Այսօր 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՊՆ-ն ռազմավարություն է մշակել անվտանգության ոլորտում կանանց դերի բարձրացմանն ուղղված. «2023-ին դուք կզարմանաք կանանց ներգրավվածությունից բանակում ու դա գրավիչ կլինի մյուս բոլոր պետական մարմիններում եւս: Դա շատ կարեւոր է, որ կանայք այնպիսի ներգրավվածություն ունենան, որ տղամարդիկ գոնե մի քիչ ձգված լինեն: Բանակում բոլոր ոլորտներում փոփոխություն լինելու է՝ սկսած համազգեստից, վերջացրած սպառազինությամբ, ու դրա ամենակարեւոր ուղղությունը լինելու կրթությունը»:
Անդրանիկ Քոչարյանը բողոքեց ընդդիմադիրներից, ընդդիմադիր մամուլից. «Ընդդիմադիր մամուլը անընդհատ կողքերը պտտվում է՝ հակառակորդին տալով հնարավորություն կողմնորոշվելու, թե որտեղ ենք սպառազինության վրա փող ծախսում եւ ուր ենք հասել: Մնում է ասել՝ որ ճանապարհվ պետք է դա գա հասնի, ու որտեղից հակառակորդը պետք է կանխի»:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված կա ձեռքբերում ու բանակի բարեփոխումներով պետք է վարակվի ողջ հասարակությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ