Լիսաբոնում վաղը մեկնարկելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, որին պետք է մասնակցեր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նախապատրաստած ելույթների հիմքում ունենալով ազգային-պետական խնդիրների համախումբը։ Սակայն այս գիշեր օդանավակայանում պարզվել է, որ նրա ելքն արգելված է։
Այսօր ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Աշոտյանը պատմեց․ «Պատրաստվում էի ելույթներ ունենալ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի եւ տարածաշրջանի վերաբերյալ եւ միայն մեկ տոկոսով՝ ՀՀ-ում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Նախապես աշխատանք էի արել, հանդիպումների համար պայմանավորվել։ Գիշերվա կեսին՝ երեքին, երբ անցա հաշվառումը եւ մոտեցա անձնագրային ստուգման հատվածին, ԱԱԾ աշխատակցի դեմքին զարմանք հայտնվեց, երբ պատրաստվում էր կնիքը դնել։ Համակարգչի էկրանին ինչ-որ բան հայտնվեց, եւ ստիպված սպասեցի մոտ քսան րոպե, որովհետեւ իրենց համար անակնկալ էր, որ իմ մեկնելու հետ կապված ինչ-որ ահազանգ կա։ Մի քանի խոսակցություններից հետո եկան վերադասները, խնդրեցին սպասել, որ ճշտեն։ Հետո ասացին՝ կներեք, բայց չենք կարող թույլատրել լքել ՀՀ-ն, քանի որ մեղադրյալ եք ինչ-որ գործով։ Տվեցին հեռախոսահամար՝ անուն ազգանունով, որը, պարզվեց, քննչական կոմիտեի քննիչի համար է։ Նա քննում է բժշկական համալսարանի հետ կապված վերջին՝ քաղաքական սկանդալի վերածված գործը»։
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ ծանուցում չի ստացել իր՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին, հասկանալի չէ, թե ինչ գործով է ինքն անցնում․ «Բացի այդ, իմ հանդեպ կիրառվել է երկրից չհեռանալու մասին որոշում, որը ես չեմ հաստատել իմ ստորագրությամբ, որովհետեւ այն չկա, չկա նաեւ ստորագրությունս։ Այսինքն, խափանման միջոցի մասին այդ որոշումն ապօրինի է։ Աբսուրդ է, կամայականություն եւ «բեսպրեդել»։ Ասում են՝ մեղադրյալ եմ, բայց ծանուցում չեմ ստացել։ Ավելին։ Եթե ես այդքան մեծ հանցագործ եմ, ապա ակնհայտ է, որ անձնագրային կետի մոտ պետք է գային ոստիկաններ՝ ինձ ձերբակալելու, մինչդեռ նման գործողություն չի եղել։ Այս աստիճանի լկտիություն չէի կարող պատկերացնել անգամ Նիկոլ Փաշինյան անձի կողմից։ Այս կերած «բողկերը» շատ ավելի մեծ են, քան քննչականի եւ դատախազության գլուխները։ Իրենց գլխից մեծ «բողկ» են կերել եւ նման բան կարող է անել միայն մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Թող պատրաստվեն եւ ջանը յուղեն․ հայց ենք ներկայացնելու, որովհետեւ նման լկտիություններ շատ են եղել, եւ իմ դեմ փորձել են կեղծ ցուցմունքներ կորզել՝ մարդկանց հոգեբանորեն ահաբեկելով եւ վախեցնելով։ Այս աղմուկը նրանց համար է, ոչ թե իմ պաշտպանության։ Վստահ եմ, որ հիմա հետին թվով մեղադրանք են գրում, որովհետեւ օդանավակայանում գտնվելու պահին այն չկար, կար այդ մասին ահազանգը»։
Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրեց՝ գիշերն իր փաստաբան Տիգրան Աթանեսյանն ահազանգել է ՄԻՊ թեժ գծին, որտեղից «սառը» պատասխան են տվել՝ «դե առավոտ կտեսնենք, լուրջ բան լիներ՝ տեղում կձերբակալեին», իսկ առավոտ Մինասյան ազգանունով ՄԻՊ աշխատակիցն ասել է, որ խոսել են ոստիկանության հետ, որտեղից էլ ասել են, որ Արմեն Աշոտյանի ելքը փակ չէ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նոյեմբերի վեցին Արմեն Աշոտյանը հայտարարել էր․ «Քրեական գործի հիմքում դրված է վատնումը։ Դավիթ Սանասարյանի ժամանակ ՊՎԾ-ն հաստափոր տեղեկանք է գրում Բժշկական համալսարանի մասով տարբեր տարիների տարբեր ռեկտորների վերաբերյալ։ Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, թե իբր Բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում բիզնես հարաբերություններ է ունեցել Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ընկերություններից մեկի հետ ․․․․Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ