Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոչի-Վաշինգտոն, եւ դարձյալ՝ փակուղի

Նոյեմբեր 16,2022 12:00

Ղարաբաղյան կարգավորման պատմությունն այժմ էլ կրկնվում է Հայաստան-Ադրբեջան «կարգավորման գործընթացի» դեպքում

Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ նախարարները թափ կհաղորդեն բանակցություններին ու եւս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթներին:

Սակայն Ալիեւը բանակցային գործընթացին իր մասնակցությամբ՝ չի փոխել մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմի «մարտավարությունը», որը բանեցնում էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի դեպքում. բանակցություններ՝ ապա մեղադրանքներ հայկական կողմի ուղղությամբ, որպեսզի «արդարացնի» հետագա դժգոհությունները, հող նախապատրաստի ընդդեմ հայկական կողմի սադրանքների համար:
Այստեղ նորություն չկա: Հայկական կողմի համար բարդ է իրավիճակն այն առումով, Ռուսաստանի ու Արեւմուտքի մեջ լարվածությունն արդեն իսկ անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման վրա: Մոսկվան բացեիբաց ընդդիմանում է Երեւանի ու Բաքվի բանակցություններին, որոնք կազմակերպվում եւ անց են կացվում Արեւմուտքի հովանու ներքո: Պատկերավոր ասած, երբ հիմնական մրցավարները միմյանց միջեւ ունեն սեփական խնդիրները, դժվար է պատկերացնել, որ նրանք այլոց խնդիրների կարգավորման գործընթացում մեծ հաջողությունների կարող են հասնել: Նրանք առանձին-առանձին հայտարարում են, որ պատրաստ են Հայաստանին ու Ադրբեջանին աջակցել, որ հավատարիմ են այն կողմերի գործադրած ջանքերին, գնահատում են այդ ջանքերը, սակայն գործնականում նաեւ պայքարում են միմյանց ազդեցությունների դեմ:

Իրականում, այսօր Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման գործընթացը փակուղում է, թեեւ բանակցություններ ընթանում են, եւ գուցե մոտ ապագայում էլ կազմակերպվեն նոր հանդիպումներ:

Ռուսաստանն աջակցություն կցուցաբերի Բաքվին ու Երեւանին` գտնելու «փոխըմբռնելի հանգուցալուծում», անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե արդյոք վաշինգտոնյան հանդիպումը չի նշանակում, որ ցանկություն կա խաղաղության պայմանագիր ստորագրել Արեւմուտքի հովանու ներքո, ոչ թե Ռուսաստանի: «Հաշվի առնելով մեկնաբանությունները, որ մենք տեսել ենք երկու կողմերից, շարունակվում է մտքերի փոխանակումը խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ: Քննարկումը տարվել է` այդ թվում հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովի արդյունքները: Ես չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններին հղում տալուց»,- ասել է Զախարովան: Նա նաեւ նշել է, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին ընդունված համատեղ հայտարարությամբ պետության ղեկավարներն ընդգծել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման կարեւորությունը. «Մենք աջակցություն կցուցաբերենք այդ գործընթացին: Ինչ վերաբերում է կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարությանը, ապա Սոչիում առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին»:

Վաշինգտոնն էլ իր հերթին կարեւորում է Վաշինգտոնում անցկացված Միրզոյան-Բայրամով հանդիպումը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադառնալով այդ հանդիպմանը, նշել է, որ հանդես են գալիս՝ որպես օժանդակող. «Միացյալ Նահանգները փորձում է կամ ձգտում է, կամ նույնիսկ կարող է պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես փորձում ենք ստեղծել տարածք եւ հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հավաքվեն, բացահայտեն իրենց տարաձայնությունները, որոնք շատ են, եւ փորձեն դրանք հաղթահարել»: Փրայսի խոսքով՝ հանդիպումը դրական էր այն առումով, որ երկու կողմերը հանդիպեցին, բացահայտեցին իրենց տարաձայնությունների բազմաթիվ ասպեկտներ, իսկ օրվա վերջում նրանք «կարողացան պայմանավորվել համատեղ հայտարարության շուրջ», ինչպես նաեւ համաձայնության գալ հաջորդ շաբաթների ընթացքում շարունակել հանդիպումները եւ ներգրավվել ուղիղ երկխոսության եւ դիվանագիտության մեջ: «Դա մեզ համար բավականին կարեւոր է»,- ասել է Փրայսը՝ հավելելով. «Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջեւ այս կայուն համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց չենք ներկայացնում փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք՝ հնարավորություն տալու դիվանագիտությանը, որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, եւ դա չի տարբերվում ամբողջ աշխարհում մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ մեր մոտեցումից»:

Փրայսի խոսքով՝ Միացյալ Նահանգների պարտականությունն է օգտագործել իր լծակներն ու հեղինակությունը, ունեցած փորձը՝ օգնել այդ գործընթացներին:

ԱՄՆ պետքարտուղարությունը, նկատենք, որ Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո հատուկ հայտարարությամբ շեշտեց, որ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, որպեսզի՝ նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի առաջմղմանը. «Երեկվա հանդիպումը վկայում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկխոսության ակտիվացման ճանապարհով լրջորեն ձգտում են խաղաղության։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղության աջակցմանը»:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ընդգծեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շատ դրական նշան է համարում այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են հրապարակել. «Համատեղ հայտարարությունը այս երկու երկրների համատեքստում շատ դրական նշան է, որ երկրները կարող են համաձայնության գալ ոչ միայն համատեղ հայտարարության, այլեւ բուն հարցի շուրջ»։

Վաշինգտոնի բանակցությունների հաջորդ օրը, սակայն, նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ ունեցավ Շուշիում, իսկ նոյեմբերի 10-ին նրա ելույթին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, Սոչիի պայմանավորվածություններից ու Վաշինգտոնի բանակցություններից հաշված օրեր անց Երեւանն ու Բաքուն միմյանց կոշտ մեղադրանքներ ներկայացրեցին, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ, օրինակ, ԵՄ-ը Բաքվին ու Երեւանին կոչ անի՝ «մեղմել հռետորաբանությունը»…

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին մեղմել հռետորաբանությունը, շրջել թշնամության էջը եւ շարունակել հաշտեցման ջանքերը, ասվում էր ԵՄ կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ նա երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամության էջը եւ շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի եւ վնասների հետագա անհարկի կորուստները»։ ԵՄ-ն ողջունել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության «ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու եւ տարածաշրջանում կայուն եւ շարունակական խաղաղության հասնելու համար», ապա նշել էր, որ թեեւ բանակցություններն ակնհայտորեն բարդ են եւ ժամանակ կպահանջեն, այնուամենայնիվ, «կարեւոր է չկորցնել թափը, համաձայնեցնել կոնկրետ առաջընթաց քայլերը եւ ապահովել անվտանգ, ապահով եւ բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»:

ԵՄ-ն կրկնել էր կողմերին իր կոչը՝ «մեղմելու իրենց հռետորաբանությունը եւ խուսափելու լարվածության ցանկացած անհարկի սրացումից, այդ թվում՝ զերծ մնալ միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից եւ ռազմական սադրանքներից ու գործողություններից»:
Կոչեր, արձանագրումներ, հիշեցումներ… Ղարաբաղյան կարգավորման պատմությունը, կարծես, այժմ էլ կրկնվում է Հայաստան-Ադրբեջան «կարգավորման գործընթացի» դեպքում: Գործնականում Հայաստանը զգում է բացառապես մեկ գործընկեր, բարեկամ պետության աջակցությունն, որն իր սկզբունքային դիրքորոշմամբ հակադրվում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Այդ պետությունը Ֆրանսիան է:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930