ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդեպ քրեական հետապնդման առիթով ասել էր․ «Արմեն Աշոտյանն ինքն է իր մասին լուրեր տարածում, որ կարեւորի իրեն։ Ես նման խոսակցություն չեմ լսել։ Իշխանությունը նախապես տեղյակ չի լինում որեւէ քրեական գործից»։
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց․ «Այդ տրամաբանության մեջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին դատախազին եւ քննչական կոմիտեի ղեկավարին, Նիկոլ Փաշինյանին եւ այս «բորշչը» եփած մյուս բոլոր մարդկանց՝ ինձ այս աստիճանի կարեւորելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Որ կալանավորեն՝ ընդհանրապես «կդզի»․․․այնտեղից կամ իմ դիակը կհանեն կամ դուրս կգամ՝ Նիկոլի քաղաքական դիակը կհանեմ կառավարության աշխատասենյակից»։
Արմեն Աշոտյանը նաեւ նշեց՝ յոթ տարի եղել է կրթության նախարար եւ յոթ տարվա իր գործունեությունը «թափ են տվել»՝ ամեն ստուգում ամեն տեղում արել են․ «Ես չեմ ասում, թե սուրբ եմ, բաց ոչ մի բան չեն գտել եւ փորձել են մեկ այլ զավեշտալի դրվագով քրեական գործ կարել՝ բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Անկեղծ ասեք, որ հալալ է ինձ, որ յոթ տարվա մեջ ինձ նստեցնելու առիթ չեմ տվել։ Սա ինքնագովեստ չի, այլ փաստ՝ իմ բոլոր թերություններով հանդերձ»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից արգելվել է։ Նոյեմբերի վեցին նա հայտարարել էր․ «Քրեական գործի հիմքում դրված է վատնումը։ Դավիթ Սանասարյանի ժամանակ ՊՎԾ-ն հաստափոր տեղեկանք է գրում Բժշկական համալսարանի մասով տարբեր տարիների տարբեր ռեկտորների վերաբերյալ։ Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, թե իբր Բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում բիզնես հարաբերություններ է ունեցել Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ընկերություններից մեկի հետ ․․․․Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ»։
Կարդացեք նաև
Այս առիթով Արմեն Աշոտյանը հավելեց՝ տեղյակ չէ, թե այլ անձինք ինչ ցուցմունքներ են տվել, եւ եթե իր դեմ ցուցմունք լիներ, ապա գիշերն օդանավակայանից իրեն կձերբակալեին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ