ունենալու, նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը զգուշացրեց. «Մինչեւ ելույթը սկսելը ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, որ թեմայից չշեղվենք ու քննարկենք բյուջեի նախագիծը»: Ակնհայտորեն նա մտավախություններ ուներ: Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այստեղ եկել եմ խոսելու բյուջեի նախագծի, այլ ոչ թե Նոր տարվա ԱԺ-ի բանկետի մենյուի մասին»:
Իսկ ելույթում նա ընդգծեց, որ բյուջեն հաշվապահական փաստաթուղթ չէ, տվյալ տարվա կարեւորագույն փաստաթուղթ է, որը թվերի լեզվով արտահայտում է կառավարության առաջնահերթությունները: Ըստ նրա, կես տրիլիոն դրամը ՊՆ-ին հատկացված, իրոք, տպավորիչ է, բայց երբ նայեն, թե դրա հետեւում ինչ է թաքնված, ստացվում է, որ բավարար չէ՝ հաշվի առնելով այն ռազմական գծի մեծացումը, որը դեռ պետք է կահավորել:
Պատգամավորի դիտարկմամբ՝ մի երկրում, որը գոյութենական պայքարի մեջ է, չի կարող Երեւանի կենտրոնում ծառայություն իրականացնող պարեկն ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան սահմանին ծառայություն իրականացնող զինվորականը, որը ամեն օր նայում է մահվան աչքերին. «Զինվորականը պետք է ստանա արժանի վարձատրություն: Մի երկրում, որն իրեն հռչակել է ժողովրդավարության բաստիոն, ոստիկանության պետական պահպանության ծախսը չի կարող ավելի բարձր լինել, քան էկոնոմիկայի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը հատկացված բյուջեն»:
Խոսելով սոցիալական ծախսերի մասին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Կառավարությունը հպարտ հայտարարում է, որ նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու է մինչեւ 75 հազար դրամ, իսկ կենսաթոշակներին ուղղվող ծախսերն ավելացնում են 25,2 մլրդ դրամով: Պարոնայք կառավարություն, ձեր արածը վարքային տնտեսագիտության մեջ հստակ սահմանում ունի, կոչվում է փողի պատրանք` иллюзия денег: Չեք անդրադառնում՝ արդյոք այդ մի քանի կոպեկը, որը հատկացնում եք ծերերին ու աղքատներին, նաեւ աշխատող աղքատներին, ի զորու է լուծել նրանց առջեւ ծառացած հիմնական սոցիալական խնդիրները: Վերջիվերջո բոլորս ենք հասկանում, որ սպառողական գների ազդեցությունը խոցելի խավերի համար անհամեմատ ավելի մեծ է»:
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը անդրադարձավ գնաճին. «Հոկտեմբերին՝ համեմատած 2021-ի հոկտեմբերի հետ, հացի գինն, ըստ պաշտոնական տվյալների, աճել է 18,6%-ով, ձավարեղենն աճել է 21%-ով, մակարոնեղենը` 7,3%-ով, հնդկացորենը՝ 23,2%-ով, մսի եւ մրգի գնի աճին չեմ անդրադառնում, քանի որ երջանիկ ու բարեկեցիկ Հայաստանում միսը եւ միրգը շատ ընտանիքներ կարող են իրենց թույլ տալ միայն մեծ տոներին: Տնտեսական բումի պայմաններում այսպես է ստացվում, որ աղքատությունն աճում է: Իսկ կա՞ արդյոք տնտեսական բում: Կառավարության ներկայացրած թվերով կա: 11 տոկոսանոց տնտեսական աճ կա, 8,9%-ը ապահովել են ծառայությունները: Բարձր աճ գրանցեցին ֆինանսական, ապահովագրական ընկերության, հանրային սննդի կազմակերպման, առեւտրի, տեղեկատվության եւ կապի ենթաճյուղերում»:
Ըստ նրա, այս աճի պատճառը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստան տեղափոխված քաղաքացիներն են, սա է տնտեսական բումի գաղտնիքը ու դա կապ չունի կառավարության քաղաքականության հետ. «Պարոնայք կառավարություն, դուք ոչ թե տնտեսական աճ եք ապահովել, այլ պետական պարտքի աճ, որը հասել է աննախադեպ ռեկորդային մակարդակի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ