«Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ նույն քաղաքականությունն ունեն, սակայն Թուրքիան ավելի քաղաքակիրթ ձեւով է արտահայտում իր նպատակները, իսկ Ալիեւն ավելի չոբանական ձեւով․․․Թուրքիան հին արմատներ ունեցող երկիր է, քաղաքականությունից, դիվանագիտությունից լավ է հասկանում, դասական, նուրբ դիվանագիտություն է իրականացնում, իսկ Ադրբեջանի պարագայում, դա կվալտով դիվանագիտություն է»,- «Հայելի» ակումբում ասաց Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։
Նրա խոսքով․ «Ադրբեջանն ավելի վտանգավոր է, ինչպես ասում են՝ ավելի լավ է խելոքի հետ քար կրես, քան հիմարի հետ փլավ ուտես, մինչդեռ Ադրբեջանն անհաշվարկելի է, իր հետ չես կարող նորմալ, դասական ճանապարհով աշխատել։ Այսինքն, Թուրքիայի հետ կարելի է այսպես ասած՝ նստել-խոսել, բայց Ադրբեջանի հետ դժվար է։ Չնայած երկուսի նպատակներն էլ, մեծ հաշվով, Հայաստանի հետ կապված նույնն են»։
Տիրան Լոքմագոզյանն ընդգծում է․ «Հայաստանի հետ կապված՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակները ոչ միայն համընկնում են, այլեւ անգամ այսօրվա Հայաստանի նպատակներն են համընկնում իրենց հետ։ Երեք իշխանություն աշխատում են նույն ուղղությամբ՝ իրար հետ համագործակցաբար։ Մեր վարչապետն այնպիսի բաներ է ասում, որ եթե Ալիեւը լիներ մեր նախագահը կամ վարչապետը, այդ խոսքերն այդպես չէր արտասանի։ Ինքը շարունակ մեզ է մեղադրում, օրինակ ասում է՝ Հայաստանը խրված է թուրքական պետությունների արանքում։ Ստացվում է՝ ոչ թե իրենք են եկել մեզ շրջապատել, այլ մենք ենք մտել իրենց արանքը, իրենց բաժանել։ Դա լրիվ Թուրքիայի տեսակետն է։ Դեռեւս 100 տարի առաջ էլ իրենք ասում էին՝ դուք խրված եք սեպի նման եւ չեք թողնում, որ իրականացնենք թուրանական միասնականությունը։ Փաստորեն, 100 տարի առաջվա ծրագիրը Հայաստանի իշխանության օգնությամբ թուրքերն ի կատար են ածում »։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ