Այսօր ԱԺ նիստում 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ բյուջեից միշտ բոլորը դժգոհ են. «Ամեն տարվա բյուջեին անուններ են դնում՝ զգուշավոր բյուջե, զարգացման բյուջե, հավակնոտ բյուջե: Այս բյուջեն կարելի է ասել իրոք հավակնոտ բյուջե է»:
Նա ասաց, որ 7% տնտեսական աճ ապահովելը թռիչք է, որը իրենք պիտի փորձեն ապահովել: Հաջորդ տարի նախատեսվում է թոշակների բարձրացում, բազային աշխատավարձի բարձրացում, կբարձրանա հանրային ծառայողների աշխատավարձը մինչեւ 10%-ով. «Մենք բարձրացնելու ենք բազային աշխատավարձը, բայց նվազեցնելու ենք պարգեւավճարների ֆոնդը՝ ոչ նույն չափով, այնպես է ստացվելու վերջում, որ միջին հաշվով 10%-ով պետական աշխատողների աշխատավարձը բարձրանալու է: Այսինքն, սահուն կերպով պարգեւավճարների ինստիտուտը փոխարինում ենք աշխատավարձով»:
Այդպես պարգեւավճարների ինստիտուտը, ըստ նրա, կծառայի իր նպատակին՝ կլինի մոտիվացման համար:
Հայտնի է, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հեգնում են, երբ տնտեսական աճի ցուցանիշները վերագրում է իր աշխատանքին: Այսօր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ այն տնտեսական աճը, որն ունենք՝ մեծ մասամբ մեզնից չկախված հանգամանքներով է պայմանավորված, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմով, պատերազմի հետեւանքով Հայաստան եկած աշխատուժով, մասնագետներով, կապիտալ հոսքերով. «Իհարկե, որ մեղադրում ու ասում ենք՝ կառավարությունը ընդհանրապես դեր չի խաղում, այդպես չի, որովհետեւ այդ հոսքերը պատահական չի, որ ուղղորդվում են Հայաստան ու նաեւ Հայաստան: Համեմատություն կա, մրցակցություն կա: Կարող են այլ երկրներ ուղղվել, բայց նայում են՝ որն է իրենց համար ավելի գրավիչ պայմաններ ապահովում: Բայց այդ հոսքերն ու այդ իրավիճակը հարատեւ չեն, կարող ենք վաղն ունենալ մեկ այլ իրավիճակ: Մենք այսօր ոչ թե պիտի երջանկանանք մեր գլխին թափված դրամական հոսքերով, այլ պիտի այդ հոսքերն օգտագործենք երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ բյուջեն ներկայացնելը չպետք է գնահատեն՝ որպես հաջողություն, դա մեր առօրյա կյանքն է. «Շատ կառավարություններ կան երկիր մոլորակի վրա, որ մեզանից շատ ավելի արդյունավետ են աշխատում, բայց չեն ներկայացնում հասարակությանը իրենց բյուջեն՝ որպես մեծագույն նվաճում, որովհետեւ մեր մոլորություններից մեկն այն է, որ մեզ թվում է՝ մենք ենք երկիրը պահում: Ո՛չ, երկիրն է մեզ պահում, ժողովուրդն է մեզ պահում, աշխատողներն են մեզ պահում: Այս բյուջեի կարեւոր թիրախներից մեկը, որը կուզենայի տեսնել ու որը չկա՝ մեր ժողովրդագրության վիճակն է: Մենք ծերացող հասարակություն ունենք ու որեւէ ակտիվ գործունեություն չենք ծավալում երկրում, որ խթանենք մանկածնությունը: Բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ ենք կառուցում եւ մոռանում ենք, որ դպրոցները, մանկապարտեզները երեխեք պետք է լինեն, որ հաճախեն: ԿԳՄՍ նախարարը նստած է ու գիտի քանի դպրոցական կա այսօր Հայաստանում ու քանիսը պետք է լինեին: Չկան այսօր Հայաստանում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մարդ ծնվի, որովհետեւ եթե Հայաստանում մարդ չեղավ ու ծնելիությունը չավելացավ, որոշ ժամանակ հետո սա դառնալու է պատմություն»:
Թունյանը համաձայնեց, որ բյուջեն նորմալ է, որ ամեն տարի մեծանա, դա նույնն է, թե ամեն տարի ուրախանանք, որ դառնում ենք 40 տարեկան, հաջորդ տարի՝ 41: Ինչ վերաբերում է ժողովրդագրությանը, Թունյանն ասաց, որ այդ ուղղությամբ քայլեր արվել են, օրինակ, երրորդ երեխայի ծննդյան նպաստը, կամ բնակարանային ապահովման նախագծերը:
Արսենյանը հակադարձեց՝ ասելով, որ երրորդ երեխայի ծննդյան նպաստը մանկածնության խրախուսում չի, իրականում այսօր Հայաստանում 10 հազարից ավելի մանուկներ չեն ծնվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ