Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանը ՀՀ նախագահին ներգրավել է որպես երրորդ անձ

Նոյեմբեր 16,2022 15:00

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի վարույթում է գտնվում Պավել Թադեւոսյանի գործը:

Նա այս տարվա սեպտեմբերի 6-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի «Մերի Համբարձումյանին, Միքայել Մելքումյանին, Մնացական Հարությունյանին, Լեւոն Գրիգորյանին, Տաթեւիկ Ստեփանյանին, Պավել Թադեւոսյանին՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, իսկ Կարեն Գրիգորյանին, Ռիմա Առաքելյանին, Նաիրա Ավետիսյանին եւ Սյուզաննա Վարդանյանին՝ դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասին» թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը՝ հայցվորին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից հանելու մասով, անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք՝ հայցվորին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի առարկությունները չընդունելու մասին որոշումն ընդունված համարելու՝ այդ մասին իրազեկելով ՀՀ նախագահին, պահանջների մասին:
Դատարանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Պավել Թադեւոսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաեւ այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Երրորդ անձինք են նաեւ այն մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաեւ որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը, որպիսի մարմիններին դատարանը պարտավոր է դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ:

Հետեւաբար, ըստ վարչական դատարանի, Պավել Թադեւոսյանի՝ որպես հիմնական պահանջում շոշափվում է եւ հիմքում դրվել են նաեւ ՀՀ նախագահի կողմից ներկայացված առարկությունները:

Ըստ դատարանի որոշման, հայցվորի պահանջը ներառում է նաեւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի առարկությունները չընդունելու մասին որոշումն ընդունված համարելու՝ այդ մասին իրազեկելով ՀՀ նախագահին:

Պավել Թադեւոսյանը պահանջում է իրեն՝ հայցվորին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից հանելու մասով անվավեր ճանաչել որոշումը եւ այդ մասին իրազեկել ՀՀ նախագահին:
Հայցադիմումը ընդունվել է վարույթ, նոյեմբերի 16-ին նշանակվել է նախնական դատական նիստ, եւ որոշվել է նաեւ ՀՀ նախագահին ներգրավել որպես երրորդ անձ:

Պատասխանողներն են ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական դեպարտամենտը:

Նշեմ, որ միայն այս տարի ՀՀ վարչական դատարան են դիմել եւ հունվարից մինչ օրս առկա են ընդդեմ ԲԴԽ-ի տասներկու հայց: Մասնավորապես, Մերի Համբարձումյանի, Նաիրա Ավետիսյանի, Տաթեւիկ Ստեփանյանի, Կարեն Գրիգորյանի, Ռուզաննա Հակոբյանի, Ռոբերտ Սարգսյանի…

Մերի Համբարձումյանի, Նաիրա Ավետիսյանի, Տաթեւիկ Ավետիսյանի… պահանջները նույնն են, նման են Պավել Թադեւոսյանի գործին, այդ գործերով էլ չի բացառվում, որ երրորդ անձ կներգրավվի ՀՀ նախագահը:

Ռոբերտ Սարգսյանի գործով պահանջն այլ է:

Ռոբերտ Սարգսյանը 2022թ. հուլիսի 14-ին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, խնդրելով պարտավորեցնել ԲԴԽ-ին կատարել հետեւյալ գործողությունը, այն է` որպես օրենքի ուժով ՀՀ վարչական դատարանի դատավորի նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնված դատավորի, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել 10.582.400 ՀՀ դրամ միջին աշխատավարձը:

Ռոբերտ Սարգսյանի ներկայացված հայցադիմումը դատավոր Ելենա Առաքելյանի վարույթում է: Դատական նախնական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 24-ին: Դատարանն այս գործով ներգրավել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Շատ հետաքրքիր գործ է Մհեր Հակոբյանի գործը:

Մհեր Հակոբյանը 22.03.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի՝ հետեւյալ պահանջով. հայցը բավարարել՝ կայացնելով դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով 2022 թվականի փետրվարի 8-ից 9-ն անցկացված քրեական մասնագիտացման որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլի արդյունքում հայցվորին դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում (Բարձրագույն դատական խորհրդի 18.02.2022 թվականի ԲԴԽ-21-32 որոշում) ընդգրկելու եւ, որպես հետեւանք, հայցվորին Արդարադատության ակադեմիա ուղարկվող քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների կազմում ներառելու մասին վճիռ: Այն դատավոր Կարեն Զարիկյանի վարույթում է:
Սեպտեմբերի 16-ին որոշում էր ընդունել վարույթը կարճելու մասին:

Սուսաննա Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի՝ հայցվորին 18.02.2022 թվականի թիվ ԲԴԽ-21-Ո-33 որոշմամբ հաստատված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործը հոկտեմբերի 5-ի որոշմամբ դատավոր Գեւորգ Սոսյանի վարույթում է: Այս գործով նախնական դատական նիստի օրը որոշված չէ, դատելով դատարանի ծանրաբեռնվածությունից, հնարավոր է, որ այն նշանակվի գալիք` 2023 թվականին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930