Օրերս Ավ. Իսահակյանի անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ 44֊օրյա պատերազմում անմահացած Իշխան Մանուկյանի հիշատակին նվիրված «Իշխան՝ Արա լեռան հավերժ զինվոր» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը արձակագիր, խմբագիր Ռեգինա Ամատունին էր, որը փորձել էր պատկերել 44֊օրյա պատերազմի հերոսական դրվագները, որի գլխավոր հերոսը 18-ամյա Իշխան Մանուկյանն էր։ Միջոցառմանը ներկա էին Իշխանի հարազատները, ընկերները, ծանոթները, ներկա էին նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ եւ այլք։ Սկզբում ներկայացրեցին փոքրիկ դրվագներ հերոսի կյանքից, ի թիվս այլոց, խոսեց նաեւ դպրոցի փոխտնօրենը։
«Իշխանը հազիվ հիսուն կիլոգրամ, փոքրամարմին, լայն ժպիտով, փայլփլուն աչքերով պատանի էր, որը քաղաքացիական կյանքում չափից շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ տարբերվում էր իր համեստությամբ, հումորը իր կյանքի անբաժան մասնիկն էր, հումորի հետ մեկտեղ զուսպ էր, գիտեր` երբ լռել եւ երբ խոսել։ Շագանակագույն աչքերի մեջ երեւում էր սերն առ հայրենիք։ Ամենաջղայն պահերին էլ նա ժպտում էր, եւ երբեք ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է թաքնված այդ 18 տարեկան պատանու ժպիտի ետեւում։ Նա բոլորի համար ժպտերես, կռվարար, բայց միեւնույն ժամանակ համեստության տիպար էր»,-ահա թե ինչպես ներկայացրեցին ներկաներից յուրաքանչյուրը հերոսին։
Ելույթ ունեցավ նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի փոխտնօրենը` Գոհար Յուրեւնան։ Նա նախ շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակին, ավելացնելով, որ իրենք երեխաներին դաստիարակում են այսօրվա մեր հերոսների օրինակով. «Ճիշտ է, մենք այսօր կենդանի օրինակներ ենք բերում, բայց Իշխանը այն տղան էր, ով միանգամից, այսպես ասած, մեր սիրտը մտավ, նա շատ էր տարբերվում թե՛ իր բնավորությամբ, թե՛ պահվածքով։ Նրա հետ պետք է խոսեինք` պեղեինք նրան, այնպես պետք է անեինք, որ նա ներկայացներ իրեն։ Ես շատ հպարտ եմ, որ նրա նման սերունդ ենք ունեցել, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի»։
Միջոցառման ընթացքում հուզիչ կատարումներով հանդես եկան Դավիթ Աղասին եւ Սարգիս Ավետիսյանը։
Հավելենք, որ Իշխան Արայի Մանուկյանը ծնվել է 2002թ. փետրվարի 19-ին, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեց Գյուղատնտեսական ակադեմիա՝ հույսով, որ բանակից հետո ուսումը կշարունակի։ Զորակոչվեց բանակ հուլիսի 30-ին՝ ծառայության անցնելով Արցախի Արա լեռ զորամասում։ Լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ 33 օր պայքարել են, եղել են Ջրականում, Հադրութում, Մարտունիում, իսկ վերջում՝ Կարմիր Շուկայում։ Մարտերից մեկի ժամանակ գոտիներով փոխանակվել էր իր ընկերներից մեկի հետ, խոստացել, որ ողջ մնալու դեպքում հանձնեն միմյանց։ Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից վիրավորում է ստանում, 5 օր պայքարում է կյանքի համար։ Ավա՜ղ, հերոս Իշխանի սիրտը կանգ է առնում նոյեմբերի 5-ին:
Գեղեցիկ ԲԱԼԵՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2022