Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ոք ունի երջանիկ լինելու իրավունք». Միջնադարյան ճարտարապետություն, Ուժուպիս ու ուկրաինական դրոշներ

Նոյեմբեր 16,2022 13:00

Մի քանի շտրիխ գեղեցկագույն Վիլնյուսից

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի մասին բազմաթիվ հոդվածներ կան, հետեւաբար իմաստ չունի մանրամասն այն ներկայացնել ու կրկնվել։ Փաստ է, որ Վիլնյուսը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, օժտված է յուրահատուկ արիստոկրատիզմով, մարդիկ այստեղ բարեհամբույր են։ Հին քաղաքն ընդգրկված է Լիտվայի Հանրապետության մշակութային արժեքների ցանկում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում։


Քաղաքի 40 տոկոսը կանաչ տարածքներն են զբաղեցնում, ամեն անկյունում էլ կարելի է գողտրիկ մի քանդակ տեսնել։ Վիլնյուսցիները իրավացիորեն հպարտանում են իրենց գեղեցկագույն քաղաքով, միջնադարյան ամրոցներով։ Պատմական հուշարձանների հիմնական մասը կենտրոնացած է Պիլես փողոցում։

Վիլնյուսի այցեքարտը, սակայն, Գեդիմինի 20-մետրանոց աշտարակն է։ Հին քաղաքի թաղամասում է գտնվում Վիլնյուսի համալսարանի համալիրը։ Այն Արեւելյան Եվրոպայի հնագույն համալսարաններից է։

Վիլնյուսը մեծ քաղաք չէ, եւ կարելի է ոտքով հաճույքով զբոսնել, ու վայելել գեղեցկությունը։ Ամենաաշխույժը Գեդիմինի պողոտան է, որտեղ կենտրոնացած են նաեւ լավագույն խանութները, ռեստորաններն ու հյուրանոցները։
Վիլնյուսի հին քաղաքի մասն է կազմում Ուժուպիսը, որը զբաղեցնում է 60 հեկտար տարածք: 1997թ. ապրիլի 1-ին Ուժուպիսը խորհրդանշական կերպով ինքնահռչակվեց որպես անկախ հանրապետություն՝ սեփական դրոշով, նախագահով, կառավարությամբ, օրհներգով, սահմանադրությամբ։ Ուժուպիսի սահմանադրության պատին ներկայացված են տարբեր լեզուներով այդ սահմանադրության թարգմանությունները։ Հայերենը 31-րդ լեզուն է, որով թարգմանվել է Ուժուպիսի սահմանադրությունը։ Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակի բացման արարողությանը 2018-ի հուլիսի 5-ին մասնակցել է այդ ժամանակ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։


Տեղացիները Ուժուպիսը համարում են Վիլնուսյան Մոնմարտր։ «Ամեն մարդ ունի մեռնելու իրավունք, բայց պարտավոր չէ։ Ամեն ոք ունի նեղանալու իրավունք։ Ամեն ոք ունի երջանիկ լինելու իրավունք։ Կատուն պարտավոր չէ սիրել իր տիրոջը»,- սա Ուժուպիսի Սահմանադրության մի փոքր մասն է միայն։

Իր կոլորիտով աչքի է ընկնում նաեւ Վիլնյուսի ամենահին շուկան, որտեղ կարելի է համտեսել տեղական ուտեստներ եւ ոչ միայն։

Վիլնյուսում ամենուրեք Ուկրաինայի դրոշներ են փակցված, իսկ սպասարկման ոլորտի հաստատություններում շատ են ուկրաինացիները։ Շատերը հավանաբար այստեղ են տեղափոխվել ռուս-ուկրաինական պատերազմից հետո։


Վիլնյուսի դրամատիկական թատրոնի խաղացանկը եւս անմասն չի մնացել ուկրաինական թեմայից։ Վիլնյուսը չհոգնեցնող բարի քաղաք է, արժի տարին գոնե մեկ անգամ այցելել այդ գունեղ քաղաքը։



Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վիլնյուս-Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
15.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930