ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը:
Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ: Սակայն գրասենյակում գտնվող հաճախորդի գործողությունների արդյունքում հիշյալ անձը չի կարողացել հափշտակել բջջային հեռախոսները և դրանք նետել է գրասենյակի սրահում:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, վերցվել դեպքի վայրը տեսանկարահանած տեսախցիկների տեսագրությունները:
Կարդացեք նաև
39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե