Նոյեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Հայկական երաժշտական համագումարի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի հիշատակին։ Նրա դուստրը՝ դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ծրագրում՝ Կոմիտաս «Շորոր», Ռուբեն Սարգսյան «Նվիրում Կոմիտասին», Գեղունի Չթչյան «Հայկական խորաքանդակներ», Գայանե Չեբոտարյան Պրելուդներ, Վաչե Շարաֆյան «Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները», Լեւոն Չաուշյան «Urbi et Orbi», Սոնատ թիվ 1: Նշենք, որ Անահիտ Չաուշյանը ծնվել է Երեւանում, երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Ավարտել է Երեւանի կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլեւսկու ղեկավարությամբ եւ Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ. Պասկալ Նեմիրովսկու ղեկավարությամբ: Արժանացել է Accademia Chigianain Siena-ի Պատվո դիպլոմին: Բելգիայի Emmanuel Durlet դաշնամուրային մրցույթի դափնեկիր է:
Մենահամերգներով եւ կամերային անսամբլների կազմում ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում (Wigmore Hall, Royal Festival Hall, St. Martin-in-the-Fields, Տոկիոյի Santori Hall, Բրյուսելի Grande Salle du Conservatoire Royal, Փարիզի Gavot Hall եւ այլ սրահներ): Որպես մենակատար ելույթներ է ունեցել London Soloists Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ այլ սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ (Մոցարտի, Բեթհովենի, Ռավելի, Ռախմանինովի, Խաչատրյանի եւ այլ կոնցերտներ):
Ա. Չաուշյանը միջազգային փառատոների մասնակից է (Farley Music Festival, Cheltenham Festival, Blackthorpe Barn Festival, Newbury Festival եւ այլ փառատոներ): Նա հիմնադրել է Fugata Quintet-ը (Մեծ Բրիտանիա): Եղել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ:
Կարդացեք նաև
Տոմսեր կարելի է ձեռք բերել այստեղ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
15.11.2022