Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանանց խցերը մտնելով ու տեսնելով՝ ինչ պայմաններում են երեխաներին մեծացնում, դա ուղղակի անմարդկային էր». Քրիստիննե Գրիգորյան

Նոյեմբեր 16,2022 16:43

«Թեպետ կենտրոնացել ենք կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վրա, բայց քրեակատարողական բոլոր հաստատություններում անձանց բժշկական սպասարկման ու խնամքի պայմանները թերևս ամենամտահոգիչ ուղղությունն ենք համարում»,- «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցի» ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Զեկույցում ամփոփել են «Աբովյան» ՔԿՀ կատարած այցի արդյունքները, ներկայացվել են առաջարկներ առկա խնդիրների լուծման համար։

Քրիստիննե Գրիգորյանը հայտնեց՝ մարտի 16-ին և հունիսի 13-ին այց են ունեցել «Աբովյան» ՔԿՀ: Նա հայտնեց՝ խոսել են ՔԿՀ վարչակազմի և պահվող անձանց հետ: ՄԻՊ-ն այս առիթով նշեց. «Շատ դեպքերում թղթերով նայում ես, ամեն բան լավ է, բայց երբ անձանց հետ ես խոսում, շատ խնդիրներ են արձանագրվում: Եղել է դեպք, երբ առանձնազրույցների շրջանակում հարց եմ քննարկել և տվյալ անձի համաձայնությամբ համապատասխան բժշկական մասի պատասխանատուի եմ հրավիրել, իր ներկայությամբ հարցրել»:

Լրագրողների հարցին՝ «Աբովյան» ՔԿՀ-ի պետը չի՞ ենթարկվելու պատասխանատվության զեկույցում ամրագրված բազմաթիվ խնդիրների համար, հետաքրքիր է՝ ՄԻՊ-ը մտե՞լ է նրա աշխատասենյակ, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց. «Նրա աշխատասենյակը մի փառավոր վիճակում չէր, լյուքս վիճակում չէր, շատ մեծ տարբերություններ չկային դատապարտված անձանց պահման պայմանների հետ համեմատած: Բայց առանձին ծառայողական պարտականությունների կատարման խնդիր էլ կա: Մարտին ՔԿՀ պետը նոր էր նշանակվել, իր անելիքներն էր ներկայացնում, բայց պիտի նկատի ունենանք, որ այստեղ համակարգային խնդիրներ ունենք»:

ՀՀ ՄԻՊ-ը մի շարք խնդիրների մասին բարձրաձայնեց. «Աբովյան ՔԿՀ-ն բացառություն չէ, համարյա բոլոր ՔԿՀ-ում այդ խնդիրը կա: Բժշկական անձնակազմը բավարար թվով չէ, բացի հաստիքներն ե թափուր հաստիքները, կոնկրետ մասնագիտացումներն են բացակայում: Մյուս խնդիրն այն է, որ դեղորայքային բուժումն իրականացվում է բուժքրոջ կողմից՝ առանց բժշկի համապատասխան ցուցման: Սա նույնպես տարածված երևույթ է այլ քրեակատարողական հիմնարկներում ևս: Մեր պահանջն է բացառել նման պրակտիկաները և մասնավորապես բժշկի խորհրդով մատուցել բուժում: Արձանագրվել են ժամկետանց դեղեր, դեղերի՝ առանց տուփի, բաց պահման դեպքեր, բժշկական թափոնների խոտանման գործընթացն է մտահոգիչ: Օրինակ՝ մարտի 16-ին խնդիրը տեսել, բարձրաձայնել ենք, բայց հունիսին տեսել ենք, որ ընդամենը դրանց պահման պայմաններն են փոխվել. սուր ասեղների պահման պայմաններն են փոխվել, սակայն խոտանում այդպես էլ իրականացված չի եղել: Սա ծայրահեղ խնդրահարույց խնդիր է: Խնդիրներ կան անչափահաս և մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության տրամադրման հարցում՝ օրինակ՝ ամենապարզ ջերմիջեցնողի բացակայությունը»:

Քրիստիննե Գրիգորյանն ասաց՝ շարունակում են խնդրահարույց մնալ վնասվածքների ոչ պատշաճ արձանագրման դեպքերը, դրանց ստացման պատճառների նկարագրության բացակայությունը: Ըստ նրա՝ նման պրակտիկայի բացակայությունը խոշտանգումների կանխարգելման ուղղակի ռիսկ է և շատ կասկածներ է առաջացնում:

Մանկական սննդի՝ ոչ նորմատիվներին համապատասխան հատկացումները ևս խնդրահարույց են. օրական նվազագույն չափաքանակները չեն պահպանվել:

ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ երբ իրենք երկրորդ անգամ են այցելել ՔԿՀ, միևնույն է, խնդիրը դեռ լուծված չի եղել: Լուծված չէ նաև երեխաների զբոսանքի համար պայմանների ապահովման հարցը: Նա պատմեց. «Ազատազրկված կանանցից մեկը պատմեց, որ տևական ժամանակ չի հանում երեխային զբոսանքի, քանի որ չեն ապահովվում մեկուսի զբոսանքի պայմանները»:

Բարձրացված խնդիրների առիթով պետական մարմինների արձագանքի մասին խոսելով՝ Քրիստիննե Գրիգորյանն ասաց. «Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի դրությամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ Աբովյան ՔԿՀ-ում: Ինքս այցելել, տեսել եմ, բայց պահման պայմանների բարելավումը ենթադրում է այն համակարգը, որի վերաբերյալ 66 առաջարկություն ենք ներկայացրել»:

Քրիստինե Գրիգորյանը հայտնեց՝ այս պահին երեք մայրեր կան, որոնցից երկուսը կալանավորված, մեկը՝ դատապարտյալ, որոնք պատիժը կրում են իրենց անչափահաս երեխաների հետ: Նաև չորս անչափահաս անձ է կալանավորված, որոնցից մեկի չափահասության տարիքը լրացել էր, երբ դատապարտված անձ էր:

Քրիստիննե Գրիգորյանը վստահեցրեց՝ հետևողական են լինելու իրենց բարձրացրած խնդիրների լուծման համար, քանի որ «կանանց խցերը մտնելով ու տեսնելով՝ ինչ պայմաններում են երեխաներին մեծացնում մայրերն, դա ուղղակի անմարդկային էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930