Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դատարանը կարծում է, որ Խաչատուր Սուքիասյանն իրավաբան չէ` չի գիտակցել, որ զրպարտում է Արմեն Գեւորգյանին. «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2022 11:51

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը եզրակացրել է, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պարտավոր չէ գիտակցել իր կողմից հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը, քանի որ նա իրավաբանի կրթություն չունի։ Դատավորը նման եզրահանգման է եկել «Արմեն Գեւորգյանը՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործի շրջանակներում։ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը 17․09․2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի, դատարանից պահանջելով՝ Սուքիասյանին պարտավորեցնել, որ նա հերքի Գեւորգյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող տեղեկությունները։

Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գեւորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գեւորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»:

Այս արտահայտությունները դատարանը չի համարել Գեւորգյանի նկատմամբ զրպարտություն՝ հիմնավորելով, որ Սուքիասյանը քննչական մարմնի տարածած հաղորդագրության հիման վրա դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը: Եվ իր որոշման մեջ գրել է, որ Վճռաբեկ դատարանը հրահանգել է, որ «դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով, թե արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է՝ արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»:

Եվ դատարանը եզրահանգել է, որ պատասխանողը փաստական հիմքի վրա գնահատողական դատողություններ է ներկայացրել: parliament.am կայքից դատարանը պարզել է, որ Խաչատուր Սուքիասյանը չունի իրավաբանի կրթություն։ Իսկ հնչեցված արտահայտություններին նախորդել են ՀՔԾ կայքէջում եւ մամուլում հրապարակված հոդվածները` «Արմեն Գեւորգյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ», որոնց վրա էլ, ըստ դատարանի, հենվել է Խ. Սուքիասյանը` վստահելով դրանց, քանի որ իրավաբանական կրթություն չունի: Դատարանը փաստել է, որ Սուքիասյանի հնչեցրած արտահայտությունները հանդիսացել են պատասխանողի սուբյեկտիվ գնահատականը, եւ գտել է, որ պատասխանողը, չլինելով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտությունների իրավական բովանդակությունը, ուստի չեն կարող հանդիսանալ զրպարտչական բնույթ կրող «փաստացի հայտարարություններ» եւ թույլատրելի են խոսքի ազատության տեսանկյունից։ Դատարանն անդրադարձել է նաեւ Սուքիասյանի խոսքում նշված` Արմեն Գեւորգյանին պատկանող 57 գույքին: Այստեղ էլ է դատավորը լուծումը գտել, գրել է, որ «դրանից չի փոփոխվում պատասխանողի ելույթի ընդհանուր իմաստը եւ բնույթը, այն չունի էական նշանակություն»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930