Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի 20 հազարով ավելի քիչ մարդ է գնացել «խոպան». Վահան Քերոբյան

Նոյեմբեր 16,2022 14:49

ՌԴ-ում, Ղրիմի կամուրջի պայթյունից հետո Լարսի անցակետի ռուսական հատվածում խստացվել են բեռնատարների հետ կապված գործընթացները, ինչի արդյունքում Հայաստանից ՌԴ եւ ՌԴ-ից դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացները բարդացել են: Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա այսօր Լարսի անցակետում՝ հերթում, հերթն էլ 10-օրական է. այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ սերտ շփումների մեջ է ՌԴ իր գործընկերների հետ՝ թողունակությունը բարձրացնելու համար: Վերջին խոսակցությունն ունեցել է երեկ երեկոյան: Քաղաքական խնդիր նախարարն այս ամենում չի տեսնում:

Հիշեցնենք, Ղրիմի կամուրջի պայթյունի գործով ձերբակալվել էր ՀՀ քաղաքացի, նրան պատկանող մեքենան Հայաստանի տարածքից էր անցել:

Սրանով հանդերձ, անցած տարվա հոկտեմբեր ամսի համեմատ, արտահանման աննախադեպ աճ է գրանցվել՝ 125 տոկոս: Պատճառն այն է, որ բազմաթիվ ընկերություններ ՌԴ-ից դուրս են եկել եւ շուկան լրացնելու խնդիր կա:

Խորհրդարանում այս օրերին ընթանում են անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Բյուջեի կատարման եւ տնտեսական աճի մակարդակի համար, ընդհանուր առմամբ, ըստ Վահան Քերոբյանի, երեք հիմնական ռիսկեր ունենք՝ անվտանգային, լոգիստիկ եւ որակյալ աշխատուժի: Վերջին խնդիրը վերաբերում է տնտեսության բոլոր ճյուղերին: Ըստ նախարարի, որքան աշխատուժի կարիք ունենք, Հայաստանում այդքան աշխատուժ կա, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի բավարարում գործատուներին եւ աշխատատեղը մնում է թափուր:

«Բոլոր ոլորտներն ունեն ցածր որակավորում ունեցող աշխատուժի սուր պահանջարկ եւ այդ պահանջարկն այսօր մենք տեսնում ենք, որ մեր բոլոր ընկերություններին կաշկանդում է աճել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդիրը եկող տարվա հիմնական աճի խոչընդոտն է:

Ցածր աշխատավարձերի խնդիրը, ըստ, նախարարի, կլուծի կառավարության՝ տնտեսության արտադրողականությունը խթանելու ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռնում զարգացնել եւ հագեցնել նյութատեխնիկական բազան ու բարձր աշխատավարձեր վճարել աշխատողներին: Ծրագիրն արդեն 450-ից ավելի շահառու ունի: Նախարարը վստահեցնում է՝ ընկերությունները հետաքրքրված են, գործն ընթացքի մեջ: Կա նաեւ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար ծրագիր, որը հնարավորություն է տալու 20-70 տոկոս աշխատավարձերի սուբսիդավորում անելու:

Խոսելով Հայաստանից արտագնա աշխատանքի մասին, նախարարն ասաց, որ այս տարի 20 հազարով ավելի քիչ մարդ է գնացել «խոպան»: Տարեսկզբից, նախարարի պնդմամբ, ՌԴ-ից մոտ 50 հազար մարդ է վերադարձել Հայաստան՝ հայկական անձնագրերով, մոտ այդքան մարդ էլ վերադարձել է ռուսական անձնագրերով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930