Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասիրությունը» պետք է անցնի ռեաբիլիտացիայի շրջան

Նոյեմբեր 16,2022 15:30

Ինչու է «Վարդանանքը» գրվել ոչ թե 1937, այլ 1943 թվականին

Եթե զուտ տեսականորեն ենթադրենք, որ հայ մեծատաղանդ գրող Դերենիկ Դեմիրճյանն իր «Վարդանանքը» գրեր 1937-38 թվականներին, ապա կարելի է վստահաբար ասել, որ նա կդառնար բռնաճնշման զոհ: Այդ ժամանակահատվածում խորհրդային իշխանությունը պայքարում էր «նացիոնալիզմի» դեմ, որի տակ մեր՝ հայերիս դեպքում հասկանում էր ոչ միայն Ցեղասպանության հիշատակումը, այլեւ «Վարդան Մամիկոնյանի մեծարումը»: Այդ երկու դրվագների վրա արգելք դնելը պատահական չէր. դա, ըստ էության, պայքար էր պատմական հիշողության, ազգային ինքնության դեմ, որի առանցքում էին, ի թիվս այլ իրադարձությունների, Ցեղասպանությունը եւ Ավարայրի ճակատամարտը: Հետաքրքիր է, որ երբ Եղեռնից հետո հայ մտավորականները՝ մասնավորապես Երվանդ Օտյանը եւ Վրթաննես Փափազյանը հիմնավորում էին, թե ինչի համար է պետք ապրիլի 24-ին նշել զոհերի հիշատակը, նրանք զուգահեռ էին անցկացնում Ավարայրի հետ («ինչպես որ նշում ենք Վարդանանց տոնը»)՝ դրանով իսկ շեշտելով լուսավոր եւ ողբերգական էջերի համակցությունը: Հավանաբար, ձգտում կար առաջինով «գերակշռել» երկրորդը:

1920-30-ական թվականներին Խորհրդային միությունում «մոդեռնիզմը» ճնշում էր «արխաիկային», իսկ վերջինիս անբաժանելի մասն էր «նացիոնալիզմը», որը ներկայացվում էր որպես բացասական երեւույթ: Հայերի ազգային ինքնության երրորդ կարեւորագույն տարրն է Հայ Առաքելական եկեղեցին («մենք 1700-ամյա պետական քրիստոնեություն ունեցող ազգ ենք»): Հասկանալի է, որ «կոմունիզմ կառուցող», այսինքն՝ խիստ մոդեռնիստական նախագիծ իրականացնող պետությունը պիտի դաժանորեն հետապնդեր եկեղեցուն եւ հոգեւորականներին: Այդ վերաբերմունքը տեւեց մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ Ստալինը հասկացավ, որ պահպանողականությանը, պատմական անցյալի վկայակոչություններին, ինչպես նաեւ կրոնին որոշ չափով տուրք տալը նպաստում է իր ղեկավարած պետության հզորացմանը: Պատերազմում հաղթելու համար միշտ անհրաժեշտ է որոշակի «արխաիկա»: (Փակագծերում նշեմ, որ «մոդեռնիզմ» եւ «արխաիկա» հասկացությունները ես օգտագործում եմ չեզոք՝ ոչ «գնահատողական» իմաստով):

Առաջինը Ստալինը, բնականաբար, հիշեց ռուսական պատմությունը՝ Սուվորովին, Կուտուզովին, Ալեքսանդր Նեւսկուն, զինվորական համազգեստին վերադարձրեց ցարական հանդերձանքի տարրերը: 1943 թվականին նա ընդունեց ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնյաներին, իսկ 1945 թվականին՝ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Գեւորգ Չորեքչյանին եւ զրույցից հետո կատարեց նրա հիմնական խնդրանքները, այդ թվում՝ թույլ տվեց անցկացնել կաթողիկոսի նոր ընտրություններ (որոնք չէին անցկացվում 1938 թվականից), հիմնել եկեղեցական դպրոցներ, պետության օգնությունը տրամադրեց «Զվարթնոց» տաճարը վերականգնելու համար եւ այլն: 1943 թվականին լույս տեսավ «Վարդանանքի» առաջին գիրքը:

Հետագա տասնամյակների ընթացքում խորհրդային ղեկավարության այդ գիծը պահպանվեց: «Նացիոնալիզմն» այլեւս քրեական հոդված չէր, եւ, հակառակը՝ ազգայնականության որոշակի չափաբաժին ոչ միայն չէր արգելվում, այլեւ խրախուսվում էր՝ այն չափով, որքանով չէր վերածվում ազգային անկախության գաղափարի: Հակաթուրքականությունը պետք է զուգորդվեր ռուսամետության հետ: Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հովհանես Շիրազը, Պարույր Սեւակը իրենց տաղանդավոր գործերով դաստիարակեցին մի ամբողջ սերունդ, որը ոտքի կանգնեց 1988-ին եւ կարողացավ հաղթանակ տանել Արցախյան առաջին պատերազմում: Սակայն «խորհրդահայկական» ազգայնականության պաշարը հետզհետե սպառվեց, եւ անհրաժեշտության առաջացավ իրականացնել մոդեռնիստական (ազատական) ծրագիր: Այն ընդհատվեց 1998-ի իշխանափոխությամբ: Բայց այս անգամ տիրապետող միտումը կեղծ ազգայնականությունն էր, կեղծ «արխաիկան», որն ընդամենը «վարագույր» էր օլիգարխիկ համակարգի համար: Այդ համակարգն էլ 2018 թվականին հասավ իր տրամաբանական ավարտին:

Այժմ մենք ապրում ենք «մոդեռնիզմի» դարաշրջանում, երբ ազգային ինքնության վերոհիշյալ երեք սյուների (քրիստոնեության, պայմանական «Վարդանանքի» եւ Ցեղասպանության) նկատմամբ պաշտոնական վերաբերմունքը խիստ վերապահ է, իսկ դրանցից բխող «հող», «հավատ», «հայրենասիրություն» հասկացությունները, նախորդ երկու տասնամյակներում վարկաբեկվելով, իմաստազրկվել են հասարակական խոսույթում: Այդ պայմաններում հնարավոր չէ ռազմի դաշտում հաղթանակ տանել, եւ հնարավոր էլ չէ այդ հասկացությունները արհեստականորեն «վերակենդանացնել»: Ստալինը պատերազմի ժամանակ ներմուծել էր «արխաիկան»՝ բռնապետական ռեժիմի պայմաններում, «ուժային» մեթոդներով:

Պետք է որոշ ժամանակ անցնի, որպեսզի այդ հասկացությունները ռեաբիլիտացիայի ենթարկվեն: Շրջափուլերի կրկնությունը թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանափոխությունից հետո (երբ էլ դա տեղի ունենա), նոր կորուստների եւ հիասթափությունների ֆոնին ձեւավորվելու է ավելի կարծր ավտորիտար ռեժիմ՝ հստակ «արխայիկ», ազգայնական շեշտերով: Մեր՝ լրագրողներիս համար դա, իհարկե, վատ կլինի, բայց հասարակական օրինաչափություններից ոչ մի տեղ չես փախչի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930