Աշխարհահռչակ սոպրանոն հավաստիացնում է, որ կազմակերպչի դեպքում հայտնի փառատոնը կիրականացնի նաեւ Հայաստանում
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 12-ին կայացած համերգը հայաստանյան մշակութային կյանքում հերթական իրադարձությունն էր, ինչը արդյունք է «Երեւանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (տնօրեն՝ Նորայր Նազարյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) համագործակցության։
Համաշխարհային օպերային գրականության հայտնի, սիրված օպերաներից արիաների սեփական մեկնաբանմամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացավ համաշխարհային օպերային բեմերի ամենապահանջված երգչուհիներից Հիբլա Գերզմավան, դիրիժորական վահանակի մոտ էր այսօր Ավստրալիայի ամենահայտնի օպերային դիրիժորներից Բրայան Քասլս-Օնիոնը։ Սոպրանոյի ստեղծագործական կենսագրությունը սկսվել եւ շարունակվում է Լոնդոնի թագավորական «Քովենթ Գարդեն», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա», Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» եւ այլ օպերային թատրոններում. բոլորը չես թվարկի, այնպես՝ ինչպես հնարավոր չէ թվարկել հեղինակավոր համերգային դահլիճների ողջ ցանկը։
«Առավոտի» հետ զրույցում Հիբլա Գերզմավան ներկայացնելով վերջին շրջանում օպերային ներկայացումներում իր խաղընկերներին, հատկապես առանձնացրեց երեք անուն, որոնք, ինչպես մեզ հայտնի է՝ օպերային թատրոնների ցանկալի հյուրերի թվում են. սոպրանո Լիանա Հարությունյան, տենորներ Արսեն Սողոմոնյան եւ Լիպարիտ Ավետիսյան։ Լիանա Հարությունյանը վաղուց բնակվում է Եվրոպայում, իսկ Արսեն Սողոմոնյանը՝ Ռուսաստանում եւ բնական է, որ նրանց արվեստին առնչվում ենք ոչ հաճախ։ Բայց Լիպարիտ Ավետիսյանին էլ հաճախ չենք հանդիպում, թեեւ նա Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ է։ Հասկանալի է, որ աստղերի գործունեությունն է այսպիսին։ Այս առիթով մեր զրուցակիցը պարզաբանեց, որ դա օրինաչափ է, ինքն էլ ծնունդով Աբխազիայից է, որտեղ շատ քիչ է լինում, իսկ ընդհանրապես ներկայանում է որպես ռուս օպերային երգչուհի։
Նրա ստեղծագործական կենսագրությունը հարուստ է ոչ միայն օպերային ներկայացումներով եւ մենահամերգներով, այլեւ նշանակալի իրադարձություններով եւս՝ 2001թ. հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է…» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում իր սահմանները ընդլայնել է մինչեւ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ստանիսլավսկիի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն, Վիեննայի «Մյուզիքվերայն» համերգասրահի ոսկյա դահլիճ, Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահ, Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաք եւ այլն։ Հետաքրքրությանը՝ ցանկություն չունի՞ այդ փառատոնն անցկացնել նաեւ Երեւանում, երգչուհին պատասխանեց. «Իհարկե, մեծ սիրով, մանավանդ այն երեք անունները, որ նշեցի, նրանք ոչ միայն իմ խաղընկերներն են, այլեւ բարեկամները։ Միայն թե Երեւանում փառատոնն անցկացնելու համար անհրաժեշտ է կազմակերպիչ»։ Ռեպլիկին՝ գուցե «Երեւանյան հեռանկարները»…, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Մեծ սիրով»։ Առանց մանրամասնելու էլ Հիբլա Գերզմավան իր հիացմունքը հայտնելով մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Բրայան Քասլս-Օնիոնի հասցեին, ընդամենն ասաց, որ շատ շուտով կվերադառնա Երեւան, այս անգամ՝ ինչպես արտասահմանցի, այնպես էլ դրսում ապրող ու ստեղծագործող հայ օպերային երգիչների հետ եւ բեմ կբարձրանան մեկ նախագծում։
Կարդացեք նաև
Մենք զրուցեցինք նաեւ Բրայան Քասլս-Օնիոնի հետ։ Պարզեցինք, որ դիրիժորը տասնամյակներ շարունակ համագործակցելով հանրահայտ «Օպերա Ավստրալիայի» հետ, ղեկավարել է ներկայացումներ «Մետրոպոլիտեն-օպերայում», Ջուլիարդի երաժշտական դպրոցում, Իտալիայում անցկացվող Ռոսսինիի փառատոնում, հիմա էլ Նոր Զելանդիայի «Քենթերբերի» օպերայի գեղարվեստական ղեկավարն է։ Դիտարկմանը՝ համացանցից տեղեկանում ենք, որ դուք՝ իբրեւ բեմադրող դիրիժոր, հեղինակ եք շուրջ 500 օպերային բեմադրությունների, մաեստրոն ժպտալով պատասխանեց, որ ոչ թե 500, այլ ավելի քան 600։ Հետո էլ հավելեց, թե կարիերայի սկզբում հանդես է եկել որպես դաշնակահար, գործիքավորող, ապա՝ դիրիժոր ու պրոդյուսեր. «Վերջին ձայնագրություններս թողարկվել են 10 CD-ով»։ Դիտարկմանը, թե մտերիմ է Տիգրան Մանսուրյանի հետ, դիրիժորը պատասխանեց. «Մինչեւ ֆանտաստիկ կոմպոզիտոր Մանսուրյանի հետ հանդիպոմս համագործակցել եմ ձեր հիանալի երգչուհի, ավստրալաբնակ Արաքս Մանսուրյանի հետ։ Մինչ օրս էլ մենք հիանալի ընկերներ ենք, ավելի ճիշտ՝ բարեկամներ։ Իսկ գիտե՞ք, թե վերջին շրջանում ինչ ձայներ է նա պատրաստում Սիդնեյի կոնսերվատորիայում… Ավելին ասեմ՝ առիթի դեպքում Արաքսն ինձ ներկայացնում է որպես իր եղբայր, ինչը ինձ համար մեծ պատիվ է։ Շատ կուզեի նաեւ քույրիկիս հետ գալ Երեւան…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2022