Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի տարածքում «ռուսական արտադրության» հրթիռ է ընկել. աշխարհը փորձում է պարզել՝ որ կողմից

Նոյեմբեր 16,2022 10:32

Լեհաստանի իշխանությունները գիշերը պաշտոնապես հաստատել են ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ լեհ-ուկրաինական սահմանին հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է զոհվել:

«15:40-ին Պշևոդուվ գյուղում… ընկել է ռուսական արտադրության հրթիռ, ինչի հետևանքով զովել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի: Այդ կապակցությամբ արտգործնախարար Զբիգնև Ռաուն ԱԳՆ է կանչել ՌԴ դեսպանին և պահանջել անհապաղ մանրամասն բացատրություն տալ»,- ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ իրենք ուժեղացնում են վերահսկողությունն օդային սահմանի վրա և դիտարկում են ՆԱՏՕ-ին դիմելու հնարավորությունը: Նա կոչ է արել միջազգային փորձագետների ուշադրությունը՝ պարզելու կատարվածի բոլոր հանգամանքները:

«Ուսումնասիրում ենք ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը գործի դնելու պայմանները: Մշտական կապի մեջ ենք գտնվում Ուկրաինայի նախագահ Զելենսկու և դաշնակիցների հետ, որոնք վերահաստատում են իրենց աջակցությունը»:

ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը նախատեսում է, որ դաշինքի յուրաքանչյուր երկիր կարող է նախաձեռնել խորհրդակցություններ մյուս դաշնակիցների հետ՝ ցանկացած երկրի կողմից իր տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության և անվտանգության նկատմամբ վտանգի դեպքում:

Մորավեցկին նաև հայտնել է, որ Լեհաստան կհրավիրվեն միջազգային փորձագետներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար:

Ավելի ուշ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ առայժմ չկան նշաններ, որ նման միջադեպ կարող է կրկնվել:

«Մենք այս պահին չունենք սպառիչ ապացույցներ այն մասին, թե ով է արձակել հրթիռը,- ասել է Դուդան,- քննությունը դեռ շարունակվում է:

Լեհաստանում տեղի ունեցածի առնչությամբ տեղի է ունեցել G7-ի երկրների առաջնորդների արտահերթ հանդիպում:

«Չեմ ուզում որևէ բան ասել, մինչև որ լիարժեք քննություն անցկացնենք, բայց դատելով ուղեգծից՝ քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից, բայց կտեսնենք»,- ասել է Բայդենը:

Նա նաև ասել է, որ համաշխարհային առաջնորդները կորոշեն իրենց հետագա քայլերն այն բանից հետո, երբ որ հստակ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել:

Ավելի ուշ CNN-ը, հղում կատարելով ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրին, հայտնել է, որ դաշինքի հետախուզական ինքնաթիռը, որն իր առաքելությունն էր կատարում Լեհաստանի օդային տարածքում, արձանագրել է հրթիռի թռիչքը:

Հեռուստաալիքի աղբյուրը չի նշել՝ ում կողմից է արձակվել այդ հրթիռը: Նա նաև չի ասել, թե կոնկրետ որտեղից է այն արձակվել: Նրա խոսքով՝ հավաքված հետախուզական տվյալները, այդ թվում հրթիռի ուղեգիծը, փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Աղբյուրներ՝ Reuters, BBC, CNN

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930