Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված տեղեկանքում կա մի հատված, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին ու ընթերցեց տեքստերը՝ տարբերությունը հասկանալու համար:
Այս կոնվենցիայի արձանագրությունը վավերացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ: Այն է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»:
Ինչպես նկատել էր Արծվիկ Մինասյանը, կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում Արցախի Հանրապետություն բառը չկա, ԱԺ տեքստում այն ավելացվել է, որը խիստ խրախուսելի է: Ըստ պատգամավորի, հիմա անորոշ է իրենց համար, թե ո՞ր տեքստն են քվեարկում: Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հստակեցնելու համար, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է՝ բովանդակության մեջ չմտնելով:
«Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց: Քվեարկությունից հետո վարման կարգով Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց քվեարկությունը վերաբերում էր կառավարությանը, ոչ թե արձանագրությանը, որովհետեւ սա լավ առիթ էր Ադրբեջանին համարժեք արձագանք տալու. «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը՝ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց. «Այս կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարոն Աղվան Վարդանյանն էր ու ես, որպես ակտիվիստ, մասնակցել եմ կոնվենցիայի ստորագրմանը: Կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ վավերացնելու արձանագրությունը այն տեքստով, որն ուզում էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ