Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է պատվիրակների այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական ու բազմաշերտ զարգացումը:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանն ու սոցիալական, առողջապահական ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները, անվտանգային խնդիրները, անդրադարձել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և կարևորել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության ներկայությունը Հայաստանում:
Կարդացեք նաև
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության կարևորության և հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ