Վիտամին B 12-ը կարևոր դեր ունի մարդու օրգանիզմի համար, և վերջինիս անբավարարությունը կարող է բացասաբար ազդել մարդու ֆիզիկական ու հոգևոր առողջության վրա։
Բուսակերներն ու վեգանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն իրենց օրգանիզմում վիտամին B 12-ի մակարդակին, քանի որ այն հիմնականում պարունակվում է մսի, ձվի ու կաթնամթերքի կազմում։ Ուստի շատ ավելի հավանական է, որ հենց նրանց մոտ կառաջանա այս վիտամինի անբավարարություն։
Մենք փորձել ենք պարզել, թե ինչ չափաբաժնով է այս վիտամինն անհրաժեշտ մարդուն և որ մթերքների օգնությամբ վեգաններն ու բուսակերները կարող են լրացնել այս վիտամինի պակասը։
Կարդացեք նաև
Իրենց օրգանիզմում վիտամին B 12-ի պաշարը լրացնել ցանկացող բուսակերների համար տարբերակները շատ են։ Դրանք ներառում են՝
- յոգուրտ,
- ցածր յուղայնությամբ կաթ,
- բուսական կաթի տեսակներ
- պանիր,
- ամբողջահատիկ հացահատիկեղեն,
- սննդային խմորիչներ,
- տոֆու։
- Թեև ծովային ջրիմուռներն ու սնկերի որոշ տեսակներ պարունակում են քիչ քանակությամբ վիտամին B-12, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ դրանց կենսահասանելիությունը պարզելու համար։
Քանի որ վեգանները խուսափում են կենդանական ծագում ունեցող մթերքներից, նրանք կարող են օգտագործել վիտամին B 12-ով հարստացված բուսական կաթ՝ կոկոսի, սոյայի, վարսակի, վարսակի փաթիլներ, սննդային խմորիչներ, վեգանների համար նախատեսված բուսական սփրեդներ։
Իսկ եթե օրգանիզմում արդեն առկա է B 12-ի դեֆիցիտ, ապա բժիշկը կարող է նշանակել այն դեղահաբի կամ սրսկումների տեսքով։
Վիտամին B12-ի օգտակարությունն առողջության համար
- արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների ձևավորում և բաժանում,
- նյարդային համակարգի պաշտպանություն,
- մասնակցություն ԴՆԹ-ի սինթեզին,
- օրգանիզմի էներգիայի ապահովում։
B 12-ի օրական խորհուրդ տրվող չափաբաժինը
- Մեծահասակներ և դեռահասներ՝ օրական 2,4 մկգ,
- 9-ից 13 տարեկան երեխաներ՝ օրական 1,8 մկգ,
- 4-ից 8 տարեկան երեխաներ՝ օրական 1,2 մկգ,
- 1-ից 3 տարեկան փոքրիկներ՝ օրական 0,9 մկգ։
- Հղիներին անհրաժեշտ է 2,6 մկգ, իսկ կրծքով կերակրող կանանց՝ օրական 2,8 մկգ:
B 12-ի անբավարարության մասին հուշող ախտանշանները
Այս վիտամինի դեֆիցիտը առողջական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել՝ ներառյալ սակավարյունությունը, նյարդային խանգարումները, աճի դանդաղումը և այլն։
Ընդհանուր ախտանշաններն են՝
- նյարդերի վնասվածքներ,
- թուլություն և հոգնածություն,
- ծակծկոցներ ձեռքերում ու ոտքերում, թմրածություն,
- մշուշոտ տեսողություն,
- քրտնարտադրություն,
- քայլելու հետ կապված դժվարություններ,
- մարսողական համակարգի խնդիրներ,
- վերքեր լեզվի վրա,
- հևոց,
- գլխապտույտ,
- դեպրեսիա,
- գունատ նաշկ,
- աղմուկ ականջներում,
- ախորժակի կորուստ և այլն։
Այս ախտանշանները օրգանիզմի կողմից տրվող ազդակներ են, որոնք չարժե մատնել անուշադրության և զբաղվել ինքնաբուժությամբ․ վիտամին B 12-ի պաշարը լրացնելու ռազմավարությունը քննարկեք ձեր բժշկի հետ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ