Առնվազն վերջին հինգ տարում երբեւէ չի եղել դեպք, որ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստները չվճարվեն գոնե մինչեւ տվյալ ամսվա 15-ը: Երեխաների խնամքի նպաստները սովորաբար վճարվում են ամսվա սկզբի առաջին հինգ օրերի ընթացքում, ինչպես մեծահասակների թոշակները: Այս ամիս երեխաների մայրերը դեռ երկար ու անորոշ ժամանակով կսպասեն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տեղյակ չեն, թե միասնական սոցիալական ծառայությունը, երբ կբարեհաճի փոխանցումները կատարել, ու քանի որ երեխաների նպաստների փոխանցման հստակ օր Պետական նպաստների մասին օրենքում չկա, այլ միայն արձանագրված է, որ խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, ապա փոխանցումը, փաստորեն, կախված է, այսպես ասած, ծառայության քմահաճույքից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հղում անելով Պետական նպաստների մասին օրենքի 28 հոդվածի 8-րդ կետին, որով արձանագրվում է, որ ամսվա ընթացքում է վճարվում, մեզ փոխանցեց, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ժամկետը մինչեւ տվյալ ամսվա ավարտն է, ուշացումներ չեն արձանագրվել: Իսկ այս ամսվա վճարուկմները, ըստ խոսնակի, կկատարվեն սահմանված ժամկետում՝ բյուջետային միջոցների անհրաժեշտ վերաբաշխումների կատարումից հետո:
Որպեսզի տարեվերջին Միասնական սոցիալական ծառայությունը չկանգներ փաստի առջեւ՝ չիմանալով, թե ինչ միջոցներով վճարի նպաստները, բյուջետային անհրաժեշտ միջոցների հաշվարկներն ավելի վաղ պետք է արվեին: Չի բացառվում, որ հիմա սոցիալական այլ ծրագրերից պետք է գումարներ պոկեն, որ երեխաների նպաստները կարողանան վճարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ